Տարօրինակ իրավիճակ, որը հազիվ թե ուղղվի


Տարօրինակ իրավիճակ, որը հազիվ թե ուղղվի

  • 04-10-2019 15:03:19   | Հայաստան  |  Վերլուծություն

Խորհրդարանը քվեարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ ԱԺ դիմումի օգտին, եւ այն կուղարկվի ՍԴ: Քվեարկությունը փակ գաղնի ռեժիմով էր, դիմումին կողմ է եղել 98, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 2 պատգամավոր: Նախապես կողմ քվեարկելու մասին հայտարարել էին Իմ քայլը դաշինքը՝ որ նախաձեռնության հեղինակն է, եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունը: ԲՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ թույլ է դիմումի իրավական հիմքը:
 
Խորհրդարանի դիմումը պետք է քննեն եւ որոշում կայացնեն ՍԴ 8 անդամները կամ դատավորները: Հրայր Թովմասյանը՝ իններորդը, բնականաբար չի մասնակցելու իր հարցի քննարկմանը:
 
Ինչպիսի՞ն է ՍԴ «ուժերի» հարաբերակցությունը, եւ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության դիմումն ունի հավանությա՞ն, թե՞ մերժման ավելի մեծ շանս: Հստակ է օրինակ մի բան, որ ՍԴ ամենանոր դատավոր Վահե Գրիգորյանը կքվեարկի ԱԺ դիմումի օգտին: Իսկ մյուս յոթ դատավորնե՞րը: Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործերից մեկով ՍԴ որոշմանը հատուկ կարծիք եւ փաստացի՝ որոշման հետ անհամաձայնություն էին հայտնել երկու դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանն ու Արման Դիլանյանը: Ենթադրվու՞մ է, որ նրանք կքվեարկեն Հրայր Թովմասյանի դեմ:
 
Ամենայն հավանականությամբ, ԱԺ դիմումին դեմ կքվեարկեն դատավորներ Արեւիկ Պետրոսյանն ու Ալվինա Գյուլումյանը: Դրա համար հիմք է դատական համակարգի եւ ՍԴ շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ նրանց արտահայտած կարծիքները:
 
Ի՞նչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը մերժի Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ խորհրդարանի դիմումը: Արդյոք քաղաքական իշխանությունը կգնա Հրայր Թովմասյանի շուրջ ճնշումը ուժգնացնելու ճանապարհով: Մամուլը տեւական ժամանակ է գրում է, որ նրա դեմ կարող է հարուցվել քրգործ՝ նախկին գործունեության հետ կապված: Միաժամանակ, հայտնի է, որ քրգործեր կան անձանց նկատմամբ, որոնք ըստ մամուլի քավոր-սանիկային հարաբերության մեջ են Հրայր Թովմասյանի հետ:
 
Այստեղ անշուշտ էական նշանակություն է ունենալու այն, թե ՍԴ նախագահի շուրջ ստեղծված վիճակում ինչ դիրքորոշում կունենան եվրոպական կառույցները, որոնք ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով հռչակված են Հայաստանի ժողովրդավարության գործընկերներ եւ աջակիցներ: Եթե նրանք չողջունեն ճնշման մեթոդները, արդյոք իշխանությունը կգնա նրանց հետ հակադրության ճանապարհով: Թե՞ խնդիրը կդիտարկվի այդ կառույցների հետ ավելի լայն համատեքստով քաղաքական հարցեր քննարկելու առարկա:
 
Թերեւս պետք է արձանագրել մի բան, որ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման շարունակությունը Հայաստանի համար չի լինի ճակատագրական: Հակառակ պարագայում տարօրինակ կլինի խոսել Հայաստանում թավշյա հեղափոխության աննախադեպ հաղթանակի մասին, եթե այդ հեղափոխության հետագա ճակատագիրը կախված է մեկ անձի պաշտոնավարումից, որքան էլ Սահմանադրական դատարանը կարեւորագույն կառույց է պետության կյանքում:
 
Իհարկե, այլ հարց է, եթե հանրությունը համարում է, որ հեղափոխության ճակատագիրը կախված է Ռոբերտ Քոչարյանի բանտում գտնվելուց: Որովհետեւ ՍԴ-ն կարող է խանգարել այդ հեռանկարին: Բայց, դա էլ կլինի ոչ պակաս, իսկ գուցե ավելի տարօրինակ, երբ ՄԱԿ գլխավոր քարտուղարի մակարդակում « փոփոխությունների ֆանտաստիկ օրինակ» բնորոշված հեղափոխությունը իր ճակատագրով գալիս հանգում է մի կետի կամ մի անձի:
 
Դա կնշանակի, որ ընթացքում տեղի է ունեցել ծրագրային շեղում, որը հազիվ թե ուղղվի արդեն որեւէ մեկ անձի հարց լուծելով:
 
Ըստ այդմ, Հայաստանի հանրության առաջ կան խորհելու եւ պատասխան ստանալու իսկապես մասշտաբային հարցեր, որոնք, ի դեպ, հանրությանը եւ հայությանն ընդհանրապես փորձեց մատուցել հենց վարչապետ Փաշինյանն օգոստոսի 5-ին՝ Ստեփանակերտի հանրահավաքի ելույթում: Բայց ո՞վ է հիմա հիշում այդ ելույթը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play