Շատ հնարավոր է, որ 7 կուսակցությունների հայտարարության հետեւում կանգնած են որոշակի ուժեր


Շատ հնարավոր է, որ 7 կուսակցությունների հայտարարության հետեւում կանգնած են որոշակի ուժեր

  • 24-07-2019 12:36:54   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը
 
- Պարոն Ղևոնդյան, նախօրեին արտախորհրդարանական 7 ուժեր հայտարարություն են տարածել, որտեղ մեղադրանքներ ու նաեւ սպառնալիքներ կային իշխանությունների հասցեին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։
 
-Նախ պետք է ուշադրություն դարձնել, թե որոնք են այդ 7 ուժերը։ Դրանց մեջ քիչ թե շատ ժողովրդական աջակցություն ունեցողը միայն ՀՅԴ-ն է, որ գոնե 3,5 տոկոս կարողացավ հավաքել ընտրությունների ժամանակ։ Իսկ մյուսներն ընդհանրապես ժողովրդական աջակցության հավակնելու հնարավորություն չունեն։ Հաշվի առնենք նաև այն, որ իշխանության քննադատությամբ հանդես եկող քոչարյանական ուժերը և նախկին իշխանությունները չեն միացել այս հայտարարությանը, քանի որ այս հայտարարության հեղինակները ժողովրդական աջակցություն չեն վայելում։ ՀՀԿ-ն, միանալով այդ հայտարարությանը, ցույց կտար, որ ինքը ևս այդ տրամաչափի ուժ է, բայց ՀՀԿ-ն իրեն ներկայացնում է այլ տրամաչափում։
 
Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ապա այնտեղ շատ կետեր կան, որոնց հետ ես համաձայն չեմ։ Օրինակ՝ կետերից մեկն այն էր, որ արգելափակվեցին դատարանների մուտքերը։ Իհարկե, իշխանության բացթողումն է, որ դա շահարկելու հնարավորություն են տվել ընդդիմախոս ուժերին, սակայն կա նաև մի կետ, որ իշխանությունը ՀՀ նախագահին ստիպել է առաջադրել իրենց ուզած մարդուն։ Այդպիսի բան չկա, օրենքով սահմանված կարգով նախագահն առաջադրել է ՍԴ դատավորի թեկնածու, որը չի ստացել ԱԺ-ի հավանությունը, և առաջադրել է մեկ ուրիշին։ Դա ակնհայտ շահարկում է ու այդտեղ իշխանության մեղքը չկա։
 
Հայտարարությունը ընդհանուր առմամբ ոչ կառուցողական է և ընդամենը միտված է իշխանությանը հնարավորինս զգաստացնելու և սեփական ամբիցիաները քաղաքական դաշտում ցույց տալուն։ Բայց ուզում եմ նորից կրկնել, որ այդ 7 ուժերից միայն 1-2-ը կարող են իրենց ամբիցիաների մասին խոսել՝  հաշվի առնելով ժողովրդի շրջանում իրենց հեղինակության մակարդակը։
 
-Այդ ուժերը հաջողելու շանս ունե՞ն։ Ի վերջո, որն է նրանց նպատակը, նրանք կարո՞ղ են հավակնել հանրային վստահության որևէ աստիճանի։ Իրենց քաղաքական հաշվարկն ինչի՞ վրա է հենվում։
 
-Պատասխանելու համար, թե արդյոք հաջողելու շանս ունեն, թե չունեն, նախ պետք է հասկանալ, թե այդ ուժերի համար որն է հաջողությունը։ Իհարկե, Դեմոկրատական կուսակցությունը կամ Ռամկավար ազատական կուսակցությունը, չեմ կարծում, թե այսօրվա պայմաններում որևէ հնարավորություն ունեն ԱԺ-ում հայտնվելու։ Իսկ եթե համարենք, որ նրանց համար հաջողելը ոչ թե ԱԺ-ում հայտնվելն է, այլ որոշակի ծառայություն մատուցելը այն ուժերին, որոնք ունեն այդ հնարավորություն, կամ իրենց մասին հիշեցնելով որոշակի շրջանակներից դիվիդենտներ ստանալու հնարավորությունը, կամ իշխանության վարկանիշը գցելու նպատակ ունեն, ապա շատ հնարավոր է, որ այդ առումով որոշակի հաջողությունների հասնեն։ Այսինքն՝ հաջողության հասնելը հարաբերական է, նայած, թե ինչ նպատակ են նրանք դրել իրենց առջև։
 
-Նրանք առաջարկում են իշխանություններին միասին քննարկել երկրի խնդիրները, սակայն իշխանությունն էլ նշում է, որ նրանց հետ քննարկելու բան չունեն, նրանք ուժեր են, որոնք նախկինում համագործակցել են նախկին իշխանությունների հետ և իրենք էլ են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։
 
-Ըստ էության՝ կարող ենք ասել, որ այդ ուժերը որևէ աջակցություն չունեն ժողովրդի կողմից ու այդ պարագայում նրանց հետ ի՞նչ քննարկելու խնդիր կարող է լինել։ Եթե նրանք ներկայացնում են փորձագիտական շրջանակներ, ապա այդ փորձագետները կարող են ներկայացնել իրենք իրենց, ոչ թե կուսակցություն, որը գոյություն ունի միայն թղթի վրա և որի գործունեությունը սահմանափակվում է ժամանակ առ ժամանակ հայտարարություններ տարածելով։ Ընդհանրապես, ցանկացած նորմալ երկրում քաղաքական դաշտում քաղաքական ուժերի վարկանիշը ձևավորվում է ընտրությունների արդյունքում։ Հայաստանում, չգիտես ինչու, կան ուժեր, որոնք ընտրությունների չեն մասնակցում, բայց իրենց իրավունք են վերապահում առաջարկություններ ներկայացնել, հայտարարություններ անել։
 
-Այդ ուժերը, ձեր կարծիքով, կանգնած են Հրայր Թովմասյանին աջակցելու դիրքերո՞ւմ՝ հաշվի առնելով, որ վերջինս չի պատրաստվում հրաժարական տալ։
 
-Չեմ կարծում, թե այդ ուժերի աջակցության արդյունքում է, որ Հրայր Թովմասյանն իրեն կարող է վստահ զգալ ու հրաժարական չտալ։ Այդ ուժերը քաղաքական դաշտում այնպիսի գործոն չեն, որ կարողանան քաղաքական դաշտում որևէ որոշում կայացնել ու դրանով ազդել գործընթացների վրա։ Շատ հնարավոր է, որ այս ուժերի հետևում կանգնած են այլ ուժեր, որոնք ունեն որոշակի հնարավորություններ և այսօրվա իշխանության համար ընդդիմություն են։
 
Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ այս 7 ուժերը մեկ նպատակի համար են հավաքվել։ Այստեղ ամեն մեկն ունի իր շահերը, այնտեղ կա ՀՅԴ, որը հավանաբար այդ 7 ուժերի մեջ ընդգրկվել է, որ այդ ուժերին գոնե որոշակի կշիռ տա։ Կան այնտեղ ուժեր, որոնց մասին հանրությունը վաղուց մոռացել է և նրանք ուզում են իրենց մասին հիշեցնել։ Այնտեղ կա «Ազատություն» կուսակցությունը, որի նախագահ Հրանտ Բագրատյանը տնտեսական հարցեր է բարձրացնում։ Այսինքն տարբեր ուժեր տարբեր նպատակներ ունեն, որոնք հավաքվել ու այդ հայտարարությունը տարածել են։ Աջակցության մասին կարող ենք խոսել այն դեպքում, եթե հայտարարության հետևում տեսնենք այլ ուժերի, որոնց «ականջները» որոշակիորեն երևում են:
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
 Հարցազրուցավար
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ