ՍԴ խայտառակ մերկությունը. ՌԴ դեսպանը լյուստրացիա է անում՝ բացահայտելով բոլորի դեմքը


ՍԴ խայտառակ մերկությունը. ՌԴ դեսպանը լյուստրացիա է անում՝ բացահայտելով բոլորի դեմքը

  • 29-06-2019 12:55:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը
 
Պարոն Շիրինյան, Ռուսաստանի դեսպան Կոպիրկինն ակտիվացել է, նախ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, ապա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, «Արցախ Հայաստան ռազմաքաղաքական դաշինքի» ներկայացուցիչների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում, որ ԱԳՆ-ի զգուշացումից հետո դեսպանը շարունակում է իր ակտիվ հանդիպումները։
 
 
Շատ վատ եմ վերաբերվում, բայց այդ ամենն օրենքի շրջանակում է, չենք կարող ասել՝ մի հանդիպիր։ Քանի որ իրադարձությունների ընթացքն իրենց ձեռքից գնում է, իրենք ցանկանում էին, որ Քոչարյանը չնստի, բայց չստացվեց, հիմա իրենք մոբիլիզացիոն վիճակ են առաջացնում, որովհետև ՀՀ իշխանություններն անկախության ամրապնդման ճանապարհով են գնում։ Մի բան էլ կա՝ ռուսներին հանձնված «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված չարաշահումներ կան, կողոպտել են, ներդրումներ չեն արել, քրեական գործ է հարուցվել։ Ու հիմա ռուսական կողմը մոբիլիզացիոն վիճակի փորձ է անում, փորձում է համախմբել նրանց, որոնց օգնությամբ Կարմիր բանակը նորից կգա։ Հուսանք, որ այս անգամ գոնե հայերը Միկոյան չեն լինի։ Այդ ուժերը պետք է մերժեին հանդիպումները։ Ինչո՞ւ է հանդիպում, ի՞նչ է քննարկում։ Հայաստանում պետության քրեաօլիգարխիկ համակարգի դեմ դանդաղ, ոչ բավարար գործընթաց է գնում, բայց անգամ դա իրենց բավարար չէ։ Ժամանակին գերմանական «Շպիգելում» ռուս վերլուծաբաններից մեկը հարցազրույց էր տվել, և հարցին, թե ինչպե՞ս եք պահելու մերձավոր արտասահմանը ձեր ազդեցության տակ, նա պատասխանել էր՝ մենք որոշել ենք կոռումպացնել այդ երկրների իշխանություններին, թաղել կոռուպցիայի ճահիճի մեջ։ Այսօր մենք դա տեսնում ենք։ Հիմա էլ այդպիսի ուժերին ռուսները սատարում են։ Վրաստանում մի փոքր այլ էր, այդ երկրի թիկունքին Ամերիկան էր կանգնած, իսկ Հայաստանի թիկունքում միայն հայ ժողովուրդն է։ Ամեն դեպքում քրեաօլիգարխայի պարագլուխներին քրեականացնելու գործը 100 տոկոսով գնում է։
 
Պատահակա՞ն է, որ հենց ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ներկայացուցիչներն են հանդիպում ՌԴ դեսպանի հետ։  
 
Այդ ուժերը կոռուպցիայի հիմնական օղակներից մեկն են եղել։ Վերցրեք դաշնակցական ցանկացած նախարարի կամ բյուրոյի անդամի ունեցվածք և կտեսնեք, որ իհարկե, ՀՀԿ-ականներին չեն հասնի, բայց պակաս էլ չեն։ Իսկ իրենց շարքերին հայրենասիրական երգերով են կերակրում։ Ու հիմա ռուսները կոնսոլիդացնում են այն ուժերին, որոնք իրենց դրածոն էին, իրենց կամքն էին կատարում։ Հայաստանի իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, բայց ռուսներին դաշնակից պետք չէ, նրանք հպատակ է պետք, որ նստեն ու քշեն։ Մենք պետք է ռուսների հետ գործընկեր լինենք, ու այս պահին ՀՀ իշխանությունն այդ գիծն է տանում։ Մենք միայն կարող ենք գործընկեր լինել։ Հայ-ռուսական հարաբերություններում մեծ եղբայրը մենք ենք, իրենք խոշոր եղբայրն են։ Մեծ լինելը մշակույթով ու պատմությամբ է չափվում, ոչ թե երկրի չափերով։ Իրենք պարտավոր են մեծ եղբոր շահերը հարգել։
 
Հետաքրքիր է, որ այդ հանդիպումներին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն է անդրադարձել։ Ինչո՞ւ է Բաքուն անհանգստացած այս հանդիպումներից։
 
Պարզ է, ուզում են փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, որովհետև իրենք միշտ արտոնյալ են եղել։ Ռուսը Կովկաս մտել է եւ ոչ բարեկամ հային զսպել է թաթարի միջոցով։ Դրա համար Խորհրդային Միությունում Ադրբեջանը արտոնյալ է եղել, Վրաստանը արտոնյալ է եղել Հայաստանի հաշվին։ Հիմա կոորդինատները փոխվում են։ Եթե ՀՀ իշխանությանը հաջողվի լինել ավելի պինդ, ավելի խելացի, ավելի որակյալ, կարող ենք իրավիճակը փոխել, և թուրքերը ստիպված կլինեն ավելի շատ խոսել հայ-ռուսական հարաբերություններում ճեղքեր գտնելու համար։ Հիմա ունենք մի վիճակ, երբ նախկին կոալիցիոն ուժերը, Ադրբեջանը և ռուսական որոշակի շրջանակներ հայտնվում են մի կողմում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Նրանք ակնհայտ դաշնակիցներ են Հայաստանի դեմ։
 
Փաստորեն ԱԳՆ-ի զգուշացումը բավարար չեղա՞վ ՌԴ դեսպանի համար։
 
Բավարար չէ, որովհետև չի կարողանում ազդել գործընթացների վրա։ Մեզ մոտ շատ էին խոսում լյուստրացիայի անհրաժեշտության մասին, ու հիմա Ռուսաստանի դեսպանը լյուստրացիա է անում՝ բացահայտելով բոլորի դեմքը։ Հիմա նախկինների պարագլուխների քրեականացման գործընթացը գնում է։ Ասում են՝ էլիտա, բայց այնտեղ էլիտա չկա, գողական աշխարհը վերև էր բարձրացել։ Ռոբերտ Քոչարյանը կրակված փամփուշտ է։ Մանավանդ ՍԴ-ի խայտառակ մերկությունն էլ ցույց տրվեց։ Խայտառակ, որովհետև պետության հավասարակշռող մարմինը, որը բացառիկ պատասխանատվություն ունի ժողովրդավարական հասարակության մեջ, եղել է գողապետության շարքային կցորդը։ Նրանք ծածկել են «մարտի 1»-ը իրենց ստորագրություններով։ Նրանց սխեման շատ պարզ էր՝ Քոչարյանի գործը ուղարկել Սահմանադրական դատարան, որտեղ այդ անհեթեթ անձեռնմխելիության հոդվածը մանիպուլյացիով կիրառել և փրկել Քոչարյանին։ Այդ պարագայում Սերժ Սարգսյանի հարցում էլ ո՞վ առաջ կգնա, որովհետև նույնն է լինելու։
 
Բայց պարզվեց, որ Սահմանադրական դատարանը լրիվ մերկ է։ Դա քրեական պետությանը սպասարկող օղակ է այդ գեղեցիկ անվան տակ։ Հիմա պետք է խելք և կորով, որ փլեցնեն այդ կառույցը։ Դրա երկրորդ փուլը երևի սկսեն Քոչարյանի կալանավորումից հետո։ Հետո հարց է առաջանալու, թե ում համար է Քոչարյանն արել «մարտի 1»-ը, արել է Սերժ Սարգսյանի համար, երաշխիք է տվել, որ ինչ ուզում է լինի, դու անձեռնմխելի ես։
 
Բայց ամեն ինչ գնում է ճիշտ հունով։ Իշխանությունը, ճիշտ է, ահավոր սխալներ էլ ունի, բայց դա մեր  իշխանությունն է, և վարչապետը պետք է պաշտպանվի հասարակության կողմից։ Իհարկե, պետք է քննադատել իշխանություններին, բայց ոչ ոչնչացնելու համար, ինչպես դա անում է նախկինների շարասյունը։ Պետք է իշխանություններին պարտադրել, որ ժողովրդին տված իր խոստումները կատարի, միաժամանակ ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը։ Իհարկե, ռուսները փորձելու են խանգարել, որովհետև ռուսի համար անկախ Հայաստանը մահացու է։
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ