Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում


Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

  • 31-10-2019 13:42:28   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս,Հոկտեմբերի 30-ին  ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։
 
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից տեղեկացնում են,որ միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ ջանքերով։
 
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել միջոցառմանը ներկա կոնգրեսականներին՝ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ․ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին սատարելու համար։
 
Իր ելույթում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության, հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
 
Միջոցառմանը ելույթ ունեցած կոնգրեսականները վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։
 
Կոնգրեսի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը հանդիսավոր կերպով Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին են փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի կրկնօրինակը։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play