Դրության տերը հոկտեմբերի 27-ից հետո. նախադեպը վտանգավոր է
30-10-2019 16:01:53 | Հայաստան | Վերլուծություն
Թեժ լրահոսում Հրայր Թովմասյանին մասնակի ստվերել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Դրա պատճառն այն է, որ Նաիրի Հունանյանի հետ արդեն հայտնի հանդիպումից հետո ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ Հունանյանը պատմել է հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման մասին, իր ընտրած այսպես ասած մեթոդին նրա խրախուսման մասին: Արման Բաբաջանյանը նաեւ դիմել է վարչապետ Փաշինյանին՝ Վազգեն Մանուկյանին ՀԽ նախագահի պաշտոնից հեռացնելու համար:
Ինչ ընթացակարգեր են այստեղ նախատեսված, կամ ինչ կանի Փաշինյանը, եւ ընդհանրապես Հայաստանում Հանրային խորհրդի վերաիմաստավորման հարցն անշուշտ այլ հարթության վրա է, ու թերեւս հանրային հեռանկարի իմաստով քննարկման ավելի անհրաժեշտություն ունեցող:
Ինչ վերաբերում է բուն Վազգեն Մանուկյանի հարցին, ապա այստեղ ստեղծվել է տարօրինակ իրավիճակ: Վազգեն Մանուկյանը կոշտ քննադատում է իշխանությանը, վարվող քաղաքականությունը, Մանուկյանը հայտարարել է քաղաքական փոփոխությունների համար Վերնատուն ակումբ ստեղծելու մասին:
Կա՞ այստեղ որեւէ «հակահեղափոխության» կամ «ռեւանշի» սպառնալիք: Թերեւս այնքան, որքան կարող է այդպիսի սպառնալիք պարունակվել Վազգեն Մանուկյանի, կամ նոր իշխանությանը քննադատող որեւէ այլ ազդեցիկ կամ հայտնի սուբյեկտի ֆիզիկական գոյության մեջ ինքնին: Ավելորդ է խոսել անգամ, որ զուտ քննադատությունն ինքնին չի կարող լինել սպառնալիք, եթե չասենք հակառակը՝ այն նույնիսկ կարող է հանրությանը մոբիլիզացնել իշխանության շուրջ այն դեպքում, երբ դրա բացակայությունը կարող էր դառնալ իշխանության քաղաքականությանը հենց հանրության ավելի խիստ կամ մանրակրկիտ հայացքի պատճառ: Ըստ այդմ, խիստ հարաբերական է ասել՝ նախկին համակարգի հետ որեւէ ասոցիացիա ենթադրող քննադատությունը սպառնալի՞ք է իշխանությանը, թե հակառակը:
Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի «հասցեագրմանը»՝ Վազգեն Մանուկյանի անունը տալուն, ապա այստեղ հարցն ընդհանրապես ավելի լայն տիրույթում է, որ գալիս է դեռեւս հոկտեմբերի 27-ից հետո եղած ժամանակահատվածից:
Ոճրագործությանը հաջորդող շաբաթներին կամ ամիսներին Հայաստանն իրականում ղեկավարում էր Նաիրի Հունանյանը, որովհետեւ մի ամբողջ երկիր սպասում էր, թե ում անունն է նա տալու եւ ով է հայտնվելու հանրային եւ իրավական թիրախում:
Անգամ ոճրագործության բացահայտման ամենաազնիվ եւ լավագույն մղումներով հանդերձ, չափազանց վտանգավոր է ստեղծել մի իրավիճակ, երբ կարող է վերադառնալ հենց այդ ժամանակը՝ երբ կամա թե ակամա, դրության տերը կդառնա Նաիրի Հունանյանը, եւ նրա տված որեւէ անուն կարող է դառնալ հանրային կամ պետական կողմնորոշիչ:
Ավելին, Հայաստանի հանրությունն ունի այլ խնդիր, եւ Հայաստանի հասարակական-քաղաքական էլիտայի հավակնորդ սուբյեկտները պետք է գործեն այդ խնդրի նպատակադրումով՝ հանրությանը հանել հոկտեմբերի 27-ի սինդրոմից, հանրությանն օգնեն հաղթահարել «որբության բարդույթը», որը տարբեր քաղաքական նպատակադրումներով ներշնչվել է հանրությանը: