«Յուրայիններ» և «հակառակորդներ». թուրքական մամուլն անդրադարձել է ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին


«Յուրայիններ» և «հակառակորդներ». թուրքական մամուլն անդրադարձել է ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին

  • 11-10-2019 16:58:47   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

ermenihaber.am Թուրքական մամուլն անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի միջազգային արձագանքներին։
 
Ռազմական գործողություններին արձագանքած երկրներին բաժանելով «յուրայինների» և «հակառակորդների» ճամբարների՝ թուրքական մամուլի հրապարակումներում առանձնացվել են դեմ և կողմ արտահայտված երկրների ցանկը։
 
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական բանակի սկսած ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքին են ավելացել նաև Հունաստանը և Իսրայելը։ Հունաստանն այս ռազմական օպերացիան բնորոշել է որպես օկուպացիա և հայտարարել, որ այդ գործողություններն ապօրինի են։
 
Իսրայելն էլ զգուշացրել է Թուրքիային, որ հանկարծ չփորձի էթնիկ զտման քաղաքականություն իրականացնել՝ հայտարարելով. «Խիզախ քուրդ ժողովրդի կողքին ենք և պատրաստ ենք աջակցելու»։
 
Ըստ թուրքական մամուլի հրապարակումների՝ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին կողմ են արտահայտվել և իրենց զորակցությունն են հայտնել Պակիստանը, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ Հանրապետությունը, Հունգարիան , Կատարը և Իսպանիան։
 
Ռազմական գործողությունները դատապարտող երկրների շարքում են Սաուդյան Արաբիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Հոլլանդիան, Եգիպտոսը, Կանադան, Դանիան, Իրանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Հունաստանը և Հայաստանը։
 
Ըստ թուրքական լրատվամիջոցների բնորոշման՝ Ռուսաստանը չեզոք դիրք է գրավել այս հարցում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը