Արա Բաբլոյանի սենսացիոն խոստովանությունը


Արա Բաբլոյանի սենսացիոն խոստովանությունը

  • 23-10-2019 17:08:06   | Հայաստան  |  Վերլուծություն

Եթե ինձ ինչ որ բանում հնարավոր է մեղադրել, ապա Նիկոլ Փաշինյանին իշխանության գալուն նպաստելու հարցում: Այդ հայտարարությունն արել է Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որը ներկայում որպես կասկածյալ ներգրավված է Հրայր Թովմասյանի գործում: Ըստ այդ գործի, Թովմասյանն օրենքը շրջանցելով «ժամանակից շուտ» դարձել է ՍԴ նախագահ, որ պաշտոնավարի ոչ թե վեց տարի, այլ մինչեւ թոշակի ժամկետ: Գործով կա մեկ կալանավորված՝ Արսեն Բաբայանը, որն այդ ժամանակ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականն էր:
 
Նիկոլ Փաշինյանին իշխանության գալուն նպաստել է իհարկե հանրությունը, եւ այդ իմաստով Արա Բաբլոյանի հայտարարությունն անշուշտ ավելի շատ հռետորական է հնչում, որովհետեւ հանրությունը մայիսի 2-ին ստիպեց, որպեսզի Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանը հայտարարի «ժողովրդի թեկնածուին» վարչապետի պաշտոնում հավանության արժանացնելու որոշման մասին:
 
Միեւնույն ժամանակ, ԱԺ նախկին նախագահի խոսքն անշուշտ պարունակում է քաղաքական տողատակեր, որոնք առնչվում են Հայաստանում տեղի ունեցած վերափոխումների բավական լայն շրջանակի: Եվ այդ շրջանակում Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում «ժամանակից շուտ» հայտնվելը թերեւս դրվագներից մեկն է միայն, ընդ որում ամենեւին ոչ առաջինը:
 
Իսկ առաջինը գուցե հենց ԱԺ նախագահի պաշտոնին Արա Բաբլոյանի առաջադրումն էր, որ արեց Սերժ Սարգսյանը 2017 թվականի խորհրդարանի անաղմուկ ընտրությունից հետո: Բաբլոյանի առաջադրումը բավական անակնկալ էր, հաշվի առնելով այն, որ ՀՀԿ պատգամավորական կորպուսում եղած Բաբլոյանն այդուհանդերձ որեւէ կերպ չէր ուրվագծվել որպես պետության դե ֆակտո երկրորդ պաշտոնի հավակնորդ, լինելով առավելապես ապաքաղաքական ֆիգուր:
 
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի համար 2017-ի խորհրդարանը ոչ թե հենարան, այլ անցումային խորհրդարան էր՝ նախագահական մոդելից խորհրդարանական մոդելի անցման: Արա Բաբլոյանի նշանակումը խորհրդանշական էր, այն էլ հատկապես նրա բժիշկ լինելու հանգամանքով:
 
Այդ իմաստով, Բաբլոյանը գործնականում Սերժ Սարգսյանի «անցումային դեսպանն» էր Հայաստանի ներքին գործընթացներում, որոնք 2018-ի մայիսից ունեցան արմատապես այլ ընթացք: Բայց, Բաբլոյանի «անցումային դեսպանի» կարգավիճակը գործնականում չփոխվեց, ինչի հատկապես վառ վկայությունն էր 2018-ի օգոստոսը:
 
Օգոստոսի 17-ի հայտնի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը չափազանց կոշտ արձագանք հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, որի առիթով ստացվել էր նաեւ այն ժամանակ Լավրովի հայտնի արձագանքը Մոսկվայից: Փաշինյանը հայտարարեց ուղիղ ժողովրդավարության, անցումային արդարադատության մասին: Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի ելույթում փաստացի ակնարկում էր հետհեղափոխական սիրո եւ հանդուրժողության բալանսի խախտման մասին:
 
Այդ ելույթին արձագանքեց հենց Արա Բաբլոյանը, որը նախաձեռնեց ներքաղաքական հանդիպումների շարք, գործնականում ստանձնելով այդ բալանսը վերականգնելու առաքելությունը: Բաբլոյանի խնդիրն էր խոշոր հաշվով բանակցելով հիմնական կողմերի, առաջին հերթին վարչապետի հետ՝ հավաստիացնել, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հավակնություններով Սերժ Սարգսյանի «բալանսում» չէ:
 
Միաժամանակ հատկանշական էր, որ այդ գործընթացի մեկնարկից գործնականում մեկ ամիս անց ԱԺ-ում հայտնի օրենսդրական նախաձեռնությամբ արագացվեց արտահերթ ընտրության գործընթացը:
 
Արա Բաբլոյանը հիշեցնու՞մ է այդ ամենում իր դերակատարումը Նիկոլ Փաշինյանին, թե հերթական անգամ է փորձում ակնարկել սիրո եւ հանդուրժողության ռազմավարական «բալանսի» մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play