Արտակ Քամալյանը մասնակցել է անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրման թեմայով քննարկմանը


Արտակ Քամալյանը մասնակցել է անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրման թեմայով քննարկմանը

  • 22-10-2019 18:46:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը մասնակցել է «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անասնապահության ոլորտի պատասխանատուներ:
 
Հանդիպում-քննարկման հիմնական նպատակն էր լավագույն մասնագետների միջոցով պարզել Հայաստանի Հանրապետությունում անասնապահության ապահովագրության ներդրման հնարավորությունները։
 
Միջոցառման սկզբում Արտակ Քամալյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է, որ գյուղատնտեսական ապահովագրությունը չափազանց կարևոր է Հայաստանի ագրարային ոլորտի զարգացման համար և աշխատաժողովը միտված է հստակեցնել առաջիկա քայլերն այդ գործընթացն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում առկա միջազգային փորձը, քննարկվել գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ապահովագրական համակարգի ներդրման առավելություններն ու խնդիրները, ռիսկերն ու ակնկալվող արդյունքները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play