Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը


Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը

  • 22-07-2019 12:29:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Այսօր Երեւանում մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային եւ ներզատաբանությանը: Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ՝ ՀԱՆ), ՀՀ առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (Դանիա), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի եւ Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ ընդգրկուն ծրագիր էր պատրաստել՝  ներկայացնելու եւ քննարկելու ակնաբուժությանը եւ հարակից ոլորտներին առնչվող տեղական եւ միջազգային ժամանակակից փորձը: Համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել շուրջ երեք հարյուր մասնագետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից եւ Կենտրոնական Ասիայից:
 
Երկօրյա համաժողովի լիագումար նիստին հանդես եկան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարի  տեղակալ Անահիտ Ավանեսյանը եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին: «Ուրախ եմ, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործընկերների հետ գրեթե 20 տարի Հայաստանում կազմակերպում է միջազգային համաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում բազմաթիվ մասնագետների տեղական եւ համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր հիվանդանոցներից եւ համալսարաններից, - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը: Ծրագիրն Աչքի շարժական հիվանդանոցի, մարզային ակնաբուժական կենտրոնների, մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի եւ այլ նախաձեռնությունների միջոցով  ոչ միայն նպաստում է Հայաստանում ակնաբուժության զարգացմանը, այլ նաեւ բերրի հող է ստեղծում առողջապահության այլ ոլորտներում նման ծրագրերի ստեղծման համար»: 
 
«27 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է մեր ականավոր հայրենակից եւ բժիկ Ռոջեր Օհանեսյանի հիմնադրած «Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը, - ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Կատարված տասնյակ հազարավոր հետազոտությունները, ախտորոշիչ ու բուժական միջամտությունները եւ վիրահատությունները, այդ թվում՝ վիտրեոռետինալ վիրահատությունների ներմուծումը Հայաստան, անգնահատելի մասնագիտական ու տեխնիկական օժանդակություն է, իրականացվել են նաև կրթական միջոցառումներ: Մի խոսքով` անտրտունջ աշխատանք՝ ի փառս մայր Հայրենիքի»:
 
Համաժողովի լիագումար նիստը նվիրված էր Հայկական ակնաբուժության բժիշկ Ռոջեր Օհանախագծի եւ գործընկերների կողմից իրականացվող ծրագրի արդյունքների ամփոփմանը, առողջապահական կառավարման համակարգերի՝ մասնավորապես, «Ավետիս» ծրագրի ներկայացմանը, ինչպես նաեւ Հայաստանում ակնաբուժության ոլորտի վերջին զարգացումներին: Հաջորդող երկու համաժամանակյա թեմատիկ նիստերը  նվիրված էին ակնաբուժությանը՝  եղջերաթաղանթի ախտահարումներին եւ անհասության ռետինոպաթիային, եւ նեոնատոլոգիայի  ոլորտի զարգացումներին:
 
Վաղը կշարունակվեն համաժողովի աշխատանքները՝ համաժամանակյա նիստերում քննարկելու ընդհանուր ակնաբուժությանը եւ ներզատաբանությանը վերաբերող հարցեր: Ընդհանուր ակնաբուժության նիստի թեմաները կներկայացնեն օկուլոպլաստիկային, նեյրո-օրբիտալ եւ ցանցաթաղանթի ախտահարումներին, գլաուկոմային եւ ռեֆրակտիվ վիրաբուժությանը վերաբերող թեմաներ, իսկ ներզատաբանության նիստին կքննարկվեն I եւ II տիպի շաքարային դիաբետով հիվանդների վարման առանձնահատկությունները եւ շաքարային դիաբետի վարման տեխնոլոգիական առաջադեմ լուծումները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն