Տավուշի կլիմայի մարտահրավերները՝ Դիլիջանի միջազգային դպրոցի Էկո-Թոնի ուշադրության կենտրոնում


Տավուշի կլիմայի մարտահրավերները՝ Դիլիջանի միջազգային դպրոցի Էկո-Թոնի ուշադրության կենտրոնում

  • 12-11-2019 12:46:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 8-ին Դիլիջանի միջազգային դպրոցում  ԷկոՔվեստի շրջանակներում տեղի ունեցավ «ԷկոԹոն Տավուշը», որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WICE) հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանի միջազգային դպրոցի հետ համագործակցությամբ: Միջոցառման անցկացմանն աջակցեցին GIZ կազմակերպությունը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կլիմայի փոփոխություն» ծրագիրը։ Մարզի ղեկավարությունը ներկայացնում էր ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: «ԷկոԹոնի» նպատակն էր՝ համախմբել շահագրգիռ կողմերին և համայնքի անդամներին Տավուշի մարզի առջև ծառացած կլիմայի մարտահրավերները համատեղ սահմանելու և դրական ազդեցություն ներգործելու ներուժ ունեցող լուծումները մշակելու համար:
 
«ԷկոԹոնը» բաղկացած էր թեմատիկ քննարկումներից, կլոր սեղաններից, Դիլիջանի միջազգային դպրոցի Կայունության խմբի նախագծերի ներկայացումներից և մենթորների հետ պրակտիկ աշխատանքից: Տեխնիկական քննարկումներում ընդգրկված էին անտառապատում, կլիմայի փոփոխություն, վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում թեմաները: Մասնակիցները քննարկեցին Տավուշի մարզում առկա մարտահրավերները ինչպես նաև այն գործնական, իրատեսական միջոցները, որոնք կօգնեն  մեղմել դրանք: 
 
«Մենք Դիլիջանի միջազգային դպրոցում կարծում ենք, որ կրթությունը մարդկանց, ժողովուրդներին և մշակույթներին համախմբելու ուժ է՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի: Ունենալով 82 երկրներից ուսանողներ մեր տանիքի տակ՝ մենք աշխարհը բերեցինք Տավուշի մեծ համայնքի դռան շեմին: Այժմ ժամանակն է բացել մեր դռները կայուն ապագան կերտելու համար: Ներգրավվածությունը մեր հաջողության բանալին է: Մեր կրթությունը թերի կլիներ առանց դրա»,- ասում է Դիլիջանի միջազգային դպրոցի Կայունության համակարգող Գաուտամ Բաներջին:
 
«Երեխաներն ու պատանիները ամենաքիչն են պատասխանատու կլիմայի փոփոխության համար, սակայն նրանք կրելու են դրա ազդեցության ամենամեծ բեռը: Մենք երիտասարդներին ներգրավեցինք իրենց համայնքի խնդիրները լուծելու գործում: Փոքր լուծումները կարող են մեծ ազդեցություն ունենալ, եթե մենք ներգրավենք մեր հասարակության բոլոր խմբերին, ներառյալ երիտասարդներին և կանանց: Այսօր մենք ունենք 50-ից ավել մասնակից Տավուշի մարզի տարբեր համայնքներից, այստեղ ներկա են մարզպետի խորհրդականը, ՄԱԶԾ-ի, GIZ-ի, Դիլիջանի միջազգային դպրոցի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի շրջակա միջավայրի Հակոբյան կենտրոնի բարձրակարգ մասնագետները, ՀԿ-ների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչները. այսօր մենք միավորվել են ավելի պայծառ ապագայի համար»,- ասում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ հիմնադիր նախագահ Նունե Սաքանյանը:
 
«Հայաստանը կլիմայի փոփոխության առումով խոցելի երկրների շարքում է: Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանը, ինչպես նաև դրանով պայմանավորված պայմաններին հարմարվողականությանն ուղղված քայլերն անհրաժեշտ նախապայման են դարձել երկրի կայուն զարգացման համար: Գործողությունների ընթացքը պետք է համակարգվի ազգային մակարդակով՝ Հարմարվողականության ազգային ծրագրի միջոցով, որը ներառում է բոլոր խոցելի ոլորտները, սակայն համայնքների ակտիվ մասնակցությունն անհրաժեշտ է սահմանված գործողությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար»,- ասում է ՄԱԶԾ Կանաչ կլիմայի հիմնադրամի (UNDP-GCF) Հայաստանում Հարմարվողականության ազգային ծրագրի համակարգող Գոհար Հովհաննիսյանը:
 
Հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցի ներկայացուցիչները Քոլեջի նորաստեղծ Կայուն զարգացման խմբի նախաձեռնությամբ հանդիպեցին ԷկոՔվեստի՝ «ԷկոԹոն Տավուշի» գլխավոր շարժիչ ուժի հետ, որպես Քոլեջի՝ ավելի մեծ համայնքի հետ ներգրավվածության քայլ: ԷկոԹոնի գաղափարը ծագել է այդ հանդիպման ժամանակ քաղաքապետարանի, տեղական ավագ դպրոցի, GIZ կազմակերպության և Դիլիջան համայնքի բազմաթիվ այլ ներկայացուցիչների, ներառյալ՝ տեղական անտառապահի ներկայությամբ: Քննարկվեցին մարզի առջև ծառացած մարտահրավերներն ընդլայնվող ուրբանիզացիայի լույսի ներքո, որը հաճախակիորեն իրականացվում է փխրուն ֆիզիկական միջավայրն անտեսելու գնով և սահմանափակ կոմունալ հարմարությունների հանդեպ աճող պահանջների պայմաններում։ Այսպես ստեղծվեց հանձնառություն՝ միասին աշխատել հանուն քաղաքային համայնքի կայուն զարգացման: «ԷկոԹոն Տավուշն» առաջին քայլն է այդ ջանքերի պլանավորման ուղղությամբ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play