Սերժ Սարգսյանի անվտանգության երաշխիքը. զոհաբերությունն անխուսափելի է


Սերժ Սարգսյանի անվտանգության երաշխիքը. զոհաբերությունն անխուսափելի է

  • 31-10-2019 17:13:18   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին խոսել է: Նա ասել է մի քանի առանցքային բան, որոնք այդքան էլ նորություն չեն, սակայն հետաքրքիր է դրանք վերստին հնչեցնելու պահի ընտրությունը եւ շեշտադրումը:
 
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մոտենում է քաղաքացու հետ անկեղծ զրույցի ժամանակը: Նման զրույցի մտադրության մասին ՀՀԿ-ն հայտարարում է արդեն մի քանի ամիս: Մի քանի ամիս է, ինչ Սերժ Սարգսյանը «ուր որ է կխոսի», բայց խոսելու կոնկրետ ժամանակ չի մատնանշվում: Այս անգամ էլ Սերժ Սարգսյանն ասում է, որ ժամանակը մոտենում է: Կոնկրետ ժամանակահատվածի ընդգծման բացակայությունը հուշում է, որ խոսելը Սերժ Սարգսյանի համար եթե անգամ նպատակ է կամ մտադրություն, ապա զուգահեռ այդ պահին առնվազն գործիք է՝ ինչ որ հարց լուծելու համար:
 
Ու՞մ հետ է Սերժ Սարգսյանի այդ հարցը: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանի: Սերժ Սարգսյանը բավականին սառը եւ իրատես գործիչ է, որի համար հաշվարկը եւ իրավիճակի գնահատումը ոչ միայն թույլ կողմ չէ, այլ թերեւս ամենաուժեղ կողմերից մեկն է: Սարգսյանն անկասկած լավ է պատկերացնում, որ խոսելով հազիվ թե հնարավոր լինի լուծել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած խնդիր, կամ սպառնալով, որ կարող է խոսել:
 
Իհարկե հնարավոր է դիտարկել մի հիպոթետիկ տարբերակ, որ Սերժ Սարգսյանը խոսում է եւ ասում, որ իբրեւ թե տեղի է ունեցել նախապես ծրագրված հեղափոխություն: Բայց ամբողջ հարցն այն է, որ դրանից Նիկոլ Փաշինյանը կարող է տուժել, բայց հաստատ չի շահի Սերժ Սարգսյանը: Եվ ավելին, Սերժ Սարգսյանն էլ կարող է հայտնվել լուրջ ռիսկերի ներքո, եթե Նիկոլ Փաշինյանը տուժի:
 
Վերջին հաշվով անհրաժեշտ է հասկանալ քաղաքականության «մեխանիկան», որում ընտրական մեխանիզմի բացակայության պայմաններում հեղափոխություն-իշխանափոխությունները տեղի են ունենում կամ արյունալի բախումով, կամ ի վերջո իրավիճակի բերումով բանակցությամբ եւ պայմանավորվածությամբ, եւ իշխանությունը կրող անձը հեռանում է որոշակի երաշխիքների դիմաց: Ձախողվի Նիկոլ Փաշինյանը, փաստացի ձախողվելու է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Սերժ Սարգսյանի հետիշխանական անվտանգության երաշխիքը:
 
Իսկ առանց դրա Սարգսյանին ուղղված կան բազմաթիվ ու բազմաբնույթ մարտահրավերներ, որ նրան ուղեկցել են նախագահության թերեւս ամենասկզբից, թե ներհամակարգային բնույթի՝ խոսքը նախկին իշխող համակարգի մասին է, թե արտաքին քաղաքական, անվտանգային: Սարգսյանը հեռացել է իշխանությունից, բայց ոչ այդ խնդիրներից եւ դրանց առնչվող հարցերից, որոնց լրջորեն դիմակայում էր նախագահության շրջանում: Եվ այդ հարցադրումներից նրա պաշտպանությունը ներկայում Նիկոլ Փաշինյանի կառավարության արդյունավետությունն է:
 
Սերժ Սարգսյանը հիանալի է պատկերացնում, որ չունի Փաշինյանին հաղթելու հնարավորություն: Միեւնույն ժամանակ, եթե դիտարկվի Նիկոլ Փաշինյանի քաղաքական անկման որեւէ տարբերակ, ապա թեկուզ հիպոթետիկ առումով՝ դրան հասնող որեւէ սուբյեկտի համար լեգիտիմություն եւ հավաստիություն ապահովելու առաջնային միջոց դիտարկվելու է զուգահեռ Սերժ Սարգսյանի զոհաբերությունը:
 
Որքան էլ տարօրինակ հնչի, Սերժ Սարգսյանի խոսքի տողատակում շոշափվում է այդ խնդիրը: Ի՞նչն է եղել կոնկրետ պահի ընտրության շարժառիթը, դժվար է ասել: Հնարավոր է միայն անել ենթադրություն՝ Սերժ Սարգսյանի խոսքի շարժառիթների կամ պատճառների առնչությամբ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն