Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի մասին


Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի մասին

  • 17-10-2019 16:58:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի մասին.
 
Վերջին տասը տարիների ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների՝ հիվանդացության և մահացության զգալի նվազում: Հիվանդացության ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` շուրջ 3 անգամ: Միաժամանակ, նախորդ տարիների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հիվանդանոցային ծառայություններն աշխատում են թերբեռնված, հոսպիտալացված հիվանդների 30%-ից ավելին եղել են ոչ-տուբերկուլոզային հիվանդներ, որոնց ներկայությունը տուբերկուլոզային ստացիոնարում վարակի վերահսկման տեսանկյունից սխալ է, իսկ հոսպիտալացված տուբերկուլոզային հիվանդների գերակշիռ մասը` 70%-ից ավելին, ոչ վարակիչ դեպքերն են, որոնց բուժումը, այդ դեպքերի գերակշիռ մասի համար, կարող էր կազմակերպվել արտահիվանդանոցային պայմաններում:
 
Ելնելով վերոգրյալից` միաժամանակ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը, առաջարկվում է ստացիոնար (հիվանդանոցային) տուբերկուլոզային բժշկական օգնությունը կենտրոնացնել Աբովյան քաղաքում տեղակայված Տուբերկուլոզի ազգային կենտրոնում` հիմք ընդունելով կենտրոնում առկա մասնագիտական ներուժը, հագեցվածությունը սարքավորումներով, լաբորատոր հնարավորությունները, ներհիվանդանոցային վարակի պատշաճ հսկողությունը և հանրապետությունում միակ վիրաբուժական և ինտենսիվ բուժման բաժանմունքների առկայությունը:
 
Հայաստանում ս/թ մայիսին ԱՀԿ-ի կողմից իրականացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելության զեկույցում մասնավորապես առաջարկվում է քննարկել Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ծառայությունները մոտակայքում գտնվող այլ ծառայությունների հետ միավորելու տարբերակը: Ընդ որում` առաջարկվում է դիսպանսերի ստացիոնար և լաբորատոր ախտորոշիչ, նաև ռենտգենաբանական ծառայությունները միավորել տարածքային իմաստով ոչ հեռու` Աբովյան քաղաքում տեղակայված Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, իսկ ամբուլատոր ծառայությունները` Երևան քաղաքի պոլիկլինիկաներում` ամրապնդելով վերջիններիս ներուժը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն