Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել.Orer.am


Իրավաբանի համար հասկանալի չէ, թե ինչու է վարչապետը նախարարի դեր ստանձնել.Orer.am

  • 09-09-2019 15:07:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը շարունակում է պնդել, որ վարչապետին սխալ տեղեկություններ են տալիս և օրենքներն այնպես են ներկայացնում, որ տպավորություն է առաջանում, որ տարբեր երևույների մասին են խոսում:
 
Orer.am-ի հետ զրույցում իրավաբանը նշեց, որ օրենսդրության մի քանի հոդվածներով արդեն իսկ ագելվում է Ամուլսարի շահագործումը, իսկ վարչապետի՝ Ամուլսարի ճանապարհը բացելու մասին խնդրանքը բոլոր օրենքներից դուրս է:
 
Ինչ վերաբերում է Ամուլսարը շահագործելու թույլտվությանն, ապա այն ոտքից գլուխ խախտումներով է իրականացվել: Այդ մասին Ն. Վարդանյանը դեռ անցյալ տարի 33 էջանոց տեղեկանք է ներկայացրել իշխանություններին, հստակ նշելով կոռուպցիոն բոլոր սխեմաները:
 
Սակայն, մինչ օրս ներկայացրած փաստերի հիմքով որևէ քրեական գործ այդպես էլ չի հարուցվել:
 
«Սա մեր երկրի լինել-չլինելու հարցն է: Սա սովորական հանք չէ, և ես զարմանում եմ, որ վարչապետն այդ ամենն իմանալով չի կանխում շահագործումը: Ստացվում է, որ միտումնավոր ամեն ինչ անում են, որ թույլ տան, որպեսզի Ամուսարը շահագործվի: Եթե այդպես է, ապա յուրաքանչյուրն իր հերթին պետք է պատասխան տա, թե ինչ շահագրգռվածություն ունի, որ երկիրը շարունակում է նույն ուղղությամբ տանել:
 
Օրենքն արգելում է հանք շահագործել այնտեղ, որտեղ Կարմիր գրքում գրանցված բույսեր, պատմամշակութային հուշարձաններ կան: Այդ տարածքում 80-ից ավելի բրոնզե դարի դամբարաններ կան, որն ուզում են ոչնչացնել: Այսինքն, օրենքով ամեն ինչ սահմանված է, և այսօր, երբ վարչապետն ինքը պետք է այդ ամենը կանխեր, ոչինչ չի անում: Շարունակում են փաստերն ու օրենքներն անտեսել, այսինքն, ստացվում է, որ ոչինչ էլ չի փոխվել»,- ասաց Ն. Վարդանյանը:
 
Սեպտեմբերի 6-ին կայացած վարչապետի հետ հանդիպման ժամանակ իրավաբանը վարչապետին հատուկ խնդրել է, որ օրենքների հետ կապված հայտարարություններ չանի, քանի որ Սոլթ Լեյք Սիթիից ավելի վատ հայտարարություն կարող է ստացվել: Ն. Վարդանյանի դիտարկմամբ օրենքը լաբորատոր անալիզ չէ, որ տարբեր մասնագետներ, տարբեր ժամանակներում, տարբեր քիմիական նյութեր օգտագործելով տարբեր արդյուքներ ստանան:
 
Եվ, եթե որևէ մեկը որոշել է ջերմուկցիների ցանկությանը դեմ դուրս գալ, ապա դա նշանակում է, որ խոչընդոտում են Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի կատարմանը:
 
«Դա նույնն է, որ ինչ-որ մեկն արգելի զորակոչը, ինչը կրկին սահմանադրական պարտավորություն է: Սահմանադրության մեջ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել շրջակա միջավայրը, ինչը և անում են ջերմուկցիները: Նրանք պահպանում են իրենց ջուրը, օդը, հողը և բնակավայրը»,- ասաց Ն. Վարդանյանը:
 
Իրավաբանը վարչապետի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նաև, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ո՛չ գումար ունի, ո՛չ հանք շահագործելու փորձ և ո՛չ էլ կարողանալու է իր պարտավորություններն իրականացնել: Դա, ըստ նրա, հստակ երևում է ընկերության ներկայացրած փաստաթղթերից, որին, չգիտես ինչու, կառավարությունն ուշադրություն չի դարձնում:
 
«Եթե ջերմուկցիների հետ հանդիպելը, «Էլարդին» նոր փորձաքննություն պատվիրելը շոու էր, ապա մենք բազմաթիվ նմանատիպ շոուներ տեսել ենք և այլևս չենք ցանկանում շոուներ տեսնել: Չեմ հասկանում, թե ինչու է վարչապետն իր վրա վերցրել Շրջակա միջավայրի նախարարի դերը: Նախարար Էրիկ Գիրգորյանն ասում է, որ չի կարող մեկնաբանել, թե նոր ՇՄԱԳ փորձաքննություն պետք է իրականացնել, թե՝ ոչ, իսկ վարչապետն ասում է նոր պատասխան են ստացել նախարարությունից:
 
Էլի խաբո՞ւմ են ժողովրդին, ինչո՞ւ են բոլոր ֆունկցիաները խառնել իրար: Եթե երկիրը մի մարդ է ղեկավարում, պետք է միայն նրան աշխատավարձ տալ և հարկատուների հաշվին այսքան մեծ ապարատ չպահել: Քննիչը Շրջակա միջավայրի նախարարի դեր է խաղում, փորձագետի դեր է խաղում: Ամբողջ աշխարհը Ամուլսարի թեմայով խոսում է, նախարարը մինչև հիմա ձայն չի հանում:
 
Սա ընդունելի մոտեցում չէ, պետք է վերջ տալ այս ամենին: Հարկավոր է հստակ գիտակցել, որ հարցը երկրի գոյությանն է վերաբերում, և չի կարելի դրան մատերի արաքով նայել»,- ասաց Ն. Վարդանյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը