Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Թունիսի իր գործընկերոջը


Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Թունիսի իր գործընկերոջը

  • 25-09-2019 09:38:34   | ԱՄՆ  |  Քաղաքական

Սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։ 
 
Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել առկա օրակարգի ընդլայնմանը և ամրապնդմանը: Այդ առնչությամբ առանձնահատուկ կարևորվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: 
 
Հայաստանի և Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ որպես ֆրանկոֆոն արժեքները կիսող պետությունների միջև համագործակցությունն ապահովող արդյունավետ հարթակի գործունեությանը և մտքեր փոխանակեցին հաջորդ տարի Թունիսում կայանալիք գագաթաժողովի նախապտարաստական աշխատանքներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ սերտ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը:
 
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր թունիսցի գործընկերոջը ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարևորելով տվյալ ուղղություններով փոխգործակցության ներուժի լիակատար իրացման ուղղությամբ անմիջական շահառուների ներգրավմամբ ծրագրերի իրականացումը։
 
Զոհրաբ Մնացականյանը և Խեմայիս Ջինաուն գոհունակություն հայտնեցին միջազգային և տարածաշրջանային կառույցներում հաստատված արդյունավետ համագործակցության և փոխադարձ աջակցության առնչությամբ։
Նոյյան տապան  -   Քաղաքական