Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցը վերանորոգվել եւ վերազինվել է 32 նոր համակարգիչներով


Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցը վերանորոգվել եւ վերազինվել է 32 նոր համակարգիչներով

  • 08-11-2019 12:39:31   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցը, հուրախություն կրթական հաստատությունում սովորող սաների, վերազինվել է 32 նոր համակարգիչներով: Աշակերտներն այսուհետ կկարողանան ինֆորմատիկա առարկայի շրջանակներում ստացած գիտելիքները գործանակում կիրառել` հագեցած տեխնիկական սարքավորումներով, դիզայներական հետաքրքիր լուծումներով վերանորոգված 4 դասասենյակներում:
 
Համակարգիչներից բացի, դասասենյակները հագեցված են նաեւ համապատասխան գույքով` սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, անհրաժեշտ այլ պարագաներ: Լուսավոր ու ընդարձակ սենյակներում փոխված են պատուհանները, անցկացվել է ջեռուցման նոր համակարգ: Իսկ միջանցքներում սպասող ծնողներին` հայկական չքնաղ բնաշխարհով, Սուրբ քաղաքի եկեղեցիներով պատկերված նկարները, ծաղիկներն ու հարմարավետ նոր նստարանները` ձանձրանալու առիթ չեն տա: Դպրոցի այս հարկաբաժնի վերանորոգումն ու ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորումն իրականացվել է բարեգործական հիմունքներով` «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
 
Համակարգչային նոր դասասենյակների հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին նաեւ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական անձնակազմը: Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աստղիկ Վիրաբյանի խոսքով` 2019թ.-ի փետրվարին, երբ սկսվեց սանհանգույցների վերանորոգման աշխատանքները, հիմնադրամի տնօրինությունը հանձն առավ ստուգել դպրոցի այդ մասնաշենքի սեյսմակայունությունը, եւ առաջարկեց այն դարձնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների դասասենյակներ:
 
«Փետրվարից սկսվեցին նաեւ դասասենյակների շինարարական աշխատանքները: Ընդհանուր առմամբ դպրոց է բերվել 32 համակարգիչ, որոնք տեղադրվել են 4 ընդարձակ սենյակներում: Մինչ ուսուցման հստակ ծրագիր ունենալը, երեխաներն առայժմ կանցնեն ինֆորմատիկա: Նախկինում ունեինք մեկ-երկու հին համակարգիչ, որոնք, կարելի է ասել, այլեւս չէին ծառայում նպատակին»,-ասաց Վիրաբյանը: 
 
Բարեգործական հիմնադրամի նախագահ Արթուր Ասատրյանը նշեց, որ վերանորոգվելու եւ նոր համակարգիչներ են ունենալու Էջմիածնի եւս 12 դպրոց: Ինֆորմատիկա առարկայի գործնական ուսուցումը զարգացման ծրագրի նախնական, առաջնային փուլն է: 
 
Կազմակերպիչները նպատակ ունեն հետագայում դասավանդման կամ պարզապես փորձի փոխանակման համար դպրոցներ հրավիրել  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հմուտ մասնագետների: «Սուրբ քաղաքն ունենալով հազարամյակների պատմություն, դպրոցներում չունի ուսման համար հարմարավետ պայմաններ: Էջմիածին քաղաքի կրթօջախները ոչ բարվոք վիճակում են: Այս ամենի հետ մեկտեղ, առաջնահերթություն է նաեւ երեխաների զարգացվածության մակարդակի բարձրացումը:
 
«Թումո» կենտրոնի մասնագետների հետ նախնական համաձայնություն  ունենք: Լսարանների բացումից հետո, առաջին մեկ տարին, ուսուցիչների աշխատավարձը կապահովի հիմնադրամը, որից հետո, եթե ԿԳՍՄ նախարարությունը, կամ Արմավիրի մարզպետարանը պատրաստակամ լինեն վճարել, շնորհակալ կլինենք: Իսկ, եթե ոչ` ֆինանսավորումը կշարունակի իրականացնել հիմնադրամը` արժանապատիվ աշխատավարձով` արժանապատիվ աշխատանք մատուցելու ակնկալիքով»,-նշեց հիմնադրամի նախագահը:
 
Ասատրյանը բարեկիրթ չհամարեց ասել, թե որքան գումար է ծախսվել դասասենյակների շինարարության եւ գույքի գնման համար, շեշտելով` «Բարեգործությունը ցուցադրության համար չէ»: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանն ընդգծեց` դպրոցաշինության ոլորտում արվող ցանկացած ներդրում ողջունելի է.
 
«Արված աշխատանքին գնահատանքի խոսք ասելու կարիք չկա: Ինչպես արդեն նշեց պարոն Ասատրյանը, այս գործն արվում է` կիրթ, բանիմաց եւ զարգացած սերունդ ունենալու հեռանկարով: Այն, որ մենք հետագայում կաջակցենք, հստակ է, իսկ թե ինչպես` պարզ կլինի մարզպետի հետ քննարկումներ ունենալուց հետո: Պետք է դեռ հստակեցնենք` ուսման գործընթացի կազմակերպումը, որպեսզի լինի արդյունավետ եւ հասանելի բոլորի համար»:
 
Բուդաղյանը մտահոգություն հայտնեց մարզի մյուս դպրոցների վերաբերյալ` նշելով, որ բազմաթիվ կրթօջախներ այսօր գտնվում են վատթարագույն պայմաններում.
 
«Այս տարի մարզի վեց դպրոցներում հիմնանորոգում պիտի իրականացվի: Դպրոցաշինությունը սկսվել է շատ մեծ թափով զարգանալ: Ունենք դպրոցներ, որոնք ընդգրկված են տարբեր ծրագրերի մեջ: Այս դպրոցը եւս առաջիկայում կընդգրկվի այդօրինակ մի ծրագրում, իսկ, թե երբ, հստակ չեմ կարող ասել»: 
 
«Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն