Ամուլսար՝ ռադիոակտիվ տարրեր. Հակոբ Սանասարյան


Ամուլսար՝ ռադիոակտիվ տարրեր. Հակոբ Սանասարյան

  • 16-10-2019 18:25:02   | Հայաստան  |  Վերլուծություն

 
                           
         Տարիներ շարունակ որոշ փորձագետներ հրապարակում են, որ Ամուլսարի հանքավայր կոչվածում առկա են ռադիոակտիվ նյութեր՝ ուրան, թորիում ևն: Սակայն «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, այս խնդրին վերաբերող քննարկումներում ու հաղորդումներում հայտարարում են, որ իբր հանքաքարում և հարակից ապարներում ռադիոակտիվ տարրեր գոյություն չունեն, իսկ եթե կան, ապա ընդունված թույլատրելի սահմաններում: Այդ ընկերության տնօրեն Հ. Ալոյանը, Պետրոս Ղազարյանի հետ հեռուստահաղորդման ընթացքում (2019թ.) հայտարարեց, որ հանքաքարի տասնյակ հազարավոր նմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդտեղ ուրան չկա: 
       Փորձենք պարզել այս տարբեր տեսակետների հիմնավորվածությունները:
       
      1. «Լիդիան Արմենիա» ընկերության կազմած՝ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ) փաստաթղթում գրված է. «1970 թթ. ընթացքում, Ամուլսար են եկել ուրանի հանքեր փնտրող երկրաբաններ: Բացի այդ, ռադոն գազի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերվել հարակից համայնքների մի քանի շինություններում: Բնակիչները հատկապես մտահոգված են նրանով, որ Ծրագրի գործունեության հետևանքով հողում և ապարներում փոշու և ռադոն գազի տեսքով կարող են կուտակվել առկա բնական ռադիոակտիվ նյութեր...  Ուսումնասիրության հիմնական շեշտադրությունը դրվել է ռադոնի, ուրանի և թորիումի հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատման վրա: Ռադոն գազը առկա է տարածաշրջանում և հատկապես մտահոգիչ է տեղի բնակիչների համար... Գորայք, Գնդեվազ և Սարավան համայնքների որոշ շենքերում գրանցվել է ռադոնի բարձր մակարդակ: Հայտնի է, որ Ծրագրի տարածքում առկա են ռադոն պարունակող ապարներ: Ռադոն 222-ը ուրան 238-ի տրոհման արդյունք է, իսկ ռադոն 220-ը՝ թորիում 232-ի» (էջ 730-731):
 «Ծրագրի տարածքում առկա լցակույտերը 1950-ական թթ. ուրանի համար իրականացված հետախուզական աշխատանքների արդյունք են» (էջ 95):
«Լիդիան արմենիա» ընկերության կողմից՝ ապարների 81939 նմուշների հետախուզական տվյալների համաձայն Ծրագրի տարածքում ուրանի կոնցենտրացիան 14.54 ppm (մգ/կգ) է, իսկ թորիումինը՝ 5.13 ppm  (մգ/կգ)»  Այսինքն, մեկ տոննա հանքաքարը պարունակում է 14,54 գրամ ուրան և  5,13 գրամ թորիում (էջ 732): 
  
         2. ՀՀ երկրաբանական ֆոնդում գտնվող «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի 2006-2008 թթ. համալիր երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքների մասին, պաշարների հաշվարկմամբ» հաշվետվությունում (հատոր 1, 202 էջ) գրված է, որ ատոմաբսորբցիոն անալիզի է ենթարկվել 13662 նմուշ: Ուսումնասիրվել է 27 տարր... Յուրաքանչյուր մեկ տոննա հանքաքարում պարունակում է մոտ 30  թորիում, մոտ 20 գրամ ուրան (էջ 91): 
       Այսինքն, ոսկու հանքավայր անվանվածի հանքաքարում՝ թորիումը 38, իսկ ուրանը՝ 25 անգամ  գերազանցում են ոսկու պարունակությանը (մեկ տոննա հանքաքարում ոսկու միջին պարունակությունը 0,78 գրամ է):
 
         3. «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի 222,9 տոննա դատարկ ապարների քիմիական բաղադրության ուսումնասիրության արդյունքում որոշվել է ավելի քան 50 քիմիական տարրերի քանակական բաղադրությունը: 86,9 մլն տոննա ներքին հրաբխային ապարներում՝  մեկ տոննա հանքաքարում առկա է 0,05-3,8 գրամ ուրան,  0,1- 25,6 գրամ թորիում, 0,5 գրամ թալիում (Lidian 2017, ESIA 2015, Appendix 4.6.2.):
 
4. Ամուլսարում ուրանի առկայության վերաբերյալ տեղեկություն է հայտնում նաև երկրաբան Պ. Ալոյանը՝ «Հայաստանի ռադիոակտիվ հումքային պաշարների պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածում: Այդտեղ նա գրում է, որ Վայոց ձորյան ուրանային հանքերևակումներում ամենահեռանկարայինը հանդիսանում են Վայքյան և Ամուլսարյան հանքերևակումները: Ամուլսարյան ուրանի երևակումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք և Ամուլսարի կատարից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տեղանքում ստորգետնյա փորվածքների և հորատային ճեղքվածքներով պարագծվել է 15 տեղամաս՝ ուրանային երկրորդական հանքայնացմամբ (օտենիտ, տորբենիտ, մետատօրբենիտ): Հանքայնացումը հայտնաբերվել է մինչև 50-60 մ խորությունը: Կանխատեսվում է, որ 100 մ խորությունում այն կմարի: 5 ամենանշանակալի տարածքներում ուրանի պարունակությունը տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 տոկոսը, 0,025-0,03 տոկոս միջին պարունակությամբ: Ամուլսարյան 5 տեղամասում հաշվարկված է  մոտավորապես 70 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիումային տեղամասի ուրանը, ապա նրա ընդհանուր պաշարները կարելի է գնահատել 100 տոննա: Վայքյան երևակումներում ուրանի պաշարը կանխատեսվում է 20-30 հազար տոննա, իսկ Վայքի ուրանային հանքաքարի արդյունաբերական յուրացումը կապված է նախ այդ հանքաքարում ոսկու պարունակության հետ (Г.П. Алоян, Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения, Горный журнал, 2007, N 635): 
Ինչպես տեսնում ենք, պրոֆեսոր Պ. Ալոյանի տվյալներով, մեկ տոննա հանքաքարում պարունակում է 250-300 գրամ, իսկ առանձին դեպքերում՝ 5 կգ ուրան: Վերջին նմուշներում ուրանի պարունակությունը  6410 անգամ գերազանցում է ոսկուն: Այս տվյալներն նույնպես ՇՄԱԳ-ում չէն ներկայացվել:
 
      5. Երկրաբան Շահեն Խաչատրյանը գրում է, որ Պ. Ալոյանի և Հ. Ալոյանի ուսումնասիրությունները կարևոր են նրանով, որ նրանք ուրանի և թորիումի հանքայնացումը հայտնաբերել են նաև Ամուլսարի երկրորդային քվարցիտներում, որտեղ դրանք  ոսկու և արծաթի հետ առաջացնում են ոսկի-արծաթ-ուրան-թորիումային ասոցիացիա և պատկանում են հանքավայրերի էպիթերմալ ջրաջերմային (հիդրոթերմալային) ծագումաբանական տիպին, ինչպիսին համարվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը (Алоян П.Г., Алоян Г. П., Ресурсный потенциал рудного сырья Армении. Ереван, Геоид, 2008, 604с.): Ստացվում է, որ Ամուլսարի քվարցիտները ոչ միայն ոսկեբեր են այլև ուրան և թորիում են պարունակում: 
Ամուլսարի երևակման լեռնային փորվածքներից վերցված ակոսային և կետային նմուշներում քիմիական անալիզների տվյալներով թորիումի պարունակությունը տատանվում է 0.001 - 0.082 % իսկ ուրանինը՝ 0.001 - 0.068 % սահմաններում: Եզակի նմուշներում ուրանի պարունակությունը որոշվել է 0,5 % (Саруханян Э.Л. Сводный очет Амулсарской поисково-разведочной партии по работам за 1952-54 гг. Ереван, 1955 г., 118 с. ՀՀ «երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ, ինվ. համար՝ 011118) ... Պ.Ալոյանն ու Հ.Ալոյանը երկրորդային քվարցիտներում ուրանի և թորիումի միներալներ հայտնաբերել են Ամուլսարի երկրորդային քվարցիտների տարածման շրջանում 2006 - 2008 թ. «Գեոթիմ» ՍՊ Ընկերության կողմից (հետագայում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում հանքաքարի նմուշների միներալաբանական հետազոտությոնների շնորհիվ, որոնց մասին «Գեոթիմ» ընկերության երկրաբանական հաշվետվություններում և «Լիդիան Արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում որևէ խոսք չկա: Այնինչ ընկերությունը պարտավոր էր անդրադառնալ նախկինում կատարված բոլոր հետազոտություններին. կատարեր վերլուծություն և ապա ներկայացներ իր հետազոտությունների արդյունքները (https://hetq.am/hy/article/108228?fbclid=IwAR0a4uadXn9TEYntFkLvDhijmECyBg8HkcXkdBNcKBHVHE6MVcGOG-oPtUo): 
 
6. Երկրաբան-տնտեսագետ Հ. Ավագյանը, հիմք ընդունելով Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների անալիզները, 25,5 մլն տոննա հանքաքարում հաշվարկել է մոտ 195 տոննա ուրան (Հ. Ավագյան, Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների  զարգացման ուղիներն ու հեռանկարները, Երևան, 2011 թ., էջ 257-260): 
 
7. Ամուլսարի Ծրագրի տարածքում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին է վկայում ՀՀ կառավարությանն առընթեր  միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանի նամակը՝ ուղղված «Գեոթիմ»՝ նույն «Լիդիան Արմենիա»  ՓԲԸ տնօրեն Հ. Ալոյանին (2012.02.17, N11-Մ-7): Որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով հանքաքարում առկա բնական ռադիոակտիվ իզոտոպներով շրջակա միջավայրի աղտոտման հնարավորությունը, «Գեոթիմ» ՓԲԸ-ն պետք է կազմակերպի հանքավայրին հարակից տարածքի ճառագայթային մոնիթորինգ՝ համաձայնեցնելով կոմիտեի հետ մոնիթորինգի ծրագիրն ու ծավալը: Մոնիթորինգի տվյալները «Գեոթիմ» ՓԲԸ-ն պետք է եռամսյակը մեկ ներկայացնի կոմիտե»:
Ընկերությունը իրեն բնորոշ եղանակով է «լուծում» այս հարցը՝ ՇՄԱԳ-ում գրելով. «Ռադիոլոգիական գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ շրջակա համայնքների վրա ճառագայթային տեսանկյունից Ծրագրի գործողություններից ոչ մի պոտենցիալ ազդեցություն չի ակնկալվում...  Ռադոնի նվազեցման միջոցները սովորաբար ներառում են գազի անթափանց մեմբրաններ, որոնք կանխելու են ռադոնի ներթափանցումը շենքեր: Պաշտպանության միջոցները վերահսկելու նպատակով նկուղներում, առաջին հարկերի փակ տարածքներում իրականացվելու է ռադոնի մոնիտորինգ: Վերոհիշյալ պաշտպանական միջոցների ճիշտ տեղադրման դեպքում համարվում է, որ ծրագրի աշխատողներին սպառնացող ռադոնի ռիսկն աննշան է և հնարավոր է հասցնել չեզոքի» (ՇՄԱԳ, էջ 740): 
Սա շատ նման է Ամուլսարի մոտակայքում գտնվող ջրամբարների անվտանգության «ապահովմանը», երբ «Լիդիան Արմենիա»  ընկերությունը գրում է. «Կեչուտի և Սպանդարյան ջրամբարները հավանաբար դիմացկուն կլինեն Ծրագրի տարածքում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ: Դրանք ունեն ազգային նշանակություն» (էջ 547): Ընկերությունը առանց հիմնավորման ասում է այն, ինչ ցանկանում է, առանց ուշադրություն դարձնելու ասածի տրամաբանությանն ու բովանդակությանը, քանի որ նախկին և ներկա իշխանավորները եղել են ու կան իր կամակատարները:
 
Վերը բերվածից պարզ է դառնում, որ տասնամյակներ շարունակ, բազում մասնագետներ, պետական հատուկ պատվերով, ուսումնասիրել են տարածաշրջանը և արդյունքում ցույց են տվել Ամուլսարի հանքաքարում և հարակից ապարներում ռադիոակտիվ նյութերի՝ ուրանի, թորիումի, ռադոնի բարձր պարունակություններ: Այդ ուսումնասիրություններին մասնակցել են նաև հանքավայրի շահագործմամբ շահագրգիռ մասնագետներ, որոնք հետագայում «Լիդիան Արմենիա» ընկերությունում առանցքային պաշտոն զբաղեցնելով՝ ՇՄԱԳ-ում մասնակիորեն են ներկայացրել ռադիոակտիվ նյութերի առկայությունը, հիմնականում կոծկելով դրանք: Ընկերության իրականացրած քարոզչությունից հասկացվում է, որ նա  ժխտմ է նաև հենց իր գրածը՝ տարածելով, որ հանքանյութում ռադիոակտիվ նյութեր չկան: Հավանաբար նկատի ունենալով այն, որ շատ քչերմ են ՇՄԱԳ ուսումնասիրողները, իսկ լրատվամիջոցների ունկընդիրները՝ հազարավոր են ու միլիոնավոր, ինչպես նաև ուրանին, թորիումին վերաբերող նյութերը հույժ գաղտնի են պահվել և իրական պատկերը միայն իրենց է հասու եղել: 
Բարեբախտաբար որոշ անհրաժեշտ նյութեր արդեն գաղտնազերծվել են և իրական պատկերը ընդհանրացել է: Այժմ մնում է, Հայաստանը դուրս բերել «Լիդիան Արմենիա» ընկերության ճիրաններից, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվեն այդ ընկերության քարոզչի դերակատարումից և պաշտպանեն  սեփական երկրի շահերը:
 
Հակոբ Սանասարյան 
2019-09-24  
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն