Տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» և «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացումը


Տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» և «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացումը

  • 22-07-2019 13:03:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 21-ին Holiday Inn Express Yerevan հյուրանոցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների» և «Սփյուռքի ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի ղեկավարների» վերապատրաստման դասընթացների բացման արարողությունը:
 
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ողջույնի խոսքը փոխանցեց հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը: «Ձեր կատարած աշխատանքի հաջողությունից է կախված օտար երկրներում ապրող հայ մարդու, մանավանդ՝ երիտասարդների մեջ ազգային ինքնագիտակցության, նկարագրի ու մշակույթի պահպանումն ու ամրապնդումը, տեղի համայնքների կյանքում հնարավորինս մեծ թվով հայերի ընդգրկումը, համահայկական ներուժի և միասնական ազգային օրակարգի ձևավորումը»,-նշված էր Զարեհ Սինանյանի խոսքում: Գլխավոր հանձնակատարը կարևորել էր նաև այն հանգամանքը, որ առաջիկա օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ամբողջությամբ լինել հայախոս միջավայրում, շփվել հայերենով, ծանոթանալ և հաղորդակից լինել Հայաստանի հասարակական ու մշակութային իրողություններին: 
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին Հայաստանում գտնվելու առթիվ. «Կարծում եմ՝ Հայաստանում լինելն ամենամեծ բերկրանքն է յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ անկյունում էլ նա ապրելիս լինի: Ես վստահ եմ, որ այս առիթը, որով դուք ժամանել եք հայրենիք, շատ արդյունավետ կօգտագործեք»:
 
Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հույս հայտնեց, որ սփյուռքահայ երիտասարդներն իրենց հետ մի կտոր հայրենիք կտանեն համայնքներ և կփոխանցեն նաև մյուսներին: Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերադառնալ արմատներին:
 
Պաշտոնական մասին հաջորդեց «Նյուանս» ջազ-բենդի ելույթը:
 
Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացին մասնակցում է 24 երիտասարդ Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ազգային պարի ուսուցիչների և երգչախմբերի խմբավարների դասընթացին` 20 սփյուռքահայ Իրաքից, Իրանից, Հունաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: 
Վերապատրաստման դասընթացների գործընկերներն են Երևանի պետական համալսարանը, Պետական կառավարման ակադեմիան և World Vision կազմակերպությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն