Նոր իրավիճակ. Ո՞վ կլինի դեպի Ստեփանակերտ առաջին թռիչքի ուղեւորը


Նոր իրավիճակ. Ո՞վ կլինի դեպի Ստեփանակերտ առաջին թռիչքի ուղեւորը

  • 24-10-2019 13:32:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Ֆրանսիայի Օվերն Ռոն Ալպերի մարզի ղեկավար Լորան Վոկյեի հետ բարեկամության ու գործակցության հռչակագրի ստորագրումից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցն օրակարգում է, եւ Արցախն աշխատում է այդ ուղղությամբ: Նա հիշեցրել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը չի շահագործվում, որովհետեւ Ադրբեջանը սպառնում է թիրախավորել քաղաքացիական օդանավերը, այդպիսով խախտելով մարդու իրավունքի միջազգային նորմերն ու Արցախի հանրության ազատ տեղաշարժվելու իրավունքը:
 
Սակայն, Արցախն ինչպես հաղթահարեց հեռահաղորդակցային, բանկային մեկուսացման ադրբեջանական ջանքը, այդպես էլ կհաղթահարի օդանավակայանի շահագործման հարցում Ադրբեջանի հարուցած արգելքները, նշել է Արցախի արտգործնախարարը:
 
Արցախի օդանավակայանը հիմնովին նորոգված է արդեն գրեթե տասը տարի, սակայն չի շահագործվում Ադրբեջանի սպառնալիքի պատճառով: 2011 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե լինելու է Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթի ուղեւորը, որը պետք է տեղի ունենար մայիսի 9-ին: Սակայն, Սերժ Սարգսյանը չթռավ: Ըստ երեւույթին, Սարգսյանը ոչ թե վախեցավ Ադրբեջանից՝ նրա օդանավին ոչինչ չէր լինի, այլ պարզապես զգուշացավ նոր իրավիճակ ստեղծելուց, որ կարող էր ձեւավորվել առաջին թռիչքով:
 
Սարգսյանը կարող էր թռչել, սակայն, եթե դրան չհաջորդեին կանոնավոր ուղեւորափոխադրումներ, ապա առաջին եւ միակ թռիչքի էֆեկտը ոչ միայն զրո չէր լինի, այլ կլիներ մինուսային:
 
Սերժ Սարգսյանը չուներ Արցախի հարցում իրավիճակի էական փոփոխության գնալու քաղաքական ներուժ, հաշվի առնելով նաեւ Հայաստանի ներսում եւ ընդհուպ իշխող համակարգի ներսում իր ունեցած խնդիրները:
 
Ստեփանակերտի օդանավակայանի հարցն այլ լույսի ներքո արդիականացավ Սիրիայում ռուսական ռազմարշավի մեկնարկից հետո եւ ապրիլյան քառօրյա պատերազմից մի քանի ամիս առաջ՝ 2015-ի նոյեմբերին, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստանում Ռեգնումի մեդիասրահում ասուլիսի ընթացքում հարց էին ուղղել, թե արդյոք Ստեփանակերտը օդանավակայանը կտրամադրի Ռուսաստանին դեպի Սիրիա ռազմական հակաահաբեկչական թռիչքների համար:
 
Որքանո՞վ էր այդ հարցը պայմանավորված պաշտոնական Մոսկվայի հետ, դժվար է ասել, որովհետեւ խոշոր հաշվով Ռուսաստանի համար հազիվ թե Ստեփանակերտի օդանավակայանն ունենար այդպիսի մեծ անհրաժեշտություն, առավել եւս Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հասկանալի հնարավոր խնդիրների ու բարդությունների համատեքստում: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ թեման Մոսկվայում Արցախի նախագահի ասուլիսի առիթով շրջանառության մեջ դրվեց այն ժամանակ, երբ թուրքերը Սիրիայում խոցել էին ռուսական օդանավն, ու ռուս-թուրքական սերտ գործակցությունը այդ պահին վերածվել էր գժտության:
 
Այժմ Սիրիայում այլ փուլ է: Ներկայում մարդասիրական առաքելության ձեւաչափով Սիրիայում պետական ներգրավվածություն ունի նաեւ Հայաստանը, ըստ այդմ ունի աշխարհքաղաքական այդ շրջապտույտում սեփական ձայնը: Եվ ներկայում բոլորովին այլ ներքին ներուժ ունի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, որը ձեռնամուխ է եղել Արցախի հարցում Հայաստանի պետական քաղաքականության նոր տրամաբանության ձեւավորմանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play