Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդի հայտարարությունը


Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդի հայտարարությունը

  • 16-08-2019 07:13:21   | ԱՄՆ  |  Հասարակություն

Վերջին տարիներին, Արևմտյան Ամերիկայի հայ եկեղեցական, քաղաքական և հասարակական կառույցների ղեկավարությունը, ստեղծել է հեզասահ և առողջ համագործակցության միջավայր, եւ միասնական ոգով ծրագրել ուգործել է, եւ ի հարկին դիմագրավել է հայ համայնքին վերաբերող տարատեսակ մարտահրավերներ։ 
 
Այս գործակցության լավագույն օրինակներից են հանդիսացել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համագաղութային ճիգերն ու միջոցառումները, որոնց կազմակերպչական աշխատանքների ընթացքում արձանագրվել են համագործակցության եզակի ու հաջող պատմական հանգրվաններ։
 
Հարյուրամյակի աշխատանքներին զուգահեռ ու դրանցից հետո, զանազան առիթներով և մասնակի հանձնարարություններով ստեղծված գործադիր հանձնախմբերը եւս, ողջունելի ավանդ են ստեղծել, ապացուցելով համագործակցության անհրաժեշտությունը։
 
Բացահայտ իրողություն է, որ Արևմտյան Ամերիկայի հայությունը օրեցօր քանակով աճում է, և հայ համայնքի հավաքական կարողությունը որակակապես զարգանում է։ Այս իրողությանը առընթեր, բնականաբար, բազմապատկվում է հայ համայնքի հավաքական շահերը պաշտպանելու և դրա հավաքական դիմագիծը արտահայտելու կարեւորությունը։
 
Հետեւաբար, մինչ օրս վերոհիշյալ հավաքական աշխատանքի հաջող ու դրական արդյունքներով քաջալերված, ինչպես նաև՝ հայրենիքից ներս, թե դուրս ազգային միասնություն առաջացնելու հրամայականի թելադրանքով մղված, եւ հայության ուժի հավաքագրումը անհրաժեշտ նկատելով, Արևմտյան Ամերիկայի տարածքում գործող և գործակցության աւանդ ստեղծած ստորագրեալ կառույցները համախմբվելով, որոշեցին կազմել համայնքի հավաքական շահերը հետապնդող և միասնական ճիգեր համադրող ղեկավար խորհուրդ, որպեսզի հիմքը դրվի ապագայի գործակցության մի նոր էջի:
 
Խորհուրդը կոչվում է Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդ (Pan-Armenian Council of Western USA).
 
Խորհրդի անդամ դառնալու են հրավիրվում համայնքի այն կազմակերպությունները, որոնք փափագում են մաս կազմել այս հավաքական ճիգի, և յուրաքանչյուրը ունի նվազագույնը 300 գործող անդամ։
 
Խորհրդակցական բնույթ կրող այս խորհուրդի որոշումները պարտադիր չեն անդամ կազմակերպությունների համար։ Ուստի, դրա գոյությունը մասնակից կազմակերպությունների գործունեության վրա որեւէ իշխանություն չունի։
 
Խորհուրդը առաջնորդվում է առավելագույն մասնակցություն ապահովելու և մշտական համախոհություն պահպանելու սկզբունքներով։ Առաւել ևս, ստորագրեալ կառոյցները հանձնառու են գործել միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքի և փոխզիջման հասկացողութեամբ:
 
Խորհուրդի առաքելությունն է`
 
• Ծրագրել և համադրել համա-համայնքային բնույթի աշխատանքներ։
• Քաջալերել հայության հավաքական շահերն ու համայնքի հայության իրավունքները առաջ տանող աշխատանքներ։
• Քայլեր նախաձեռնել հայկական հավաքական շահերին և իրավունքներին սպառնացող միտումներին ընդդեմ։
• Առավելագույն չափով հավաքագրել համայնքի հայության ներուժը, ներառելով համայնքի բոլոր հայկական ուժերը, հանուն համայնքի բարօրության ու Հայաստանի և Արցախի զարգացման։
• Միշտ հետամուտ լինել համայնքային կյանքի առողջ պահպանմանը։
 
Խորհրդի աշխատանքներին պարբերաբար կհրավիրվեն համայնքում գործող և ազդեցիկ ներկայություն ունեցող ազգային գործիչներ, որոնք իրենց թե՛ մասնագիտական և թե՛ այլ առավելութիւնները պատրաստ կլինեն ի սպաս դնել վերոհիշյալ աշխատանքների և նպատակների հաջողության համար։
 
Խորհուրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունները կամ անհատ հայորդիները եւս վերոհիշյալ հավաքական ճիգին անմասն չթողնելու նպատակով, տարին առնվազն մեկ անգամ կամ ավել (ըստ կարիքի և հարմարության) ու նախապես որոշված օրակարգով, Խորհուրդը կնախաձեռնի հավաք-համագումարներ, որոնց կհրավիրվեն համայնքի հայութիւնը, հավաքական ծրագրերի և նյութերի ուղղությամբ իրենց կարծիքները լսելի դարձնելու և իրենց ներդրումը կատարելու։
 
Հիմնվելով Արևմտյան Ամերիկայի հայ ազգային և համայնքային իրականության մեջ վերոհիշյալ տրամաբանության, տեսլականի, և նպատակների վրա, այսու հայտարարում ենք գործակցության և միասնության նոր էջի մեկնարկ։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հայաստանեաց Արաքելական Եկեղեցի Արեւմտեան Թեմ
Առաջնորդարան Հայոց ԱՄՆահանքներու Արեւմտեան Թեմ
Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Միութիւն
Հիւսիսային Ամերիկայի Տիրամայր Նարեկի Հայ Կաթողիկէ Թեմ
Արեւմտեան Ամերիկայի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Ռամկավար Ազատական Կուսակցութիւն Արեւմտեան Ամերիկայի Շրջան
Արեւմտեան Ամերիկայի Հայ Oգնութեան Միութիւն
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն, Արեւմտեան Շրջան
Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւն
Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն, Արեւմտեան Նահանքներու Շրջան
Արեւմտեան Ամերիկայի Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւն
Արեւմտեան Ամերիկայի Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն
Միացյալ Հայ Երիտասարդներ
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբ
Ամերիկայի Հայկական Համագումար, Արեւմտեան Շրջանային Գրասենեակ
Հայ Իրաւաբանական Միութիւն
Պոլսահայ Միութիւն
Լոս Անճելըսի Իրանահայ Միութիւն
Քալիֆորնիոյ Հայ Երիտասարդաց Միութիւն
Լոս Անժելեսի Իրաքահայերու Ընտանեկան Միութիւն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն