Շինշիլաբուծությունը լայն տարածում է գտնում Հայաստանում. վերամշակված մորթիները կարտահանվեն միջազգային շուկա


Շինշիլաբուծությունը լայն տարածում է գտնում Հայաստանում. վերամշակված մորթիները կարտահանվեն միջազգային շուկա

  • 04-11-2019 12:47:16   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Երևանում կայացել է Հայաստանում շինշիլաբուծության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցություն» հիմնադրամի և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացը վարել է ՌԴ Շինշիլաների փորձագետների ընկերակցության փորձագետ Վիտալի Մազուրովը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, շինշիլաբուծությամբ զբաղվող սկսնակ և արդեն իսկ կայացած ֆերմերներ, այլ հյուրեր: 
 
Սեմինարի ընթացքում համառոտ ներկայացվել են շինշիլաների բուծման և խնամքի առանձնահատկությունները, հիմնական հիվանդությունների կանխարգելման և բուժման եղանակները, շինշիլաբուծության հիմնախնդիրները, Հայաստանում ոլորտի զարգացման միտումներն ու հեռանկարները:
 
Դասընթացի կազմակերպիչները նշել են, որ շինշիլաբուծությունը Հայաստանում արդեն իսկ իր ուրույն տեղն է գրավել գյուղատնտեսության ոլորտում: Ոլորտի կայուն զարգացման պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը: 
Ռուսաստանից ժամանած փորձագետ Վիտալի Մազուրովն ընդգծել է, որ շինշիլաբուծության վերաբերյալ համացանցում առկա են շատ հակասական տեղեկություններ, և նման դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է այդ ոլորտի վերաբերյալ շահագրգիռ անձանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետ Անուշ Վերանյանը համառոտ անդրադարձել է պետության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությանը և տեղեկացրել, որ շինշիլաբուծության ոլորտում ներգրավված տնտեսվարողներն արդյունավետ գործունեություն ծավալելու և իրենց տնտեսություններն ընդլայնելու համար կարող են օգտվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական օժանդակության ծրագրերից: 
 
Միջոցառման կազմակերպիչները նաև նշել են, որ Հայաստանի շինշիլաբույծների ընկերակցությունը և «Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերությունը համատեղ ուժերով քայլեր են ձեռնարկում մորթու վերամշակման ոլորտը զարգացնելու ուղղությամբ, և այդ իսկ նպատակով Արագածոտնի մարզում հաջողությամբ ներդրվել է շինշիլայի և այլ կենդանիների մորթիների վերամշակման տարածաշրջանում եզակի արտադրական հոսքագիծ:  
 
«Վարդանյան Ֆըր Քամփընի» ընկերության ներկայացուցչները գոհունակությամբ նշել են, որ կազմակերպության արտադրած մորթիները սերտիֆիկացված են, համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անվտանգության ու որակի չափանիշներին և մինչև տարեվերջ նախատեսվում է մորթիների առաջին խմբաքանակն արտահանել միջազգային շուկա։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play