Ալիեւի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. ամեն ինչ առավել քան պարզ է


Ալիեւի պատասխանը Նիկոլ Փաշինյանին. ամեն ինչ առավել քան պարզ է

  • 04-10-2019 19:00:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, եւ վերջ»: Այդպես նա պատասխանել է իհարկե Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Ալիեւն այդ մասին խոսել է ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումից հետո: Մինչ այդ էլ ՌԴ արտգործնախարար Լավրովն էր ոչ կառուցողական եւ բանակցությունն արգելակող համարել Հայաստանի վարչապետի այդօրինակ հայտարարությունը:
 
Չի բացառվում, որ Ալիեւը դժգոհել է ռուսներին, որոնք էլ, ինչպես հայտնի անեկդոտում, Ալիեւին ասել են՝ «է դու էլ ասա»:
 
Ի վերջո, ասելով չի փոխվում ոչինչ, եւ Արցախը չի դառնում Ադրբեջան:
 
Հարցն ու իրավիճակն անշուշտ անեկդոտային չէ, բայց անգամ իր լրջությամբ հանդերձ աներկբա է՝ քաղաքական հայտարարությունների եւ հռետորաբանության կարեւորությամբ հանդերձ, բուն հարցերի լուծումը կամ իրավիճակների ձեւավորումը ասելով չէ, կամ առնվազն միայն ասելով չէ:
 
Ավելին, շատ կարեւոր է, որ հռետորաբանությունը լինի անելիքին, ռազմավարությանը, նպատակներին հնարավորինս համարժեք: Վերջին հաշվով, խնդիրը ոչ թե միջազգային ուժային կենտրոններին դուրեկան, այլ հասկանալի լինելն է: Որովհետեւ, ոչ թե դուրեկան, այլ հենց հասկանալի լինելն է, որ տալիս է սուբյեկտություն եւ ստեղծում փոխադարձ աշխատանքի նախադրյալ, եթե անգամ ասվում են առաջին հայացքից անընդունելի կամ դժվար ընդունելի բաներ, կամ բաներ, որոնք չունեն միանգամից հավանության արժանանալու հնարավորություն:
 
Վերջին հաշվով, Ալիեւի հայտարարությունն ընդամենը արտացոլում է իրականության խորքային պատկերը: Անշուշտ ոչ այն իմաստով, որ Արցախը Ադրբեջան է: Արցախը Արցախն է՝ հայկական, համահայկական, Արցախը Հայաստան է, բայց թեման այստեղ ոչ թե փակվում է, այլ բացվում:
 
Մասնավորապես, Արցախը ասելով չէ, որ դարձել է հայկական, հայաստանյան եւ համահայկական, եւ ասելով չէ, որ մնալու է այդպիսին:
 
Ադրբեջանի նախագահի հայտարարության տողատակում կամա թե ակամա դրված իրականությունն այն է, որ շատ պարզ նշմարվում է թե իրենց, թե հայերի խնդիրը: Ադրբեջանցիները փորձելու են հասնել նրան, որ Արցախը լինի իրենցը, իսկ հայերի խնդիրն է հասնել նրան, որ ադրբեջանցիների այդ ցանկությունն ու անթաքույց ռազմավարությունը մշտապես լինի անիրականանալի, հնչի անիրատեսական եւ անգամ անհավանական:
 
Սա է խնդիրը, եւ հայությունն ազգովի պետք է ձեւակերպի հենց դա, որպեսզի գտնի լուծման կամ հարցի, իրավիճակի, արդեն եղած հաղթանակի սպասարկման արդյունավետ թե պետական, թե համահայկական մեխանիզմները: Իրավիճակը շատ պարզ է՝ հաջողելու է նա, ով կլինի առավել արդյունավետ, ժամանակային բոլոր երեք ռեժիմների հանրագումարում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ: Եվ այդ հաջողությունն է, որ բերելու է միջազգային հավանության, գործընկերության, աջակցության: Թե ինչ բաղադրիչներ պետք է պարունակի արդեն հաջողության կոնկրետ ճանապարհը, ինչ բովանդակություն եւ գործիքակազմ, ինչ արժեհամակարգային ու գաղափարական հենք, արդեն հարցի մյուս, իհարկե ոչ պակաս կարեւոր կողմն է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
 Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն