Դայակների ծրագրում այս տարի ընդգրկվել է ևս 400 շահառու


Դայակների ծրագրում այս տարի ընդգրկվել է ևս 400 շահառու

  • 22-08-2019 14:54:35   | Հայաստան  |  Հասարակություն

«Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված անձանց սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
 
Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը,  որոշման նպատակը նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելն է:   
 
«2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասել է նախարարը։
 
Նախարարը նշել է, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 մլն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուներին վճարելու համար։
 
Ըստ Զարուհի Բաթոյանի՝ շահառուներին տրամադրվում է առավելագույնը նվազագույն աշխատավարձի չափով գումար՝ 55 հազար դրամ: Նախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար ցանկություն հայտնած անձանց թիվն ավելի շատ է և, ըստ այդմ, սահմանվել է  առաջնահերթությունների կարգ։
 
«Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան 2 և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։ Մենք վերանայում ենք, քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի հետագայում կարողանանք ծրագիրն ընդլայնել և արդյունավետությունը բարձրացնել»,- ասել է Զարուհի Բաթոյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն