Կարեն Կարապետյանի պայմանը. ՀՀԿ-ն ափսոսում է


Կարեն Կարապետյանի պայմանը. ՀՀԿ-ն ափսոսում է

  • 22-10-2019 15:47:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Կերազեիր Կարեն Կարապետյանի կառավարության ցուցանիշը կրկնել՝ 10,7 տոկոս տնտեսական ակտիվություն, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հեռակա դիմել ՀՀԿ խոսնակը:
 
Նիկոլ Փաշինյանին քննադատելու շարժառի՞թն է ավելի շատ խոսում, թե՞ ափսոսանքը՝ ժամանակին Կարեն Կարապետյանին չգնահատելու ափսոսանքը, որովհետեւ եթե վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեր Կարեն Կարապետյանին, ապա չէր լինի այն, ինչ եղավ:
 
Թեեւ, իհարկե դա էլ հարաբերական է:
 
Այն ժամանակ թե ՀՀԿ խոսնակը, թե մնացյալ կուսակցականները, խմբակցության պատգամավորները պնդում էին, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Ավելին, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարում էր, որ եթե անգամ Սերժ Սարգսյանը չուզի, ապա նրա չուզելը քիչ է՝ իրենք են ուզում, որ նա գնա վարչապետ:
 
ՀՀԿ մեծամասնությունն այն ժամանակ իհարկե պատկերացում իսկ չուներ, թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, ու ինչի համար: Սարգսյանն այդ հարցում չէր իրազեկի ՀՀԿ-ին, լավ հասկանալով մանր առեւտրին այդ ուժի հակվածությունը: Այդ պարագայում կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը ոչ թե կմնար անփոխարինելի, այլ կփոխարինվեր Կարեն Կարապետյանով: Ներկայում Կարեն Կարապետյանի 10,7 տոկոսը ՀՀԿ-ն կշռում է իշխանության կորստի հետ, ու 10,7-ը դառնում է իսկապես ծանր: Իսկ այն ժամանակ 10,7 տոկոսը կշռում էին անսահմանափակ եւ բացարձակ իշխանության հետ՝ ու ծանր էր կշռում Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը: Որովհետեւ այդ հանգամանքը փոխարինում էր նաեւ իշխանության համար անձնական պատասխանատվությունը՝ ամեն ինչ շարունակելու էր ցմահ մնալ Սերժ Սարգսյանի վրա:
 
Որովհետեւ Կարեն Կարապետյանն այն ժամանակ չէր դիտարկվում յուրային: 2016-ի նոյեմբերին ՀՀԿ անդամ դառնալիս Կարապետյանը հայտարարեց, թե չկար նոր կուսակցություն բացելու ժամանակ:
 
Անկասկած է, որ Կարեն Կարապետյանը որեւէ քաղաքական ապագա չէր կապում ՀՀԿ-ի հետ: Մի շարք պատճառներով: Այդ թվում եւ այն, որ Կարապետյանը 2016 թվականին գործնականում վարչապետի պաշտոնը ստանձնել էր ընդհանուր առմամբ հենց պայմանով եւ ակնկալիքով, որ  իշխանությունը «գնելու» է ՀՀԿ-ից: Դրա վրա էր կառուցված լինելու Կարեն Կարապետյանի, նրա փաստացի գլխավոր հովանավոր միլիարդատեր Սամվել Կարապետյանի, նրա հենարան՝ Հայաստանի ներդրողների ակումբի գործունեությունը:
 
Դրա շնորհիվ էր, որ Կարեն Կարապետյանն ապահովում էր 10,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ այն տնտեսությունում, որի վիճակը դրանից ամիսներ առաջ խորհրդարանի ամբիոնից գնահատել էր «չափազանց ծանր»:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play