Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը


Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը

  • 22-07-2019 18:33:03   | Հայաստան  |  Հասարակություն

Ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը նվիրված 17-րդ միջազգային համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել շուրջ երեք հարյուր մասնագետի Հայաստանից, ԱՊՀ երկրներից և Կենտրոնական Ասիայից: Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ), առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (Դանիա), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ ընդգրկուն ծրագիր էր պատրաստել, որի շրջանակում ներկայացվելու և քննարկվելու է ակնաբուժությանը և հարակից ոլորտներին առնչվող տեղական և միջազգային ժամանակակից փորձը:
 
Երկօրյա համաժողովի լիագումար նիստին ելույթ են ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը,  առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:
 
«Ուրախ եմ, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործընկերների հետ գրեթե 20 տարի Հայաստանում կազմակերպում է միջազգային համաժողովներ, որոնք մեկ հարկի տակ են հավաքում բազմաթիվ մասնագետների տեղական և համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր հիվանդանոցներից և համալսարաններից: Ծրագիրն Աչքի շարժական հիվանդանոցի, մարզային ակնաբուժական կենտրոնների, մանկական կուրության կանխարգելման ազգային ծրագրի և այլ նախաձեռնությունների միջոցով  ոչ միայն նպաստում է Հայաստանում ակնաբուժության զարգացմանը, այլև բերրի հող է ստեղծում առողջապահության այլ ոլորտներում նման ծրագրերի ստեղծման համար»,- նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
 
«27 տարուց ավելի է, ինչ Հայաստանում գործում է մեր ականավոր հայրենակից և բժիշկ Ռոջեր Օհանեսյանի հիմնադրած «Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը: Կատարված տասնյակ հազարավոր հետազոտությունները, ախտորոշիչ ու բուժական միջամտությունները և վիրահատությունները, այդ թվում՝ վիտրեոռետինալ վիրահատությունների ներմուծումը Հայաստան, անգնահատելի մասնագիտական ու տեխնիկական օժանդակություն է, իրականացվել են նաև կրթական միջոցառումներ: Մի խոսքով` անտրտունջ աշխատանք՝ ի փառս մայր Հայրենիքի»,- ընդգծել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
 
Համաժողովի լիագումար նիստը նվիրված է Հայկական ակնաբուժության բժիշկ Ռոջեր Օհանեսյանի և գործընկերների կողմից իրականացվող ծրագրի արդյունքների ամփոփմանը, առողջապահական կառավարման համակարգերի՝ մասնավորապես, «Ավետիս» ծրագրի ներկայացմանը, ինչպես նաև Հայաստանում ակնաբուժության ոլորտի վերջին զարգացումներին: Հաջորդող երկու համաժամանակյա թեմատիկ նիստերը  նվիրված են ակնաբուժությանը՝  եղջերաթաղանթի ախտահարումներին և անհասության ռետինոպաթիային, և նեոնատոլոգիայի  ոլորտի զարգացումներին: Քննարկվելու են նաև ընդհանուր ակնաբուժությանը և ներզատաբանությանը վերաբերող հարցեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն