Հայերը շարունակում են հեռանալ Ռուսաստան. Մոսկվան հեշտացնում է պայմանները


Հայերը շարունակում են հեռանալ Ռուսաստան. Մոսկվան հեշտացնում է պայմանները

  • 24-07-2019 11:31:16   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի եւ հետխորհրդային այլ երկրների քաղաքացիների համար զրոյացնել ՌԴ քաղաքացիություն ստանալու պայմանները: Թվերը վկայում են, որ այդ միջոցառումները հասել են նպատակին:
 
2019 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանում ներգաղթյալների թիվը կտրուկ աճել է՝ գերազանցելով նախկին տաս տարիների ցուցանիշները, հայտնում է Economy Times-ը: Միգրանտների թիվն ավելացել է հատկապես Հայաստանից եւ Ուկրաինայից: 2019 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12.8 հազար մարդ: 2018 թվականին ցուցանիշը 4.9 հազար էր: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում 49000 Հայաստանի քաղաքացի է գտնվել:
 
Ռուսաստանի Պետդուման քննարկելու է օրենք, որը թույլ է տալիս պարզեցված կարգով ժամանակավոր կեցության թույլտվություն եւ կեցության իրավունք տրամադրել:
 
Մասնավորապես, առաջարկվում է այդ հնարավորությունը տալ նրանց, ովքեր ծնվել են Ռուսաստանի տարածքում, արտասահմանցիներին, որոնք առնվազն կես տարի Ռուսաստանում որպես որակավորված մասնագետ են աշխատել կամ ավարտել են ռուսական բուհեր: Այլ տարբերակներ էլ կան, որոնք հավանաբար կգայթակղեն շատ հայերի:
 
Ռուսաստանը լուծում է ինչպես իր ժողովրդագրական խնդիրները, այնպես էլ արտաքին քաղաքական՝ հետխորհրդային երկրներից տանելով ինտելեկտուալ եւ աշխատանքային ուժը: Իսկ հետխորհրդային երկրների կառավարություններն ի՞նչ խնդիրներ են լուծում:
 
Հայաստանի նոր կառավարությունը հայրենադարձությունը հռչակել է պետական քաղաքականության առաջնահերթություն, իսկ դա նշանակում է, որ պետությունը պետք է ոչ թե խթանի արտագաղթը, ինչպես նախկինում էր, այլ դիմագրավի դրան: Դա կարող է լինել ինչպես հայրենադարձության համար պայմանների ստեղծումը, այնպես հայ միգրանտներին ներգրավող երկրների հետ քաղաքականության համաձայնեցումը:
 
Հայաստանը մշակված մոտեցում ունի՞ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության հարցում, որն ինչ-որ պահերի էքսպանսիա էր հիշեցնում: Մի քանի տարի առաջ Հայաստանում ցույցեր են տեղի ունեցել Ռոսսոտրուդնիչեստվոյի աշխատանքների ակտիվացման եւ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց ռուսական անձնագրեր տրամադրելու դեմ: Տեմպերը կարծես թե նվազել են, բայց մարդիկ միեւնույն է հեռանում են: Հայաստանը գոնե տեսանելի մակարդակում Մոսկվայի հետ չի խոսում այսպիսի նուրբ թեմաներով:
 
Երեւանը Մոսկվայի հետ աշխատու՞մ է, եւ այդ աշխատանքը սահմանափակվու՞մ է միայն Ռուսաստան արտագաղթած հայերի մասին հոգ տանելով:
 
Մոսկվայում գտնվող սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելել է Ռուսաստանի Ազգությունների հարցերով դաշնային գործակալություն եւ քննարկել Ռուսաստանում հայկական հասարակական կազմակերպությունների ու հանրային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերը: Քննարկվել է հայերենի դասավանդման հարցը:
 
Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ։ Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է, որ Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի, և հայկական կողմը ուրախ կլինի, եթե հայերը, որոնք արդեն լիարժեք կերպով ինտեգրված են Ռուսաստանի հասարակությանը, կարողանան մասնակցել Ռուսաստանի զարգացման գործին և միաժամանակ պահպանեն իրենց ազգային ինքնությունը:
 
Երեւանը մտադի՞ր է Ռուսաստանին համագործակցություն առաջարկել հայերի հայրենադարձման խթանման հարցում: Գերմանիայում եւ Ֆրանսիայում այդպիսի ծրագրեր արդեն իրականացվում են, իսկ Ռուսաստանը, ընդհակառակը, խրախուսում է արտագաղթը եւ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն