Արցախի նոր իշխանությունը


Արցախի նոր իշխանությունը

  • 12-11-2019 09:32:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Ազատ Հայրենիք կուսակցության համագումարի որոշմամբ առաջադրվելով Արցախի նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում աղմկոտ հայտարարություն է արել դավադիրների կամ դավադրության թեմայով:
 
Նա հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը չունի Արցախի հարցում որեւէ դավադիր նպատակ, իսկ դավադիր են նրանք, ովքեր Հայաստանի իշխանությանն են մեղադրում դավադրության համար, կասկածներ հարուցում, փորձում են մոլորեցնել հանրությանը:
 
Արայիկ Հարությունյանը Հայաստանի նոր իշխանության, Հայաստանում կատարված հեղափոխության հանդեպ դիր դիրքորոշումը պարզորոշ դրսեւորել է նախկինում, հենց սկզբից: Այստեղ որեւէ նորություն չկա եւ քաղաքական շարժառիթի տեսանկյունից պարզ է տրամաբանությունը՝ Արցախի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուն ակնկալում է այդ գործում Երեւանի աջակցությունը: Միաժամանակ, հնարավոր է, որ Հարությունյանը արտահայտում է նաեւ այն տրամաբանությունը, որը նրա կարծիքով Արցախում լինելու է հաջողության գրավական, այսինքն վայելելու է Արցախի հանրության մեծամասնության հավանությունն ու համակրանքը: Առավել եւս, որ Հարությունյանն այդ առումով հնարավոր է ունենա խնդիրներ, կապված իր տնտեսական գործունեության հետ, որի վերաբերյալ մի շարք անհարմար հարցեր հնչում են արդեն այսօր եւ թերեւս կաշխուժանան գործընթացի ծավալմանը զուգահեռ:
 
Այդուհանդերձ, նրա հայտարարությունը հետաքրքիր է մեկ այլ տեսանկյունից: Նա փաստորեն ոչ միայն Հայաստանի իշխանությանը դավադրության համար մեղադրանքն է մերժում, այլ հակառակը՝ մարտահրավեր է նետում այդ մեղադրանքը հնչեցնողներին եւ նրանց է գնահատում դավադիրներ կամ դավադրությամբ զբաղվողներ:
 
Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, առանցքային «մարտական դիրքում» է ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որը ստանձնել է Նիկոլ Փաշինյանի ամենակոշտ ընդդիմախոսի դերը, եւ որն ամենաաշխույժն է նրան դավադրության, դավաճանության եւ այլ բաների համար մեղադրելու գործում:
 
Փաստացի ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը ձեռնոց է նետում Վիտալի Բալասանյանին: Եթե իհարկե Բալասանյանը եւս առաջադրվի: Նա հայտնել է այդ մասին իր մտադրությունը, եւ, եթե վերհաստատի նախագահի թեկնածու առաջադրվելը, ապա ընտրական գործընթացի նախագահական հարթությունում նկատելի է դառնում Հարությունյան-Բալասանյան կոշտ դիմակայության հնարավորությունը:
 
Թեեւ, չի բացառվում, որ դիմակայությունը ծավալվի խորհրդարանական հարթության վրա, որովհետեւ նախագահի ընտրությունից բացի լինելու է նաեւ նոր խորհրդարանի ընտրություն: Թեեւ նոր սահմանադրությամբ Արցախում ուժեղ նախագահական համակարգ է, այդուհանդերձ խորհրդարանի պատկերն էլ ամենեւին երկրորդական չէ:
 
Օրերս Արայիկ Հարությունյանին ու նրա կուսակցության խմբակցությանն ընդունել էր Հայաստանի վարչապետը եւ ազդարարել, որ լինելու են հանդիպումներ խորհրդարանի մյուս խմբակցությունների հետ էլ: Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը թերեւս ակնարկել էր, որ Երեւանի համար հետաքրքիր է ոչ միայն այն, թե ով կլինի Արցախի նախագահ, այլ նաեւ խորհրդարանի ուժերի կազմը:
 
Փաշինյանը հայտարարել էր, որ Երեւանը չի միջամտելու Արցախի ընտրությանը: Դա իհարկե լավագույնն է, որ այդ ընտրության համար կարող է անել Հայաստանի իշխանությունը:
 
Միաժամանակ, պետք է բնականաբար երաշխավորել այդ ընտրության ազատությունը՝ ինչը Փաշինյանն արել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում, եւ նաեւ խրախուսել ընտրության քաղաքական բովանդակությունը:
 
Ահա այստեղ Հարությունյան-Բալասանյան ուրվագծվող դիմակայությունը կարող է եւս ունենալ օգտակար նշանակություն, իր վրա վերցնելով այսպես ասած բոլոր հնարավոր ծայրահեղությունները եւ ընտրական գործընթացում տեղ ազատելով քաղաքական իրապես արդիական ու հեռանկարային բովանդակության համար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Նոյյան տապան  -   Վերլուծություն