Քաղաքական երկրաշարժ. իշխանությունը թեժացնում է աշունը


Քաղաքական երկրաշարժ. իշխանությունը թեժացնում է աշունը

  • 16-09-2019 17:04:51   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվում է թե «խաղաղ երկնքում» ասուլիսն ընդմիջվեց «որոտով»: Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին: Մինչ այդ մամուլում հայտնվել էին տեղեկություններ, որ Վանեցյանը Նիկոլ Փաշինյանին երկու անգամ ներկայացրել է հրաժարականի դիմում, սակայն այն չի ընդունվել: Վարչապետը ԱԱԾ պետի պաշտոնանկության մասին հայտարարեց հենց այդ դիմումների վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան:
 
Վարչապետը հայտարարեց, որ Վանեցյանի հետ քննարկել են այդ որոշումն ու եկել համաձայնության, որ դա է ճիշտ տարբերակը: Ըստ Փաշինյանի, Արթուր Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վրա, որպեսզի ապահովի Եվրո 2020 եզրափակիչ փուլ դուրս գալու կարեւոր արդյունքը:
 
Վարչապետի հայտարարության «հետնցնցումը» ապահովեց ԱԱԾ պետը, որը գրեթե րոպեներ անց տարածեց իր հրաժարականի տեքստը, ընդ որում քաղաքական տեքստը: Դրանում ԱԱԾ պետը հայտարարում էր, որ սպայի պատիվը թույլ չի տալիս շարունակել աշխատանքը, քանի որ էապես անհամաձայն է վարվող քաղաքականության հետ:
 
«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
 
Հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն մշտապես եղել է ուշադրության կենտրոնում, մի շարք պատճառներով, գերազանցապես հեղափոխական տրամաբանությամբ թելադրված: Արթուր Վանեցյանն ըստ տարբեր սոցհարցումների ներկայում էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյաներից է:
 
Միեւնույն ժամանակ, ԱԱԾ-ն հայտնվեց մի քանի սկանդալային պատմություններում: Օրինակ Ռոբերտ Քոչարյանի գործում ՀՔԾ պետի եւ վարչապետի հետ հայտնի գաղտնալսումները: Ընդ որում հատկանշական է, որ դրանցից հետո թե վարչապետը պաշտոնանկ չարեց Արթուր Վանեցյանին, թե նա չտվեց հրաժարական: Վանեցյանն ընդ որում հայտարարեց, թե հայտնի է գաղտնալսում պատվիրողը, սակայն չեն բավարարում նրա մասին հայտարարելու ապացույցները:
 
Մյուս սկանդալային պատմությունն առնչվում էր ՊՎԾ գործին, որի շրջանակում նախ մեղադրանք ներկայացվեց ծառայության երկու պաշտոնյաների, իսկ հետո՝ պետ Դավիթ Սանասարյանին: Նիկոլ Փաշինյանը մինչ քննության ավարտը կասեցրեց Դավիթ Սանասարյանի լիազորությունը: Մամուլը գրեց, որ այդ գործն իշխանության երկու թեւերի միջեւ պայքար է: Ընդ որում, որպես թեւեր մամուլում հիշատակվում էին ԱԱԾ-ն եւ այսպես ասած «սորոսական թեւը» կամ քաղհասարակությունը: Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ հայտարարեց, որ թույլ չի տա իշխանության մեջ թեւերի առկայություն եւ կկտրի դրանք: Ի՞նչ ընթացք կունենա ՊՎԾ գործը Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո: Դրա ընթացքը կարող է հուշել, թե արդյոք ԱԱԾ պետի փոփոխության հարցում կարող է այն ունեցած լինել իր ազդեցությունը, նկատի ունենալով նաեւ հանգամանքը, որ ԱԱԾ քննիչն օրերս մերժել էր մեղադրանքը չեղարկելու Դավիթ Սանասարյանի դիմումը:
 
Միաժամանակ հատկանշական է, որ ԱԱԾ պետի հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվում է սեպտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման շեմին: Հատկանշական է, որ մինչ այդ էլ տեղի էր ունեցել մեկ այլ անսպասելի բան՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը վարչապետի ասուլիսից ժամեր առաջ խորհրդարանում արտահերթ ելույթով հայտարարել էր ՍԴ-ի, Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ՍԴ որոշման ոչ լեգիտիմության եւ Սահմանադրական դատարանի հարցը խորհրդարանում լուծելու անհրաժեշտության մասին:
 
Այդ հանգամանքը թերեւս վկայում է, որ ԱԱԾ պետի պաշտոնանկությունը կարող է ունենալ բավականին լայն ընդգրկում՝ դրան հասցրած մոտիվների կամ պատճառների առումով: Գործնականում, քաղաքական թեժ աշունը որոշակիորեն իրականություն է, որի նախաձեռնությունը սակայն գոնե առերեւույթ գալիս է իշխանությունից, թեեւ գուցե դա ընդդիմությունից եկող ռիսկերի ընդամենը առերեւույթ, ընդ որում ոչ միարժեք պատասխան է:

 ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir.am  

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն