«Օրվա թեման». Խաղ կրակի հետ. Ո՞վ է կրելու պատասխանատվությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Օրվա թեման». Խաղ կրակի հետ. Ո՞վ է կրելու պատասխանատվությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 20-05-2019 15:18:50   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Դատարանը չորս օր դռնբաց կարգով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը: Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագրով դատարան էին ներկայացել Արցախի նախկին և գործող նախագահներ՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։
 
Բոլոր այդ օրերին զգացվում էր մեծ լարվածություն․ մամուլում հրապարակվեցին նյութեր, որոնք վկայում էին, որ  Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավի միջև առկա են լուրջ տարաձայնություններ, ոմանք դա անվանեցին ճգնաժամ, ոմանք էլ համարեցին, որ փորձ է արվում Արցախը դարձնել հակահեղափոխության պլացդարմ: 
 
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. 
«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:  
 
Խնդրին անդրադարձ եղավ նաև Արցախից: Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը նույնպես ֆեյսբուքյան գրառում կատարեց։ Նա, մասնավորապես, նշեց. 
 
«Արցախ/ը ո՛չ հեղափոխական և ո՛չ էլ հակահեղափոխական կենտրոն է Հայաստանի Հանրապետության համար։ Մենք մեկ հայրենիք ենք, բայց երկու պետական կառույց ենք։ Արցախի ո՛չ ժողովուրդը և ո՛չ էլ իշխանությունը նպատակ չունեն միջամտելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։Նույն տեսլականը, համոզված եմ, ունեն Հայաստանի Հանրապետությունը և պաշտոնական Երևանը։  Մենք շատ լավ գիտենք՝ ինչ է նշանակում ամուր հասարակություն, գիտենք, որ եթե խարխլվի մեր միասնականությունը, խարխլվի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, սա միմիայն օգուտ է լինելու մեր հակառակորդին, սա կարող է բերել վատ հետևանքների»։
 
Համատեղ հայտարարությամբ հանդես եկան նաև Արցախյան մի շարք քաղաքական ուժեր՝ նշելով. 
 
«Վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով:
 
Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին զոհաբերելով ազգի սերուցքը, այնպես էլ միասնական պայքարելու է մինչև վերջնական հաղթանակի ազդարարումը: Չկա Արցախ առանց Հայաստանի, և չկա Հայաստան առանց Արցախի, կամ ինչպես քաջազուն Լեոնիդ Ազգալդյանը կասեր՝ սա Հայաստան է և վերջ: 
 
Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր անխոհեմ քայլ, ինչը վնաս է հասցնում մեր միասնականությանը, դատապարտում ենք Մայր Հայրենիքում մեծամասնության վստահությանը արժանացած վարչապետի հանդեպ հեգնանքի ու արհամարհանքի յուրաքանչյուր դրսևորում, դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ:
Եվ այսպես, ինչ է կատարվում  Հայաստան-Արցախ հարաբերություններում եւ ինչին այս ամենը կարող է հանգեցնել»։
 
Հիշեցնենք, որ Հայաստան-Արցախ հարաբերություններում հնարավոր լարվածության մասին  սկսեցին խոսել մայիսի 9-ից, երբ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ի պատասխան սահմանին հակառակորդի ակտիվացման մասին լրագրողի հարցին, ասել էր, որ այն պետք է ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս է Ադրբեջանի նախագահի հետ գտնվում «վերելակային բանակցությունների» մեջ:  
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Օրվա թեման