Նախագահի եւ վարչապետի պատասխանը Վենետիկին. նոր կատալիզատոր
16-07-2019 13:19:29 | Հայաստան | Վերլուծություն
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկրի զարգացմանն առնչվող ընթացիկ հարցեր: Այդ մասին հայտնում է նախագահի նստավայրի պաշտոնական հաղորդագրությունը, առանց մանրամասների:
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն ունեն անկասկած քննարկելու շատ բան, սակայն նրանց աշխատանքային հանդիպման հատկանշական ֆոն է Վենետիկի հանձնաժողովից «ստացված» եւ տարածված տեղեկությունը, որ նախօրեին ամբողջ օրը ինտենսիվ տարածում էին նախկին իշխանության շրջանակներ: Նրանք ազդարարում էին, որ Վենետիկի հանձնաժողովը քննադատել է դատական ռեֆորմի եւ ՍԴ շուրջ իշխանության քայլերը:
Իրականում, խոսքն իհարկե Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին չէ, այլ նախնական փաստաթղթային դիտարկումների կամ այլ կերպ ասած իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության եւ ընդհանուր գնահատականների: Սակայն, մյուս կողմից, ակնառու է, որ նախորդ իշխանությունն իրեն բնորոշ քարոզչական հնարամտությամբ կարողացել է հանգամանքը օգտագործել անհրաժեշտ տպավորություն ստեղծելու համար:
Դրան անդրադարձել էր Արդարադատության նախարարությունը, որի պատասխան-պարզաբանումից սակայն ամենատպավորիչը այն էր, որ թեմայի առնչությամբ հայտարարություն կանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ահա այդ համատեքստում էլ ուշագրավ է, որ հայտարարությունից առաջ տեղի է ունենում Փաշինյան-Սարգսյան աշխատանքային հանդիպում, որի շրջանակում թերեւս անկասկած շոշափվել են թեման եւ անելիքները: Բանն այն է, որ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակում վարչապետն ու նախագահը գործակցված են աշխատել ամենասկզբից, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին Ընդհանուր իրավասության դատարանի վճռից, որը փաստորեն եղավ դեպքերի սրընթաց զարգացման կատալիզատոր:
Մայիսի 18-ին, երբ դատարանը պետք է կարդար ազատ արձակման վճիռը, ինչը սակայն արդեն երեւի թե բոլորին էր հայտնի, տարածվեց տեղեկություն, որ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել այն ժամանակ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որի ընթացքում քննարկվել էին ընթացիկ իրավիճակի հետ կապված հարցեր: Հատկապես հետաքրքիր էր այն, որ այդ ժամանակ նախագահ Սարգսյանը տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով գտնվում էր Ղազախստանում եւ Գագիկ Հարությունյանի հետ նա խոսել էր Ղազախստանից:
Դրանից երկու օր անց եղավ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը՝ մայիսի 20-ին, դատարանների, նաեւ ապրիլյան քառօրյայի ու Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ: Դա էլ իր հերթին վկայում էր, որ խնդիրը իրականում մեկնարկում է դատարանից, սակայն ներառում է քաղաքական ներքին եւ ընդհուպ արտաքին, անվտանգային հարցերի լայն շրջանակ:
Դրան հաջորդեցին արդեն զարգացումը ՍԴ շուրջ, ՌԴ դեսպանի հանդիպումները, ապրիլյան քառօրյայի հանձնաժողովի ստեղծումը: Վահե Գրիգորյանին առաջադրելու համար նախկին համակարգի ուժգին քննադատության ենթարկվեց Արմեն Սարգսյանը: Այժմ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր հայտարարության, որը կարող է լինել մայիսի 20-ի ելույթի շարունակությունը կամ այսպես ասած եզրափակումը: Այդ իմաստով հատկանշական է, որ դրանից առաջ տեղի է ունենում նախագահ-վարչապետ հանդիպում, որովհետեւ գործնականում այդ տանդեմի աշխատանքն է ապահովում քաղաքական հավասարակշռությունը՝ քաղաքական համակարգի դե ֆակտո բացակայության պայմաններում:
Նախագահ-վարչապետ հանդիպումը ստացվում է Վենետիկին պատասխանի նախապատրաստություն, սակայն մյուս կողմից մեծ է հավանականությունը, որ Վենետիկի հանձնաժողովից տեղեկատվության արտահոսքն էլ գործնականում հավասարազոր մի դետալ-կատալիզատոր է, ինչպիսին էր Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ հայտնվելը:
Բանն այն է, որ հանձնաժողովից «ստացված» տեղեկատվության վերաբերյալ Հայաստանի վարչապետի խոսնակը հայտարարել է, որ դեռ պետք է հասկանալ ինչպես է կատարվել հանձնաժողովի ներքին փաստաթղթի այդ արտահոսքը: Այլ կերպ ասած, Հայաստանի նոր իշխանությունը փաստորեն ստացել է առիթ Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերության նոր շեշտադրումների համար, ինչը միաժամանակ էլ օբյեկտիվ անհրաժեշտություն է, հաշվի առնելով Հայաստանում իշխանության հեղափոխական փոփոխությունը: