Էրդողանին մղում են նոր արկածախնդրության. Հայաստանն ապրում է իր ամենաբարդ ժամանակները


Էրդողանին մղում են նոր արկածախնդրության. Հայաստանն ապրում է իր ամենաբարդ ժամանակները

  • 28-10-2019 11:10:58   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am  զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը
 
Պարոն Գաբրիելյան, անցնող շաբաթ կարևորվեց նրանով, որ Թուրքիան կանգնեցրեց ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, ինչպես նաև ԱՄՆ չեղարկեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները։ Որքանո՞վ երկարաժամկետ կարող է լինել Թուրքիայի այս դադարը։
 
Հակված եմ կարծել, որ Սիրիայի քրդերը կհնազանդվեն և կկատարեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ Թուրքիայի ձեռք բերած պայմանավորվածությունները և հետ կքաշվեն «անվտանգության գոտուց» (սեպից)։ Դա պետք է, որ գոնե այս փուլում լիուլի բավարարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որն այդպիսով միմյանցից հեռացնում է Թուրքիայի ու Սիրիայի քրդերին, փախստականների միջոցով փորձելու է նրանց միջև ձևավորել հուսալի պատնեշ, և նաև թուրքական ռազմական ներկայությունն է ընդլայնում Եփրատից արևելք ընկած հատվածում։ Թուրքիային մի կողմից ձեռնտու չէ, որ թույլ տա առանց ռազմական հարվածներ հասցնելու, Սիրիայի քրդերը նահանջեն «անվտանգության գոտուց», քանի որ այդպիսով նրանք պահպանում են իրենց ռազմական կարողությունները, սակայն մյուս կողմից էլ դա հնարավորություն է տալիս խնայել սեփական կորուստները (Էրդողանի խոսքերով՝ Եփրատից արևելք ընկած հատվածում 1500 կմ2 գրավելու համար իրենք տվել են միայն 7 զոհ)։
 
Էրդողան-Պուտին հանդիպման արդյո՞ւնք է այս գործողությունների դադարը, թե ԱՄՆ-ի քայլերն են հանգեցրել դրան։
 
Կարծում եմ, որ երկուսն էլ, բայց պետք է նշել, որ այս հարցում նախաձեռնությունն ԱՄՆ-ից անցնում է ՌԴ-ին, և դա մեծացնում է ՌԴ-ի, նրա նախագահ Վլադիմիր Պուտինի իմիջը, ՌԴ-ի դերը տարածաշրջանում և ընդհանրապես։ Մենք տեսանք, որ Թուրքիան կարողացավ լեզու գտնել երկու երկրների հետ, որոնք տարբեր աստիճանի ազդեցություն ունեն Սիրիայի քրդերի վրա։ Ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան, «կանաչ լույս» ստանալով թե՛ ԱՄՆ-ից, թե՛ ՌԴ-ից, ռազմական օպերացիա է ձեռնարկում Սիրիայի տարածքում։ Հիշենք 2016թ․ օգոստոսին «Եփրատի վահան» գործողության մեկնարկը։ Կարծում եմ, որ թե՛ «Եփրատի վահան», թե՛ «Խաղաղության ակունք» գործողությունները սկսելու հարցում Թուրքիան տհաճ անակնկալ է մատուցել ԱՄՆ-ին։ Նկատի ունեմ, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ իրազեկված է եղել թուրքական մոտալուտ հարձակողական օպերացիայի մասին, սակայն չի իմացել այդ գործողության մեկնարկի կոնկրետ օրը։ «Խաղաղության ակունքի» պարագայում մենք տեսանք, որ մեծ անախորժություններ ծագեցին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկացի զինծառայողների համար, որոնք նահանջելիս հանդիպել են Բաշար Ասադի բանակային ստորաբաժանումներին կամ ստիպված են եղել ավիահարվածի միջոցով ոչնչացնել սեփական զինապահեստը, որպեսզի այն բաժին չընկնի հակամարտող կողմերին (Սիրիայի քրդերն էլ լոլիկներ ու կարտոֆիլներ էին նետում նրանց վրա՝ չնայած նրան, որ 2014թ․ նրանք ԻՊ-ի սպանդից փրկվել էին բացառապես ԱՄՆ-ի ռազմական աջակցության պայմաններում)։
 
Ի՞նչ ճակատագիր է սպասվում քրդերին։
 
Նորից պետք է փաստեմ, որ եթե 2014թ․ և 2015թ․ կարելի է որակել որպես Սիրիայի քրդերի ձեռքբերումների տարի, ապա Թուրքիան 2016թ-ից անցավ հակահարձակման, և դրանից հետո յուրաքանչյուր տարի դառնում է Սիրիայում Թուրքիայի ձեռքբերումների տարի՝ այդ թվում նաև ռազմական ներկայության աշխարհագրության ընդլայնման տեսքով։ Սա նշանակում է, որ Էրդողանին հաջողվեց հաղթանակի հասնել Սիրիայի քրդերի նկատմամբ՝ նրանց վտարելով Եփրատի արևմտյան հատվածից (թուրքական սահմաններին մոտ ընկած շրջաններից) և նրանց հետ մղելով Թուրքիային սահմանակից, Եփրատի արևելյան հատվածից։ Ավելին, սա Էրդողանի (Թուրքիա) հաղթանակն է նույն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նկատմամբ, ընդ որում՝ հենց այդ երկու երկրների աջակցությամբ, քանի որ հենց նրանք են «կանաչ լույս» վառել Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների առջև։
 
Այստեղ նկատի ունեմ, որ 2015թ․ Սիրիայի քրդերը վերածվել էին տարածաշրջանային որոշակի գործոնի, Թուրքիայի նկատմամբ ազդեցության, ճնշման լծակի, Թուրքիային շանտաժի ենթարկելու գործիքի։ Եվ իմ անձնական կարծիքով՝ միայն 2015թ․ Թուրքիան երեք խոշոր զիջում է արել ԱՄՆ-ին, որպեսզի վերջինս ԻՊ-ի դեմ պայքարում հենվի ոչ թե Սիրիայի քրդերի, այլ՝ Թուրքիայի վրա։ 2015թ. հուլիսի վերջին Թուրքիան «Ինջիրլիքի» ավիաբազան դրեց ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի տրամադրության տակ (թեև երկար ժամանակ համառում էր անել դա՝ ներկայացնելով մի շարք նախապայմաններ), օգոստոսի վերջին միացավ Սիրիայում այդ դաշինքի գործողություններին, նոյեմբերի կեսին չեղարկեց մեծ հեռահարության ԶՀՀ-ների մրցույթի արդյունքները (հաղթել էր չինական CPMIEC ընկերությունը՝ հարուցելով ԱՄՆ-ի դժգոհությունը)։
 
2016թ․ ՌԴ-ից Էրդողանի անհասցե/մասնակի ներողությունը ես առաջին հերթին կապում եմ տվյալ ժամանակ ռուսական կողմի աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի ռազմական հաջողությունների հետ, որոնք արդեն գետանցել էին Եփրատը և այդպիսով հատել էին իրենց համար Թուրքիայի սահմանած «կարմիր գիծը»։ Հունիսի 23-ին Սիրիայի քրդերի կողմից Եփրատից արևմուտք գտնվող Մանբիջ քաղաքի գրավումից 4 օր անց գրանցվեց Էրդողանի ներողությունը Պուտինին, ինչն էլ հնարավոր դարձրեց «Եփրատի վահան» գործողությունը։ Եվ ահա, ներկայում Սիրիայի քրդերը գրեթե դադարում են տարածաշրջանային որոշակի գործոն լինելուց, ինչի միջոցով ԱՄՆ-ն ու ՌԴ-ը կկարողանան լուրջ ճնշումների ենթարկել Էրդողանին և խոշոր զիջումներ ստանալ նրանից։ Հետևաբար, ես սա համարում եմ Էրդողանի հաղթանակը ոչ միայն Սիրիայի քրդերի, այլև՝ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նկատմամբ, և որ այդ հաղթանակը, որքան էլ որ կարող է պարադոքսալ թվալ, նա ձեռք է բերել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի աջակցությամբ։
 
Էրդողանը կարողացավ ԱՄՆ-ին ու ՌԴ-ին հարկադրել, որպեսզի նրանք կշեռքի նժարներից մեկի վրա դնեն Թուրքիան, իսկ մյուսի վրա՝ Սիրիայի քրդերին, և տեսնել, թե որ նժարն է ավելի ծանրակշիռ։ Պատասխանն ավելի քան ակնհայտ է, և ներկայում Սիրիայի քրդերին մեծ հաշվով ոչինչ չի մնում, քան՝ ՌԴ-ի միջնորդությամբ Բաշար Ասադի հետ բանակցելը և իրենց վերահսկած տարածքները նրա վերահսկողության տակ դնելը՝ փոխարենը ստանալով մի շարք արտոնություններ։
 
Պուտին-Էրդողան-Ռոհանի գործարքը, Ձեր կարծիքով, ի՞նչ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար։
 
Քանիցս առիթ ունեցել եմ նշելու, որ Սիրիայում տեղի ունեցողը որակում եմ որպես տարածաշրջանային գերտերություններ ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի հաղթանակը։ Այս երեք երկրները հակված են նրան, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից, և որ արտատարածաշրջանային երկրները (ԱՄՆ) անելիք չունեն այստեղ։ Իր գործողություններով այս եռյակն ապացուցեց, որ իր իսկ հիմնած Աստանայի ձևաչափը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան ավելի վաղ Արևմուտքի ստեղծած Ժնևի ձևաչափը (Սիրիայից ԱՄՆ-ի (ընդհանուր հակառակորդի) հեռանալուց հետո որոշակի ճաքեր կարող են հայտնվել այս երեք երկրների փոխհարաբերություններում՝ վաղեմի տարաձայնություններն օրակարգ բերելով)։ Եվ բնական է, որ սա ոգևորելու է նրանց, և ես մտավախություն ունեմ, որ Սիրիայում իրենց խնդիրները լուծելուց հետո նրանց (հատկապես ՌԴ-ի ու Թուրքիայի) ուշադրությունը կարող է բևեռվել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։
 
Չեմ բացառում, որ ներկա փուլում Հայաստանն ապրում է իր ամենաբարդ ժամանակները՝ կապված ա) Էրդողանի ու Պուտինի ընթացիկ մերձեցման, նրանց կողմից արտաքին քաղաքականության կոշտացման, ագրեսիվացման, բ) այդ ամենին Արևմուտքի ոչ միանշանակ, ոչ համարժեք արձագանքների հետ, որոնք հնարավոր են դարձնում այդ տանդեմի պլանների իրագործումը։ Արևմուտքը շատ է հապաղում, չնայած առկա խոշոր ներուժին՝ չի շտապում կանգնեցնել, ասենք, Էրդողանին և այդպիսով նպաստում և ինչու ոչ՝ նրան մղում է արտաքին քաղաքական նոր արկածախնդրությունների (Էրդողանի արտաքին քաղաքական նոր արկածախնդրությունը միայն ժամանակի հարց է)։
 
Ես վստահ եմ, որ եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Կիպրոսի ջրերում Թուրքիայի ապօրինի գործունեության, ՌԴ-ից S-400 ԶՀՀ-ներ գնելու, ինչու ոչ՝ Սիրիայում ռազմական ներխուժումներ իրականացնելու ֆոնին համատեղ տնտեսական ազդեցիկ պատժամիջոցներ սահմանեին Թուրքիայի նկատմամբ, որն առանց այն էլ ունի տնտեսական լուրջ խնդիրներ, ապա դրա հետևանքներն իրենց մաշկի վրա կզգային Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ, որոնք էլ արդյունքում դուրս կգային փողոցներ և վերջակետ կդնեին Էրդողանի քաղաքական կարիերային։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ