Պուտինն ատոմակայան է առաջարկել Ադրբեջանին. Հայաստանը պատասխանել է


Պուտինն ատոմակայան է առաջարկել Ադրբեջանին. Հայաստանը պատասխանել է

  • 05-10-2019 15:02:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանն ուսումնասիրում է ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցը: Ռոսատոմը պատրաստ է Բաքվին առաջարկել մեծ հզորության ԱԷԿ շինարարություն, լրագրողների ասել է Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո: Լիխաչովն ընդգծել է, որ Ադրբեջանը նախկինում էլ ունեցել է ԱԷԿ կառուցելու ծրագրեր, եւ Պուտինն առաջարկել է Ալիեւին վերադառնալ այդ հարցին:
 
 
Փաստորեն, Ռուսաստանն առաջարկում է Ադրբեջանին այն, ինչը երկար տարիներ լռելյայն արգելված էր: Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս բողոքում էր, որ միջուկային զենք ունեցող որոշ երկրներ մյուսներին արգելում են ունենալ այդ զենքը: Այդպիսի արգելք կա նաեւ ատոմակայանների շինարարության հարցում, եւ Ադրբեջանին այլ երկրների պես արգելված էր մուտքը միջուկային երկրների ակումբ: Հայաստանն այդ ակումբի անդամ է արդեն տասնյակ տարիներ, եւ դա բխում է երկրների քաղաքակրթական առանձնահատկություններից:
 
Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պուտինի հետ հանդիպումից հետո: «Մենք պայմանավորվել ենք, որ շարունակելու ենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ չնայած այն բանին, որ ռուսական տեխնիկայի ձեռքբերման շրջանակում ստորագրված պայմանագրերի արժեքը կազմում է 5 միլիարդ դոլար, որից 3 միլիարդ դոլարն արդեն իրագործվել է», – ասել է Ալիեւը Սոչիում:
 
Կարելի՞ է կարծել, որ Ադրբեջանում ԱԷԿ շինարարությունն առաջարկվել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: ԱԷԿ-ը կարեւորագույն ռազմավարական օբյեկտ է, եւ դրա առկայությունը երկրում ինչպես զսպող, այնպես էլ գիտական գործոն է: Ի վերջո, երկիրը դառնում է միջուկային ներուժի տեր: Թե՞ աշխարհքաղաքական իրադարձություններ են տեղի ունենում, որոնց Պուտինն ստիպված է պատասխանել:
 
Մինչ Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 2-ին Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթի» շրջանակում հանդիպում էր «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ ու քննարկում Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հարցը, նրա տեղակալ Հակոբ Վարդանյանը Երեւանում ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ու Էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչների պատվիրակությանը:
 
Հանդիպմանը քննարկվել են Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը, ատոմակայանի տարածքում փոքր ֆոտովոլտային կայանի կառուցմանը, ռադիոակտիվ թափոնների կառավարման միջոցառումների ծրագրին և ամերիկյան կողմի աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր: Հ.Վարդանյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու հեռանկարով:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play