Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան: Մինչ նա Զոհրաբ Մնացականյանի հետ խոսում էր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը Հայրենական մեծ պատերազմ էր նաեւ հայերի համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Արցախից, որ մեկնի Փարիզ: Նույն օրը Արցախի նախագահ Բակո Սահակյանը Բրյուսելից վերադարձավ Արցախ եւ ճանապարհին՝ Գորիսում, հանդիպեց Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը Փարիզ մեկնելուց առաջ հանդիպեց Լավրովին:
Փաշինյանը մասնակցելու է Փարիզում կայանալիք Խաղաղության կոնֆերանսին՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներին: Դրա արդյունքները վաղուց են վիճարկվում, որի վերջին վկայությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Փաստացի, կոնգրեսականները ճանաչել են, որ հետպատերազմյան Թուրքիան կառուցվել է ավտոխտոն ժողովուրդների արյան ու սեփականության վրա:
Թուրքիայի եւ Ռուսաստանի դաշինքի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վարքի «շնորհիվ» այդ արդյունքները ողբերգական դարձան: Մի քանի օր առաջ Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունն իր կառավարությանն առաջարկել է ճանաչել Արցախի անկախությունը: Լորդ Արա Դարզին էլ Մեծ Բրիտանիայի խորհրդարանին է կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Փաշինյանը Փարիզում կարող է ներկայացնել հայերի պահանջներն Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերաբերյալ:
Սերգեյ Լավրովը նախընտրում է Երեւանում խոսել Երկրորդ համաշխարհայինի մասին: Լավրովին Երեւանում կոչ կանե՞ն վերանայել ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով Մոսկվան ու Թուրքիան մինչեւ Լոզանի պայմանագրի ստորագրումը հասցրել էին կիսել հայկական հողերը: Հայաստանը միայն 29 հազար քառակուսի կիլոմետրը չէ, որը Ռուսաստանը պահպանել է Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո: Հայաստանի օրինական շահերը հասնում են մինչեւ Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն ու Դամասկոս: