Վայոց ձորի մարզպետի գործողություններն անիրավական և անօրինական են. Նազելի Վարդանյան


Վայոց ձորի մարզպետի գործողություններն անիրավական և անօրինական են. Նազելի Վարդանյան

  • 22-08-2019 19:01:07   | Վայոց ձորի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԷկոԼուր. «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը ՀՀ վարչական դատարանի՝ Վայոց ձորի մարզպետարանի ընդդեմ Գլաձորի ավագանու հայցադիմումը հետ վերադարձնելու որոշումն իրաչափ է գնահատում, իսկ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գործողություններն անիրավական և անօրինական:
 
ՀՀ վարչական դատարանը օգոստոսի 2-ին վերադարձրել էր Վայոց ձորի մարզպետարանի կողմից ստացված հայցադիմումն ընդդեմ Գլաձորի ավագանու: Մարզպետարանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» Գլաձորի ավագանու 29.04.2019թ. թիվ 44 որոշումը:
 
ԷկոԼուրի հետ զրույցում Նազելի Վարդանյանը նշեց, որ ՏԻՄ–երի մասին օրենքում նշված է, որ մասնագիտական և իրավական վերահսկողություն կարող են իրականացնել իրավասու մարմինները, պետական լիազորված մարմինները: «Մարզպետը պետական լիազորված մարմին չէ այդ ոլորտում և նա չէր կարող այդ վերահսկությունն անել: Դա կարող էր անել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը»,- նշեցնա:
 
Զրույցի ընթացքում Նազելի Վարդանյանը հիշեցրեց, որ Գլաձոր համայնքի ավագանին արդեն մի քանի անգամ մերժել է համայնքում հանքարդյունաբերության համար հող հատկացնելու որոշումները: Գլաձորում հանքարդյունաբերական գործունեություն էր ցանկանում իրականացնել «Վայկ Մետալ» ընկերությունը, որը ցանկանում էր շահագործել Գլաձորի բազմամետաղային հանքավայրը: Ընկերության հայտը սակայն մերժվեց ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: «Վայոց ձորի դատավոր Հենրիկ Դարբինյանը պարտավորեցրել էր համայնքի ղեկավարի Արմեն Մովսիսյանին ոչ իրավաչափ գործողություններ կատարել, այսինքն՝ պայմանագիր կնքել, հողհատկացում անել «Վայկ Մետալ»-ին այն դեպքում, որ սահմանադրությամբ՝ ՏԻՄ-երի մասին և հողերի մասին օրենսգրքով հողերի հատկացումն անում է համայնքի ավագանին: Համայնքի ղեկավարը մի քանի անգամ ներկայացրել է միջնորդություն հողհատկացման համար, բայց ավագանին մերժել է: Հիմա «Վայկ մետալ»ՍՊԸ-ն փորձում է տարբեր կեղծ դատական վճիռների կամ ճնշումների ազդեցության տալ քրեական գործ հարուցել»,- նշեց նա:
 
Նազելի Վարդանյանի խոսքով, «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում նշված է, որ հանրային նշանակության հարցերի շուրջ մարդիկ կարող են հանրագրեր ներկայացնել տեղական ինքնակառավարման մարմիններին և կառավարություն: «ՏԻՄ-ը կամ հավանություն է տալիս, կամ մերժում է:Ջերմուկ, Արենի և Գլաձոր համայնքների ավագանիները հավանություն են տվել այդ հանրագրերին: Եթե համայնքի ավագանին հավանություն է տալիս հանրագրին, ապա պետք է միջոցներն ձեռնարկել այդ հանրագրի պահանջները իրականություն դարձնելու համար: Պետք է ամեն ինչ անել,որ այդտեղ հանքերից ազատ, էկոզարգացող տարածք մնա»,- ասաց Նազելի Վարդանյանը:
 
Օգոստոս 22, 2019
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը