Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում


Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

  • 18-10-2019 14:06:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դոնոր-համակարգման հանդիպում, որի նպատակն էր ընդգծել Հայաստանի տնտեսության զարգացման վրա գիտության և ինովացիաների ազդեցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, դեսպանությունների,  միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
 
Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ  կառավարությունը հանձնառու է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն և այդ նպատակով ներդրումային բարենպաստ միջավայր և առաջադեմ ինովացիոն էկոհամակարգ ձևավորելուն: Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի այնպիսի նախապայմաններ ստեղծել, որ Հայաստանը պատրաստ լինի կլանել առաջադեմ գլոբալ գիտելիքը, տնտեսությունն ի վիճակի լինի տեղափոխվել տեխնոլոգիական հաջորդ մակարդակ, ինչի շնորհիվ երկիրը կդառնա բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ արտադրող ու արտահանող երկիր:
 
Դոնոր-համակարգման հանդիպմանը քննարկվել է կառավարության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագիր, որն իրագործվելու է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի հետ փոխգործակցությամբ:   Ծրագրի նպատակն է  խթանել տարածաշրջանում նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը։
 
Նախագծի իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի ռազմավարական զարգացման համար՝ ազգային անվտանգության, գիտության և կրթության ու գյուղատնտեսության ոլորտների առաջխաղացման տեսանկյունից: Կառավարության ու «FAST»-ի  կողմից իրագործվող այս ծրագիրը գտնվում է մշակման փուլում:
 
Հանդիպման նպատակն էր նաև ներգրավել միջազգային հանրությանը նախագծի մրցունակությունն ապահովելու գործում: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն