Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարարի հետ

05-11-2019 10:40:18   | Շվեդիա  |  Քաղաքական
Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցը մեկնարկեց Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպումով։
 


Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Զոհրաբ Մնացականյանը և Փիթեր Էրիքսոնն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների վերընթաց զարգացումը կհանգեցնի առավել շոշափելի արդյունքների: Այս առնչությամբ կարևորվեց տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության
դինամիկայի պահպանումը, խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառումը:
 
Որպես ավանդական թիրախային ուղղություններ` առանձնացվեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառում փորձի փոխանակումը, առողջապահության, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաև աղբի վերամշակման  ուղղությամբ համագործակցության խթանումը։ Զոհրաբ Մնացականյանը և Փիթեր Էրիքսոնն ուղենշեցին այլընտրանքային և վերականգնվող էներգիայի արտադրության բնագավառում համագործակցության հեռանկարները: Կարևորվեց Հայաստանի և Շվեդիայի միջև նաև մարզային փոխգործակցության խթանումը:
 
Նախարարներ Մնացականյանը և Էրիքսոնը կարևորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ իրավական նոր հենք հանդիսացող Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
 
Նախարար Մնացականյանը Փիթեր Էրիքսոնին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ վերահաստատելով կառավարության հստակ հանձնառությունն՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ գործընթացում Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց Շվեդիայի կառավարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի հետ Շվեդիայի զարգացման համագործակցության երկկողմ ծրագրի մեկնարկը:
 
Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 574 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար