Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանին


Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանին

  • 12-07-2019 17:00:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և​ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար​ Կոնստանտին Օրբելյանին:
 
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանին՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցած մենահամերգի առիթով, որը նվիրված էր երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Նախագահն ընդգծել է, որ հաճախ է հանդիպել Գեղամ Գրիգորյանին, ում հետ ունեցել է անձնական բարեկամություն, և ում մեծ արվեստն ու վաստակը գնահատված են ոչ միայն Հայաստանի և հայերի, այլև համաշխարհային հանրության կողմից:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հասմիկ Գրիգորյանը նշել է, որ իր մասնագիտական ընտրության և որպես երգիչ կայացման գործում մեծ է եղել Գեղամ Գրիգորյանի ներդրումը: Երգչուհին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերն ու անելիքները:
 
Զրուցակիցները խոսել են երգչուհու մասնակցությամբ Հայաստանում նոր համերգների հնարավորության մասին: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն