Փոքր քայլ ազգային բարիքի արդար վերաբաշխման ճանապարհին


Փոքր քայլ ազգային բարիքի արդար վերաբաշխման ճանապարհին

  • 02-11-2019 10:37:52   | Հայաստան  |  Վերլուծություն

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարի 1-ի կենսաթոշակները բարձրանալու են: 40 տարվա ստաժ ունեցող թոշակառուները, որոնք ստանում են 48000 դրամ, կստանան 56000: Մի քանի հազար դրամի տարբերությունը մեծ չէ, բայց դա կվերաբերի մոտ 500 հազար մարդու:
 
Խնդիրը, սակայն, միայն փողը չէ, այլեւ ազգային բարիքների բաշխման սկզբունքը: Երկար տարիներ ազգային բարիքներն օգտագործվել են փոքր խումբ անձանց շահերի պաշտպանության համար, որն իրեն էլիտա էր անվանում: Մեծամասնությանը բաժին էր հասնում այնքան, որ բավարարեր սովամահ չլինելու համար: Ինչ-որ «խելոք» հաշվել է, որ Հայաստանում մեկ ընտանիքին բավարար է ամսական 200 դոլար, եւ մարդկանց եկամուտները հաշվում էին՝ ելնելով այդ «նվազագույնից»:
 
Հիմա, ըստ ամենայնի, բաշխման սկզբունքը փոխվում է: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ թոշակները բարձրանում են, ընդ որում, արվում է բացառապես բյուջետային եկամուտների աճի հաշվին: Այսինքն, ապահովվում է «պետության եկամուտներ-քաղաքացիների եկամուտներ» ուղիղ կապը, այլ ոչ թե անուղղակի՝ օլիգարխիկ «էլիտայի» միջոցով:
 
Բոլոր երկրների քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի, նախեւառաջ արդարություն են ուզում: Եթե Սահմանադրության համաձայն ազգային բարիքները ժողովրդին են պատկանում, այդ դեպքում ինչու են դրանց շահագործումից ժողովրդին միայն կռճոններ հասնում: Ինչպե՞ս հասնել ազգային բարիքի արդարացի վերաբաշխմանը:
 
Որոշ ուժեր առաջարկում են կուլակաթափել ապօրինի հարստացածներին, մյուսներն ասում են, որ պետք է սեփականության ներկայիս դասավորությունն արձանագրել որպես «զրոյական կետ», բայց փոխել խաղի կանոնները: Արդարության ու դրա հաստատման ընկալման հարցում անորոշությունը հանրային հարաբերություններում քաոսի է հանգեցնում: Մարդիկ «ըմբռնումով» են մոտենում նախկին օլիգարխների նկատմամբ քրեական գործերի հարուցմանը եւ մեղմ են վերաբերվում նրանց սխալներին, ովքեր խոսում են օլիգարխների կուլակաթափման մասին: Արդարության գիծն ամորֆ է մնում՝ ճանապարհ բացելով չարաշահումների, ռեւանշիզմի եւ ամենաթողության համար:
 
Հայաստանի կառավարությունը պետք է անկեղծ զրույց սկսի ժողովրդի հետ, թե ինչն է նրան պատկանում Սահմանադրությամբ եւ ինչ մաս պետք է հասնի յուրաքանչյուրին ազգային բարիքներից: Քաղաքացիությունը յուրատեսակ բաժնետոմս է պետական ձեռնարկությունում, եւ ամեն մեկը պետք է իմանա իր երկրում բաժնետոմսի փոխարժեքը: Բոլորը պետք է իմանան, թե որքան է ընդհանուր ազգային բարիքի ծավալը եւ ինչպես է այն բաշխվում:
 
Թոշակների ու նպաստների բարձրացումը փոքր քայլ է արդարության սկզբունքով ազգային բարիքների վերաբաշխման ճանապարհին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play