Հայաստանի քաղավիացիայի ոլորտում նախատեսվող փոփոխությունները լինելու են հօգուտ սպառողի, քաղաքացիների և տնտեսության. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի քաղավիացիայի ոլորտում նախատեսվող փոփոխությունները լինելու են հօգուտ սպառողի, քաղաքացիների և տնտեսության. Նիկոլ Փաշինյան

  • 17-10-2019 15:43:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Սյունիքում՝ ներքին Գիրաթաղի մոտակայքում գործող կոմբինատի պոչատարի վնասման դեպքին, ինչի պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետ։
 
Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը,  Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հայտնել է, որ այս պահին այնտեղ քննչական գործողություններ են իրականացվում և դեպքի վայրի զննության ու մասնագետների ներկայացրած տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը: 
 
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի շուկա մուտք գործած Ryanair ընկերությանը.  «Կարծում եմ՝ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել»: 
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ  որ Հայաստանից դեպի Եվրոպա Ryanair ընկերությունն այս պահին առաջարկում է 4 ուղղություն, 2–ը` Իտալիա, 2-ը` Գերմանիա։ Ըստ փոխվարչապետի՝ ընկերության գնային քաղաքականությունը միտված է հնարավորինս էժան և մատչելի տոմսեր առաջարկելուն: 
 
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այդ իրադարձության կարևորությունը և նշել. «Շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը լուծելու համար կառավարությունում եղել են շատ բուռն քննարկումներ: Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ այս գործընթացում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց միջազգային օդանավակայանը», շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել այս խնդրի լուծման համար: Եվ, իհարկե, կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել: Սկզբունքային որոշումը հետևյալն է՝ այն ուղղություններով, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի: Շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է բոլոր, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին: Այսինքն՝ սա մի ավիաընկերության հետ կայացված պայմանավորվածություն չէ: Իհարկե, որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն իր հետևից բերելու է շատ լուրջ տեղաշարժեր մեր ավիացիայի շուկայում, և որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ սպառողի, հօգուտ մեր քաղաքացիների և, իհարկե, հօգուտ մեր տնտեսության, որովհետև տուրիզմը մինչև այս էլ դինամիկ զարգացող տնտեսության ճյուղ էր, և սրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու: 
 
Շատ կարևոր է, որ մենք մեր ռազմավարական պատկերացումների կապակցությամբ լինենք հետևողական և երբեմն, ինչպես հետո ժամանակն է ցույց տալիս, անիմաստ աղմուկ-աղաղակներին չհետևենք և հետևողական գնանք մեր ռազմավարական որոշումների հետևից, որովհետև այս փորձը ցույց է տալիս, որ արդյունք լինելու է: Եկեք արձանագրենք, որ ի սկզբանե, երբ  խոսակցություն գնում էր այս մասին՝ շեշտադրումներն այն էր, որ սա չի լինելու, անիմաստ  աղմուկ է, ինչի բյուջեի փողերը ծախսում են, գնում են գործուղումների և այլն: Այնպես որ արձանագրենք՝ հաստատակամությունը որոշումները մինչև վերջ տանելու առումով շատ կարևոր է կառավարման համակարգում»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն