Փայլանը` թուրք նախարարին.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը».Ermenihaber.am


Փայլանը` թուրք նախարարին.«Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը».Ermenihaber.am

  • 22-10-2019 19:02:33   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում խոսել է Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելության քարոզ պարունակող պաստառներից:
 
Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարությունների ցուցատախտակների վրա պաստառներ են փակցվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից դառնա ընկեր նրանց, ուրեմն, նա էլ է նրանցից մեկը: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:
 
Այս պաստառների հեղինակներն են «Անատոլիայի երիտասարդական միությունը» և «Երիտասարդական ազգային հիմնադրամը»:
 
Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցում է ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչպես են փակցվել այդ պաստառները:
 
Հայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել Սուլեյման Սոյլուին.
 
1. Քոնիայի քաղաքապետարանին պատկանող կանգառներում պաստառներ են փակցվել, որոնք ռասիզմ և ատելության քարոզ են պարունակում: Ինչպե՞ս կպարզաբանեք:
 
2. Մինչև այդ պաստառների փակցնելը դրանք ուսումնասիրվե՞լ են Քոնիայի քաղաքապետարանի կողմից:
 
3. Ձեր նախարարության կողմից հետաքննություն սկսվե՞լ է քաղաքապետարանի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք համաձայնություն են տվել այդ պաստառները փակցնելուն:
 
4. Ձեր նախարարությունը հետաքննություն սկսե՞լ է «Անատոլիայի երիտասարդական միության» և «Երիտասարդական ազգային հիմնադրամի» նկատմամբ, որոնք ատելության քարոզ են իրականացրել:
 
5. Ձեր նախարարությունը քաղաքային իշխանություններում ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում ատելության խոսքն արգելելու համար:
 
6.  Ատելության քարոզի տարածման տեսանկյունից չե՞ք կարծում, որ դուք էլ եք այն մարդկանց թվում, ովքեր իրենց ազդեցությունն ունեն ատելության խոսքի հաճախակի օգտագործման մեջ:
 
Թուրքիայում   «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինն էլ հայտարարել է, որ ռասիզմի պատճառով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու վերոհիշյալ կազմակերպությունների դեմ:
 
Նշենք, որ այդ կազմակերպությունները համարվում են Թուրքիայի իշխող կուսակցության և ազգայնական «Երջանկություն» կուսակցության երիտասարդական թևը: 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը