Թուրքիայի կրակոցը Նախիջեւանից. Մոսկվայի փոխարեն կպատասխանի ԱՄՆ-ն


Թուրքիայի կրակոցը Նախիջեւանից. Մոսկվայի փոխարեն կպատասխանի ԱՄՆ-ն

  • 17-07-2019 16:15:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Նախիջեւանից Ադրբեջանը կրակոցներ է արձակել Ելփին գյուղի ուղղությամբ, որը դիպել է տներից մեկի տանիքին: Տուժած կամ վիրավոր չկա: Ելփինի գյուղապետը հայտնել է, որ ադրբեջանցիները կրակում են արդեն մի քանի օր է, ինչի նպատակը ցորենի արտերը այրելն է: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հայկական կողմը պատասխան կրակոցով լռեցրել է հակառակորդին:
 
Նախիջեւանից հայկական գյուղի ուղղությամբ կրակոցը տեղի է ունենում Թուրքիա ռուսական C 400 հրթիռային համակարգերի մատակարարման ֆոնին: Մոսկվան մատակարարել է առաջին համալիրը: Ռուս-թուրքական այդ գործարքը արտացոլում է ռեգիոնալ անվտանգության համակարգի բազմաշերտ եւ բարդ տրանսֆորմացիայի գործընթացը, որը ընդհանուր առմամբ իր նոր փուլով ծավալվում է միջազգային անվտանգության համակարգի տրանսֆորմացիայի շրջանակում:
 
Կովկասի ռեգիոնալ անվտանգության ռազմա-քաղաքական համակարգի առանցքային վերափոխումը Արցախի պատերազմի հաղթանակն ու ստատուս-քվոն է, որը նոր փուլում հայտնվեց ռուս-վրացական պատերազմի հետեւանքով: Հատկանշական է, որ հենց դրանից հետո սկսեց խորանալ ռուս-թուրքական մերձեցումը, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան ռուս-վրացական պատերազմում ռազմավարական իմաստով պարտվել էին Արեւմուտքին՝ Ռուսաստանը այդ պահին, այսպես ասած «կանխիկ», իսկ Թուրքիան՝ «ավանսով» պարտության ռեժիմում:
 
Հատկանշական է, որ դրանից հետո Մոսկվան ու Անկարան ջանքը կենտրոնացրին նոր ռազմա-քաղաքական անվտանգային համակարգի առանցքի՝ արցախյան հարցի ուղղությամբ, ստատուս-քվոն փոխելու եւ այդ միջոցով Վրաստանում կրած պարտությունը շրջելու համար: Երկարատեւ այդ ջանքը ունեցավ էական վայրիվերումներ, ի վերջո տապալվելով 2016 թվականի ապրիլյան քառօրյայում:
 
Դրանից հետո ձեւավորվեց սկզբունքորեն նոր իրավիճակ, որտեղ ռուս-թուրքական մերձեցումը ստացավ երկրորդ շերտ՝ Ռուսաստանում հասկացան, որ այդ մերձեցման միջոցով ոչ միայն հնարավոր չէ փոխել ռազմավարական պարտության ռեժիմը, այլ հակառակը՝ այն ավելի է խորանալու: 2016 թվականի ապրիլյան քառօրյան ռուս-թուրքական մերձեցումը կամ բարեկամությունը դարձրեց «ոխերիմ բարեկամություն»:
 
Գործնականում բացվեց մի խաղ, որտեղ հստակ էր, որ այդ բարեկամության «ենթագիտակցական» նպատակը եղել է, կա ու լինելու է միմյանց գցելը: Հենց այդ հանգամանքը նաեւ շոշափելի դեր խաղաց, որպեսզի Թուրքիան, չնայած Արեւմուտքի սպառնալիքներին, չհրաժարվի Ռուսաստանի հետ գործարքից, այսպես ասած «առաջին գցողը» չլինելու համար:
 
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն էլ «առաջին գցող» չլինելու համար իր հերթին որեւէ կերպ չարձագանքեց Նախիջեւանում թուրքական մկանների ցուցադրությանը:
 
Այլ կերպ ասած, ռուս-թուրքական խաղը գործնականում դարձել է խաղ «զրոյական խաղադրույքով»: Նախիջեւանից արձակվող կրակոցները սկզբունքորեն տարբեր են, քան հայ-ադրբեջանական սահմանի որեւէ այլ կետից կամ ուղղությունից արձակվողները: Դրանք ուղղակի իմաստով Թուրքիայի կրակոցներ են Ռուսաստանի վրա: Ռուսաստանն ունի՞ պատասխան, թե՞ Ռուսաստանի փոխարեն Թուրքիային պատասխանելն այլեւս ԱՄՆ մենաշնորհն է, իսկ Ռուսաստանն ընդամենը ստեղծում է առիթը:
 
Ի դեպ, հատկանշական է, որ նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանին եւ քննարկել ռազմական ոլորտում հայ-ամերիկյան գործակցության հարցեր:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն