«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հայտարարությունը Ամուլսարի շուրջ


«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հայտարարությունը Ամուլսարի շուրջ

  • 23-08-2019 13:10:48   | Հայաստան  |  Տնտեսություն

Հեղափոխությունը կարող է հաջողվել միայն այն դեպքում, երբ այն շարունակվում է քաղաքացիների գիտակցությունում: Այն արտահայտվում է շրջակա միջավայրի, հասարակության և պետության ռազմավարական ապագայի նկատմամբ բարձր պատասխանատվությամբ, որն ուղեկցվում է հասարակության և պետության զարգացման (արդիականացման) նոր տեսլականի ձևավորմամբ: Հայաստանի Հանրապետությունը, դեռևս չունենալով պետության արդիականացման տեսլական և ռազմավարություն, իրականացնում է իրավիճակային կառավարում: Դա արտահայտվում է նաև ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներին տրվող հատվածային լուծումներով:
 
Ռազմավարական նշանակության խնդիր է նաև «Ամուլսարը», որը ոչ միայն սոսկ բնապահպանական խնդիր չէ, այլ նաև հետևանք է և միևնույն ժամանակ ցուցիչ: «Ամուլսարը» հետևանք է մոտ 3 տասնամյակ իրականացվող քաղաքականության, երբ Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը արդարացվել է արցախյան հակամարտությամբ, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտելիքի ժամանակշրջանում տնտեսության հարաբերական կենսունակությունն ապահովվել է հանքարդյունաբերությամբ (հումքի արտահանմամբ, որը բնորոշ է 3-րդ աշխարհի երկրներին): «Ամուլսարը» ցուցիչն է մեր ներկայիս քաղաքական ինքնության, որն արտացոլում է, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում և հավակնում ունենալ վաղը, և որն է լինելու նրա տեղը համաշխարհային կառուցակարգում, ինչպիսի ինստիտուտներ (ֆորմալ և ոչ ֆորմալ) ունենք այսօր և ինչպես ենք վերարժևորել անցյալը: Հետևաբար «Ամուլսարը» սոսկ բնապահպանական խնդիր չէ, որի լուծումը գտնվում է միայն իրավական և/կամ բնապահպանական հարթություններում: Այն իր մեջ ամբարում է քաղաքական, էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, իրավական և մշակութային լրջագույն անորոշություններ և խնդիրներ, և միայն մեկ մակարդակում առաջարկված լուծումը կրում է հատվածային բնույթ ու չի կարող բխել ռազմավարական կառավարման տրամաբանությունից: 
 
Հաշվի առնելով «Ամուլսարի» խնդրի ռազմավարական նշանակությունը և ցանկանալով զերծ մնալ իրավիճակային և հատվածային լուծումներից՝ «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնությունն առաջարկում է անորոշ ժամանակով կասեցնել Ամուլսարի շահագործումը և սկսել խնդրի համակողմանի և խորքային վերլուծություն ու քննարկումներ՝ ներգրավելով գիտահետազոտական հանրության, քաղաքական հասարակության և շահագրգիռ այլ միավորների հնարավորինս լայն շրջանակ: Հաշվի առնելով նաև, որ ժողովրդավարությունը պատասխանատվության որոշակի տեսակ է, այլ ոչ թե հանրային անարդյունք բանավեճերի ամբողջություն, առաջարկվող համընդհանուր ձևաչափը  կապահովի նաև քաղաքական կոնսենսուս խնդրի լուծման շուրջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն