Սերժ Սարգսյանն անկեղծացավ. նա վախենում էր


Սերժ Սարգսյանն անկեղծացավ. նա վախենում էր

  • 01-11-2019 11:38:26   | Հայաստան  |  Վերլուծություն

«Տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը 20 տարի չի վախեցել մարդասպաններից, չի վախեցել բյուջեն թալանողներից, չի վախեցել աստղաբաշխական սեփականություն կուտակած իր մերձավորներից ու հիմա իր համար ինչ-որ բանաձև է ձևակերպել՝ «անպատասխանատու պոպուլիստներ», Lragir.am-ին ասում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած գնահատականներին:
 
Պատգամավորը թերեւս սխալվում է, ասելով, որ Սերժ Սարգսյանը չէր վախենում իր թվարկած շերտերից: Սերժ Սարգսյանը վախենում էր, ու հենց դրա համար էլ գնաց վա բանկ՝ փաստացի երրորդ ժամկետի, լավ պատկերացնելով, որ դրան դեմ է ոչ միայն հանրությունը, այլ նաեւ իշխող գրեթե ամբողջ համակարգը, իր տարբեր թեւերով, որոնք բաղկացած էին այդ թվում հենց այն շրջանակներից, որոնք թվարկում է Հայկ Գեւորգյանը:
 
Պարզապես, այդ շրջանակների մտքով իսկ չէր անցնում, որ Հայաստանում հնարավոր է ժողովրդական հեղափոխություն, երբ դրության տերը կդառնա ոչ թե համակարգի, այլ «ժողովրդի թեկնածու» նոր վարչապետը:
 
Սերժ Սարգսյանը վախենում էր, այլապես նրան ոչինչ չէր խանգարի գնալ ռեֆորմների, փոփոխությունների, հատկապես որ իր նախագահության տասնամյա շրջանում արեց մի քանի կարկամ փորձ: Նրան խանգարում էր վախը համակարգից՝ իր հանրային գրեթե զրոյական լեգիտիմության պայմաններում:
 
Այն, ինչ ներկայում տեղեկատվա-քարոզչական գրոհի տեսքով կատարվում է գործող իշխանության հանդեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, գործնականում տեղի էր ունենալու Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ վերափոխման, փոփոխության որեւէ փորձի պարագայում: Գուցե լրատվամիջոցների անվանական այլ հարաբերակցությամբ կամ վիճակագրությամբ, սակայն տեղի էր ունենալու, ինչպես օրինակ տեղի էր ունենում նրա նշանակած վարչապետ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, որը փորձեց ծավալել ռեֆորմիստական «դիսկուրս», ի վերջո ոչիշխանական բեuեռի ճնշման ներքո տեղը զիջելով «ավանդական» Հովիկ Աբրահամյանին:
 
Այն, որ Սերժ Սարգսյանը վախենում էր, դա իհարկե ամենեւին չի նշանակում, թե նա թեւերով հրեշտակ էր հրեշների համակարգում, եւ վախենում էր որեւէ բան փոխել, քանի որ հրեշները կապստամբեին: Նա իհարկե ուներ այդ համակարգի մոտ երեք տասնամյակի ձեւավորման ու գոյության համար պատասխանատվության իր բաժինը: Բայց նրա նախագահության վերջին տասնամյակի վրա «դուրս գրվեց» համակարգի ամբողջ պատասխանատվությունը, Սերժ Սարգսյանին թողնելով մենակ:
 
Եվ այն, որ նա այժմ դիմում է իշխանությանն ու խոսում իր ձերբակալության մասին, շարժառիթային տողատակում պայմանավորված է թերեւս նաեւ նրանով, որ Սարգսյանը նախկին համակարգում այժմ էլ մենակ է եւ իշխանությանը կարծես թե կոչ է անում՝ ձերբակալեք, որ ազատվեմ այդ համակարգից, որովհետեւ իշխանությունը թողնելով ազատվել կարծես թե չստացվեց:
 
Միեւնույն ժամանակ, համակարգն էլ թե իշխանության կարգավիճակում, թե դրանից դուրս թերեւս իր հարցադրումներով իրավացի է յուրովի: Ցանկացած ռեֆորմ, փոփոխություն ունի գին: Եվ Սերժ Սարգսյանին ուղղված հարցը եղել է ու թերեւս մնում է իհարկե այն, թե ինչու՞ իրենք պետք է գին վճարեն, իսկ Սարգսյանը՝ ոչ:
 
Դա Հայաստանում իշխած քրեաօլիգարխիկ համակարգի գլխավոր արատից բխող իրավիճակ է՝ համակարգի բոլոր մասնակիցները միմյանց հանդեպ իրավացի եւ արդարացի են յուրովի, համակարգը ինքնին պետության ու հանրության հանդեպ հանցավոր է ու վտանգավոր:
 
Սերժ Սարգսյանն ունի թերեւս հենց այդ հին համակարգի հետ անկեղծ զրույցի անհրաժեշտություն, ոչ թե քաղաքացիների, ինչի մասին ազդարարում է: Բայց, ըստ երեւույթին այդ զրույցը չի ստացվում, այդ իսկ պատճառով Սարգսյանը անկեղծ զրույցի համար դիմում է քաղաքացիներին, կոնկրետ ժամկետ չնշելով թերեւս այն պատճառով, որ ժամկետը պետք է որոշեն քաղաքացիները:
 
Կունենա՞ն նրանք Սերժ Սարգսյանի հետ անկեղծ զրույցի ցանկություն: Կախված է թերեւս հանգամանքից, թե ինչի՞ մասին է ուզում զրուցել Սերժ Սարգսյանը եւ ինչ ձեւաչափով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն