Դանակը հասավ ոսկորին. Հրայր Թովմասյանի որոշումը


Դանակը հասավ ոսկորին. Հրայր Թովմասյանի որոշումը

  • 29-10-2019 10:32:07   | Հայաստան  |  Վերլուծություն

Հատուկ քննչական ծառայությունը Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալու արդեն հայտնի գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին: Այդ գործով, ինչպես հայտնի է, արդեն իսկ կալանավորված է ԱԺ աշխատակազմի նախագահի տեղակալ Արսեն Բաբայանը: Արա Բաբլոյանի առումով ՀՔԾ-ն խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
«Դանակը» աստիճանաբար ավելի է մոտենում «ոսկորին», տվյալ դեպքում Հրայր Թովմասյանին, որի շուրջ օղակն ակնհայտորեն սեղմվում է: Իսկ Թովմասյանը պարբերաբար հավաստիացնում է, որ ինքը պինդ «ոսկոր» է, իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ օրեր առաջ գրել էր եւ զգուշացրել վարչապետ Փաշինյանին, թե Հրայր Թովմասյանը «կմնա կոկորդին»:
 
Կկալանավորվի՞ Արա Բաբլոյանը հաջորդ քայլով, եթե Հրայր Թովմասյանը այս անգամ էլ չհանձնվի: Ակնառու է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թովմասյանի համար հանձնվելն ավելի ու ավելի անարժանապատիվ հեռանկար է խոստանում: Մյուս կողմից, չհաղթելն էլ բավականին հակասական ազդեցություն է ունենալու քաղաքական իշխանության համար:
 
Տեղի ունեցողը տեսարա՞ն է, որով հանրությունը զբաղեցվում է, թե՞ ճակատագրական դիմակայություն, որից կախված է պետության ապագան: Ստացվում է, ապագայի խոչընդոտը Սերժ Սարգսյանը՞ չէր: Իսկ գուցե պետք էր նրանից առաջ մերժել Հրայր Թովմասյանի՞ն, քանի հեղափոխությունը այսպես ասած թարմ էր: Որովհետեւ Սերժ Սարգսյանին մերժելը կարծես թե ավելի արագ եւ դյուրին ստացվեց, քան Հրայր Թովմասյանի հարցը:
 
Թե՞ այդուհանդերձ հեղափոխությունը Հրայր Թովմասյանի վրա փորձում է փոխհատուցել թարմության կորուստը, կամ կորստի հնարավոր ռիսկը: Իսկ գուցե ինչ որ մարդիկ Թովմասյանի վրա են ուղղել հեղափոխության էներգիան՝ այն մսխելու եւ ուժասպառ անելու անվրեպ հաշվարկո՞վ, օգտագործելով ինչ ինչ թե քաղաքական, թե մարդկային-զգայական հանգամանքներ:
 
Հայաստանում շատերն են իհարկե բավական խուսանավում տեսալական բառից, սակայն թույլ տալով փոքր ինչ բառախաղ՝ հեղափոխությունը Հայաստանում կարծես թե հայտնվել է տեսարանի եւ տեսլականի արանքում, կամ՝ «տեսարան, թե տեսլական» դիլեմայի առաջ: Որովհետեւ հանրային միտքը զբաղեցրել են տեսարանները, մինչդեռ պետական ու հանրային կարիքը տեսլականն է:
 
Ասել, թե այն չի մատուցվում, դարձյալ սխալ կլինի: Մատուցվում է, սակայն այդուհանդերձ, մատուցվող տեսլականն ու մատուցվող տեսարանները բացարձակապես համադրելի չեն: Իսկ այդ ընթացքում լրացավ հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն