ՀԲԸՄ ղեկավարությունը ՀՀ վարչապետին համառոտ ներկայացրել է ընթացիկ ռազմավարական նպատակները
13-06-2019 14:19:51 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ի աջակցություն «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամի` իր պաշտոնական այցի շրջանակներում 2019թ. հունիսի 5-ին, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը կառավարության շենքում հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և գործադիր տնօրեն Դալար Կազանջյանի հետ միասին պրն. Սեդրակյանը ՀՀ վարչապետին և վերջինիս աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին համառոտ ներկայացրեց Արցախ կատարած հաջողված այցը, պատերազմից ծվատված երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու գործում կազմակերպության ռազմավարությունը, ինչպես նաև տեղեկացրեց Թավշյա հեղափոխությունից հետո դեռևս ժամանակավոր վարչապետ Փաշինյանի հետ առաջին հանդիպումից հետո ողջ Հայաստանում ՀԲԸՄ իրականացրած նախաձեռնությունների առաջընթացի մասին:
Այժմ՝ մեկ տարի անց, երբ Նոր Հայաստանի օրակարգը արդեն սեղանին է, կարելի է առավել խորքային և հստակ կերպով անդրադառնալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին՝ մտքում ունենալով այն ընկալումը, որ Հայաստանում ՀԲԸՄ-ի աշխատանքը ղեկավարվում է համոզումով, որ ամուր, աշխույժ, ժողովրդավարական Հայաստան ունենալը 21-րդ դարում հայկական ինքնությունը պահպանելու և ամրապնդելու գրավականն է:
Վարչապետ Փաշինյանը կառավարության անունից բարձր գնահատեց երկրում ՀԲԸՄ-ի ընդլայնվող ներկայությունը և տարբեր ուղղություններով մարդկանց հրատապ կարիքները հոգալու վերջինիս կարողությունը՝ ՀԲԸՄ ղեկավարությանը հավաստիացնելով, որ կառավարությունը ցանկանում է անհրաժեշտության դեպքում համագործակցել և օժանդակել կազմակերպության ռազմավարական նպատակներին հասնելու և ծրագրային կարիքները բավարարելու գործում:
Մեկ ժամ տևած հանդիպումից հետո պրն Սեդրակյանը նշեց, որ փոխգործակցության բազմաթիվ ոլորտներ կան՝ բերելով այնպիսի օրինակներ, ինչպիսիք են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը (W.E.), որն ուղղված է ֆինանսական անկախության միջոցով կանանց կարգավիճակը բարելավելուն, ինչպես նաև «ՔՀԿ կամուրջ» ծրագրի շրջանակներում գործադրվող ջանքերը՝ ուղղված Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Երկու ծրագրերն էլ իրագործվում են սփյուռքի մասնակցությամբ, որը ևս մեկ ուղղություն է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների՝ այնքան անհրաժեշտ վերադասավորման համար:
«Ցանկացած բան, որ ՀԲԸՄ-ն կարող է անել օգնելու Հայաստանի ժողովուրդին հաջողելու անձնական կյանքում որպես հսկայական մարդկային ներուժի տիրապետող երկրի քաղաքացիներ՝ թույլ կտա ապահովել ողջ Հայ ազգին դրական ուղղությամբ ընթանալ», - նկատեց Սեդրակյանը: «Այս օրերին այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չի՛ մնում Հայաստանում: Երկրի փորձություններն ու նվաճումները, վերջինիս զբաղեցրած տեղը աշխարհում, առանձնահատուկ և կենսունակ մշակույթ կրողի կերպարը այս կամ այն չափով նյութական կամ հոգեբանական ազդեցություն է ունենում աշխարհասփյուռ բոլոր հայերի վրա»:
Կողմերը համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակել բաց երկխոսությունը, որպեսզի ապահովվի ընդհանուր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ լավագույն արդյունքը: Երևանյան իր այցի ընթացքում պրն. Սեդրակյանը հանդիպեց նաև Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու իր պաշտոնական այցի հիմնական նպատակները: