Պետք է մեծացնել Իրանից եկող գազի ծավալները


Պետք է մեծացնել Իրանից եկող գազի ծավալները

  • 15-07-2019 14:39:33   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է իրանագետ Արմեն Վարդանյանը
 
Հայաստանը բանակցում է Իրանի հետ ներքին սպառման գազ ստանալու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս բանակցությունները, մենք արագ կտեսնե՞նք այս բանակցությունների արդյունքները, թե՞ սովորության համաձայն որոշակի ժամանակ կձգձգվի գործընթացը։
 
 
Մի փոքր դժվար է ասել այս անգամ կհաջողվի վերջնականապես հաջողության հասնել թե՞ ոչ, որովհետև վաղուց կան այս խոսակցությունները, որ Իրանն ու Հայաստանը ցանկանում են ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները՝ հատկապես, որ Իրան-Հայաստան գազամուղն օգտագործվում է իր հնարավորությունների 20 տոկոսի չափով։ Նախկինում մշտապես ինչ-ինչ խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես, նախկինում խոսվում էր «սվոփ» համակարգի միջոցով թուրքմենական գազի ներկրման մասին։ Իսկ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը հաջողությամբ մի քանի տարի գործել է, և կողմերը գոհ են եղել։ Կարծում եմ՝ այդտեղ խնդիրներ չպետք է լինեն, քանի որ ի տարբերություն «սվոփ» համակարգի սա ավելի հավանական ու իրատեսական ծրագիր է։
 
Վերջին շրջանում Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցության մասին է խոսվում։ Որքանո՞վ կարող է այդ ձևաչափով համագործակցությունը կենսական լինել այս փուլում։
 
Դա անհամեմատ ավելի բարդ ծրագիր է, քանի որ այստեղ ներգրավված են 3-4 կողմեր, այդ թվում` Ռուսաստանը։ Վրաստանի մասով այնքան էլ չի կարելի վստահ լինել, արդյոք իսկապես այդ երկիրը ցանկանում է գազ ներկրել Իրանից, թե՞ ոչ՝ հաշվի առնելով այն, որ նախկինում մի քանի անգամ վրացական կողմը ցանկություն է հայտնել Իրանից գազ ներմուծել, բայց բանը գործնական քայլերի չի հասել։ Ըստ էության, նախկինում վրացական իշխանությունները փորձել են Իրանի միջոցով շանտաժի ենթարկել ադրբեջանական «Սոքար»-ին, որպեսզի վերջինս ավելի ճկուն գնային քաղաքականություն վարի, ավելի էժան գազ մատակարարի Վրաստանին, և երբ վրացական կողմը հասավ նրան, որ ադրբեջանական «Սոքար»-ը նվազեցրեց գազի գինը Վրաստանի համար, Իրանից գազ գնելու խոսակցությունները դադարեցին։
 
Այժմ էլ այդ հարցով ես շատ լավատես չեմ, բայց  այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք, որ Վրաստանում գազի ներկրման 90 տոկոսը պատկանում է ադրբեջանական «Սոքար»-ին և դա էներգետիկ անվտանգության տեսանկյունից խնդիր է Վրաստանի համար, և փորձագետներն էլ են նշում, որ պետք է դիվերսիֆիկացվի գազի ոլորտը՝ ի հաշիվ այլ երկրներից գնումների, ապա տեսականորեն, այո՛, հնարավոր է Իրանից գազ գնելու տարբերակի իրագործումը։
 
Մենք գիտենք, որ «Գազպրոմ Արմենիայի» ներքին միջոցների հաշվին գազի սակագինը չի բարձրացել հայ սպառողի համար, բայց Մհեր Գրիգորյանը նշեց, որ այդ իրավիճակը երկար չի կարող շարունակվել։ Եթե Հայաստանը փորձի դիվերսիֆիկացնել գազի իր շուկան, դա ի՞նչ հնարավորություններ կստեղծի։ Օրինակ, հնարավո՞ր է, որ ռուսական կողմը վերանայի իր գնային քաղաքականությունը։
 
Ես կարծում եմ, որ հայկական կողմը իր հայտարարություններն անելուց առաջ դրանք համաձայնեցնում է ռուսական կողմի հետ և այս դեպքում էլ նա ստացել է ռուսական կողմի համաձայնությունը։ Ամեն դեպքում պետք է հիշել, որ Իրան-Հայաստան գազամուղը պատկանում է ռուսական «Գազպրոմին» և այն ավելի եկամտաբեր դարձնելու համար պետք է գազի ծավալներն աճեն։ Սա մեծ հաշվով Ռուսաստանին սպառնալիք չէ, քանի որ այդ գազը միայն Հայաստանի ներքին կարիքների համար է, այն չի կարող փոխադրվել այլ երկրներ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը դեմ չի լինի, որ Հայաստանն էլ ավելի մեծացնի իրանական գազի ներկրումը, մանավանդ որ ռուսական կողմն էլ այս ծրագրից դիվիդենտներ կստանա:
 
Հայաստանի էներգետիկ համակարգում վերջին մեծ վթարից հետո շատերը կապ տեսան այդ վթարի և Մհեր Գրիգորյանի՝ Իրանից գազ գնելու հնարավորությունների մասին հայտարարությունների միջև։ Որքանո՞վ են հիմնավոր նման դիտարկումները։
 
Ես չեմ ուզում նման դավադրապաշտական տեսությունների հետևից ընկնել։ Կարծում եմ՝ վթարի պատճառը տեխնիկական էր, և մոտ ժամանակներս էլ ԱԱԾ-ն պետք է այդ հարցի հետ կապված զեկույց հրապարակի։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ պետք է մեծացնել Իրանից եկող գազի ծավալները։ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր էներգետիկան։ Պետք է նաև հաշվի առնել, որ ռուսական գազը գալիս է հարևան Վրաստանի տարածքով, իսկ այնտեղ իրավիճակն անկայուն է, վրաց-ռուսական հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվում են, կողմերը փոխադարձ պատժամիջոցներ են կիրառում միմյանց նկատմամբ և չի բացառվում, որ կարող է Վրաստանի տարածքում էլ խնդիրներ ծագեն։ Դրա համար պետք է Հայաստանը դիվերսիֆիկացնի իր էներգետիկ համակարգը։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play