Թուրքիան ամրանում է Նախիջեւանում. Հայաստանի պատասխանը


Թուրքիան ամրանում է Նախիջեւանում. Հայաստանի պատասխանը

  • 23-07-2019 10:01:30   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիան կարող է Նախիջեւանում բացել երրորդ օտարերկրյա բազան, ասել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան կարող է Գյումրիի ռուսական բազային հակակշիռ ստեղծել: Թուրքիան բազաներ ունի Սուդանում եւ Կատարում: Նախիջեւանը Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է, եւ այնտեղ ռազմական բազայի հիմնումը ժամանակի հարց է, ասել է նա:
 
Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիան կարող է Կովկասում ակտիվանալ նաեւ այն դեպքում, եթե ձախողվի Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ նվազի նրա դերը որպես տարածաշրջանային առաջատար պետություն:
 
Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղության տեղափոխումը դեպի Հարավային Կովկաս լիովին բնական է այդ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
 
ԱՄՆ-ն խոստացել է օրերս հայտարարել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին, ռուսկան s 400 համալիրներ գնելու համար: Փորձագետները, սակայն, նշում են, որ Արեւմուտքը լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի, ավելի ճիշտ՝ նրա նախագահի հետ, որը գնալով ավելի ծավալապաշտ է դառնում:
 
Եվրամիությունը վերջերս պատժամիջոցներ է ընդունել Թուրքիայի դեմ, Կիպրոսի ափամերձ գոտում հորատումների պատճառով: Մյուս կողմից, Թուրքիան ու Ռուսաստանը, առայժմ լուռ, բայց արդեն լրջորեն բախվում են սիրիական Իդլիբում: ԱՄՆ-ն արդեն կասեցրել է Թուրքիային կործանիչների մատակարարումը:
 
Անկարան կարող է ԱՄՆ պատժամիջոցներին պատասխանել «Ինջիրլիք» ավիաբազայի միջոցով, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաօդային ուժերը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
 
Եթե Թուրքիան ԱՄՆ-ին «խնդրի» հեռանալ Ինջիրլիքից, դա կարող է լինել թուրք-ամերիկյան համագործակցության վերջի սկիզբը: Այդպիսի ելքը, ըստ ամենայնի, չի բացառվում, եւ Թուրքիան կամաց-կամց պատրաստվում է «վերախմբավորման» ու ակտիվությունն այլ շրջաններ վերաուղղելու:
 
Առավել եւս, որ Թուրքիայում սկսել են լուրջ քաղաքական գործընթացներ հասունանալ: Նախկին վարչապետներ Ահմեթ Դավութօղլուն եւ Ալի Բաբաջանը, ինչպես նաեւ նախկին նախագահ Աբդուլլա Գյուլը, որոնք Էրդողանի մերձավոր շրջապատից էին, կարող են շուտով հայտարարել նոր կուսակցության ստեղծման մասին: Սա տեղի է ունենում Անկարայում եւ Կոնստանդնուպոլսում Էրդողանի կուսակցության պարտության ֆոնին:
 
Այս պայմաններում Էրդողանը կարող է անսպասելի քայլերի գնալ եւ հայացքն ուղղել Նախիջեւանի կողմ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Նախիջեւանի կողմից Հայաստանի սահմանին էսկալացիայի որոշակի աճ կա: Փորձագետները դա կապում են Նախիջեւանում թուրք հրահանգիչների հայտնվելու եւ հաճախակի դարձած թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ:
 
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով, իրավիճակն առայժմ փորձում են կարգավորել օպերատիվ կապի միջոցով: «Միջադեպ է տեղի ունենում, ստուգում ենք, զգուշացնում, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում», – ասել է Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով Վայոց ձորի Ելփին գյուղ տարածքի գնդակոծումը Նախիջեւանի կողմից:
 
Նախարարը հայտարարել է, որ լարվածությունը կապված է երկկողմ ինժեներական աշխատանքների հետ, բայց ադրբեջանական կողմը փորձում է խափանել հայկական կողմի աշխատանքները:
 
Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը կարծում է, որ Թուրքիան միշտ ձուկ է որսացել պղտոր ջրում եւ հիմա կարող է օգտվել իրավիճակից ու ամրանալ Նախիջեւանում: Նա հիշեցնում է, որ Նախիջեւանի կարգավիճակն ու սահմանները որոշվել են 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով եւ խորհուրդ է տալիս կոշտ կանխարգելիչ քայլեր անել Նախիջեւանում: Շիրինյանն ասում է, որ մոտենում է ռուս-թուրքական պայմանագրերի 100-ամյակը, եւ հիմա արդեն պետք է պատրաստել նախիջեւանյան փաթեթը իրավական եւ այլ առումով, չնայելով ուրիշների շահերին:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն