Թուրքահայ համայնքը իր ազատ կամքով պետք է ընտրի Թուրքիո հայոց նոր պատրիարքին
27-09-2019 15:34:56 | Թուրքիա | Հասարակություն
Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայտարարությունը.
Ցավում ենք, որ 21-րդ դարում Թուրքիան այնքան մեծահոգի և լայնախոհ չգտնվեց, որքան 20-րդ դարի հանրապետական Թուրքիան: Եվ սա իմ կարծիքով բացասաբար է ազդելու Թուրքիայի Հանրապետության միջազգային հեղինակության, ապա նաև թուրքահայ փոքրաթիվ համայնքի տրամադրությունների վրա:
Թեև դեռ ամեն ինչ կորած չէ: Հույս կա, որ թուրքական իշխանությունները կվերանայեն իրենց որդեգրած այս դիրքորոշումը և կվերադառնան հանրապետական Թուրքիայի նախկին ղեկավարների ցուցաբերած լայնախոհությանը, և տուրք չի տա մարգինալ խմբերի ապակողմնորոշող քայլերին: Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք ավելի մեծ հարգանք ցուցաբերել 1923 թվականի Լոզանի պայմանագրով երկրում ոչ մուսուլման փոքրամասնության կարգավիճակ ունեցող իրենց քաղաքացիների՝ տարածաշրջանի բնիկների, ամենահին ազգաբնակչության հայերի նկատմամբ և ընդառաջել նրանց, որ իրենց ազատ կամքով ընտրեն Թուրքիո հայոց 85-րդ պատրիարքին համաձայն եկեղեցական ավանդույթի:
Այս կերպ միայն հնարավոր է պահպանել Թուրքիայի մշակութային բազմազանությունն ու խճանկար (մոզաիկա) պատկերը: Կարիք չկա խուճապի մատնվելու կանոնադրության հարցում, պետք է լինել սառնասիրտ և սթափ մտածել:
Կարծում եմ համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները և հատկապես Նախաձեռնակ մարմինը պարտավոր են ներքին գործոց նախարարության պատրիարքարան ուղարկած այս կանոնադրությունը ևս մեկ անգամ քննարկել և կանոնադրության առնչությամբ իրենց գրավոր անհամաձայնությունը հայտնել երկրի պետական իշխանություններին: