Հարկադիր կատարողները բաց դաս-քննարկումներ են անցկացրել հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով


Հարկադիր կատարողները բաց դաս-քննարկումներ են անցկացրել հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով

  • 13-06-2019 16:49:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հունիսի 13-ին Դատական կատարողների միջազգային միությունը նշում է Հարկադիր կատարողի համաշխարհային օրը: Այս տարի Միության խորհրդի կողմից օրվա ընտրված խորագիրն է՝ «Հարկադիր կատարողը հանդիպում է երիտասարդությանը»: 
Միանալով ամբողջ աշխարհում հարկադիր կատարողի մասնագիտության խթանմանն ուղղված միջոցառումներին՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն օրվա խորագրին համաձայն կազմակերպել է բաց դաս-քննարկումներ բուհերի իրավաբանական ֆակուլտետների հետ համատեղ:
 
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված դաս-քննարկումը վարել է Ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնի պետ Լևոն Բալյանը, իսկ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում անցկացված դաս-քննարկումը՝ Ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը: Բանախոսներն ուսանողներին են ներկայացրել հարկադիր կատարողի մասնագիտության նրբությունները, հետաքրքրությունը, Հարկադիր կատարման ծառայության գործառույթները, դերն ու նշանակությունը պետական մարմինների համակարգում:
 
Անդրադառնալով օրվա խորագրին՝ ներկայացվել է նաև, որ Հարկադիր կատարման ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամի կարգավիճակ է ստացել 2015 թվականին ստորագրված հուշագրով: 
 
Դատական կատարողների միջազգային միությունը, լինելով միջազգային կառույց, ներկայացնում է իր անդամ երկրներին միջազգային տարբեր կազմակերպություններում ու կառույցներում՝ ապահովելով անդամ ու դիտորդ երկրների հարկադիր կատարման ծառայությունների փոխգործակցությունն ու հարկադիր կատարման ոլորտում ստորագրված միջազգային պայմանագրերի կիրարկումը: 
 
1952 թվականից ի վեր աշխարհում ներկայացնելով 90 երկիր՝ Միությունը խթանում է նոր գաղափարների, նախագծերի, նախաձեռնությունների և ծրագրերի ծնունդը՝ զարգացմանն ու հարկադիր կատարողի անկախ կարգավիճակի աճին զուգընթաց:
 
Հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով ուղերձ է հղել նաև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցը:
Հարկադիր կատարման ծառայությունը միանում է տոնին և ջերմորեն շնորհավորում իր բոլոր գործընկեր երկրների հարկադիր կատարման մարմինների աշխատակիցներին՝ մաղթելով գործնական հաջողություններ ու ձեռքբերումներ կյանքի բոլոր ոլորտներում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն