Սինոփսիսը հետևողականորեն շարունակում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աշխատաշուկան համալրել արտադրությանը պատրաստ մասնագետներով


Սինոփսիսը հետևողականորեն շարունակում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աշխատաշուկան համալրել արտադրությանը պատրաստ մասնագետներով

  • 10-07-2019 13:36:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Որակավորման հավաստագրեր ստացան Սինոփսիսի «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելով 2019թ․-ին իրենց ուսումնառությունն ավարտած ևս 116 շրջանավարտներ
 
ԵՐԵՎԱՆ, Հայաստան, հուլիսի 9, 2019թ․ - Սինոփսիս Արմենիա ընկերությունն այսօր հանդիսավոր արարողության ժամանակ որակավորման հավաստագրեր շնորհեց իր գործընկեր համալսարաններից «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելով 2019թ․-ին իրենց ուսումնառությունը հաջողությամբ ավարտած 116  շրջանավարտների՝ 64  բակալավրի և 52 մագիստրոսի, որոնցից 91-ը (78%-ը) արդեն աշխատում են Սինոփսիսի ճարտարագիտական բաժանմունքներում։ Ուշագրավ է, որ 116 շրջանավարտներից 56-ը (48%-ը) իգական սեռի ներկայացուցիչներ են։
 
2004թ․-ին սկսելով «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելի իրականացումը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հետ՝ Սինոփսիսը շարունակաբար ընդլայնել և հարստացրել է այդ հաջող փորձը Հայաստանի այլ առաջատար բուհերի հետ՝ 2005-ին հիմնելով համագործակցությունը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), 2007-ին՝ Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) և 2011-ին՝ Եվրոպական համալսարանի (ԵՀ) հետ։ Այս տասնհինգ տարիների ընթացքում Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտն ավարտել են 948 կիսահաղորդչային արդյունաբերության ժամանակակից պահանջներին  բավարարող արտադրությանը պատրաստ շրջանավարտներ՝ համալրելով ինտեգրալ սխեմաների (IC) նախագծման և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտի աշխատաշուկան: 
 
««Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելը, որը լավագույնս զուգակցում է ակադեմիական կրթության և բիզնես միջավայրի առավելությունները, մեզ հնարավորություն է տալիս պատրաստել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ», - ասում է Սինոփսիս Արմենիայի Նախագահ Դր․ Երվանդ Զորյանը։ «Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտը շարունակաբար զարգացնում է իր տեխնիկական ենթակառուցվածքն ու գիտակրթական միջավայրը։ Դեպարտամենտի արձանագրած արդյունքներն ինքնին խոսուն են․ այս տարիների ընթացքում դեպարտամենտում իրականացվել և հաջողությամբ պաշտպանվել են 69 թեկնածուական ատենախոսություններ, հրատարակվել են 11 մենագրություններ, լույս են տեսել և ներկայացվել 310 գիտական հոդվածներ և 170 զեկույցներ»։
 
Մատենադարանի վեհաշուք դահլիճում հանդիսավոր պայմաններում Սինոփսիսի ավարտական հավաստագրեր ստացան ՀԱՊՀ 75 (50 բակալավր և 25 մագիստրոս), ԵՊՀ 17 (9 բակալավր և 8 մագիստրոս), ԵՀ 12 մագիստրոս և ՀՌՀ 12 (5 բակալավր և 7 մագիստրոս) շրջանավարտներ։ Շնորհավորելով նրանց՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Պրոֆ․ Վազգեն Մելիքյանը նշեց․ «Ուրախ եմ տեսնել, որ ձեզնից շատերն արդեն աշխատում են մասնագիտությամբ, և հատկապես ոգևորիչ է, որ դուք հենց առաջին օրվանից կարողանում եք ձեր աշխատատեղում արդյունավետ լինել»։ Անդրադառնալով «Բուհ-Արդյունաբերություն» կրթական մոդելին, նա ավելացրեց, - «Մեր գործընկեր համալսարանների հետ իրականացվող կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին հասանելի են Սինոփսիսի Էլեկտրոնային ավտոմատացված նախագծման գերժամանակակից ծրագրային փաթեթներն ու համաշխարհային հեղինակավոր համալսարանների կողմից ճանաչված և օգտագործվող համապարփակ ուսումնական նյութերը։ Ի լրումն, Սինոփսիսը նաև տրամադրում է 90, 32/28 և արդեն նաև 14 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման հավաքածուներ (EDK, iPDK), ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ուսումնական միջավայրում ձեռք բերել գերժամանակակից ինտեգրալ սխեմաների նախագծման հմտություններ»: 
 
Սինոփսիսում կարևոր ձեռբերում են համարում նաև այն, որ Ուսումնական դեպարտամենտի շրջանավարտներից ոմանք աշխատանքին զուգահեռ նաև դասավանդում են ուսումնական դեպարտամենտում՝ համալրելով դասախոսական շարքերը։ Այսօր, ուսումնական դեպարտամենտի 50 դասախոսներից 22-ը Սինոփսիս Արմենիայի առաջատար ճարտարագետներն են։ 
 
 
ԵՊՀ Մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Գեղամ Պետրոսյանը, որն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է Սինոփսիս Արմենիայի Անալոգային նախագծման բաժանմունքում, ասում է․ - «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սինոփսիս Արմենիա ընկերությանը, որին հաջողվել է մեկ հարկի տակ ձևավորել որակյալ կրթություն ու խիստ արդիական գործնական հմտություններ ստանալու բարենպաստ միջավայր ՀՀ տարբեր բուհերի առաջատար ուսանողների համար , ինչի արդյունքում շատերս հնարավորություն ենք ստացել մեր իսկ մասնագիտությամբ աշխատանքի անցնել  ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկում»։
 
«Գործընկեր համալսարանների հետ իրականացվող կրթական ծրագիրը ներառում է և՛ բակալավրական, և՛ մագիստրոսական, և՛ ասպիրանտական ուսուցման ծրագրերը, որոնք հաջողությամբ ավարտելուց հետո շրջանավարտները տվյալ համալսարանի ավարտական դիպլոմի հետ մեկտեղ ստանում են Սինոփսիսի որակավորման հավաստագիր, որը վկայում է ժամանակակից արտադրական նախագծերի մեջ նրանց ներգրավման շնորհիվ ձեռք բերած գործնական հմտությունների մասին և հնարավորություն է տալիս աշխատանքի տեղավորվել թե՛ Սինոփսիսում, և թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող այլ ընկերություններում», - ասում է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
 
Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին
Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS) առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ (Silicon to Software™) գործընկերն է: Որպես աշխարհի ծրագրային ապահովման 15-րդ խոշորագույն ընկերություն՝ Սինոփսիսն ունի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) համաշխարհային շուկայում առաջատար լինելու երկարատև պատմություն, միևնույն ժամանակ ընդլայնելով  ծրագրային անվտանգության և որակի ստուգման լուծումների ոլորտում իր առաջատարությունը : Թե՛ գերժամանակակից կիսահաղորդիչներ ստեղծող ինտեգրալ սխեմաների նախագծողների, և թե՛ ամենաբարձր անվտանգություն և որակ պահանջող կիրառական ծրագրեր ստեղծող ծրագրավորողների համար Սինոփսիսն ունի անհրաժեշտ լուծումները նորարարական, բարձրորակ ու անվտանգ արտադրանք տալու համար: Ավելին՝ www.synopsys.com կայքում:
 
Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝  էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով ավելի քան 700 որակյալ հայ մասնագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթության համակարգում։ ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու նպատակով ընկերությունն իրականացնում և հովանավորում է տարբեր ծրագրեր և մրցույթներ: Սինոփսիս Արմենիայի ներդրումները միայն ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010 թ․-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնես իրականացնելու համար: Սինոփսիս Արմենիան տեղակայված է Երևանում։ Ավելին՝ www.synopsys.am կայքում:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ