Արարատ Միրզոյանը մերժվել է. իսկ վարչապե՞տը


Արարատ Միրզոյանը մերժվել է. իսկ վարչապե՞տը

  • 13-11-2019 11:37:11   | Հայաստան  |  Վերլուծություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ մերժել է Ազգային Ժողովի նախագահի անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու հնարավորություն ընձեռող օրինագիծը: Օրենքի նախագիծը ներկայացրել է պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, որն ըստ մամուլի հրապարակումների ունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հովանին: Նախագիծը ներկայացվել է խորհրդարանական կառավարման տրամաբանության հիմքով, խորհրդարանական վերահսկողութան համակարգի ամբողջացման նպատակով:
 
Կողմ է քվեարկել պատգամավորների մեծամասնությունը՝ 66 պատգամավոր, 12 դեմ եւ 20 ձեռնպահ, սակայն ստացվում է, որ 88 հոգանոց Իմ քայլը մեծամասնությունը մերժել է օրենքի նախագիծը, քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին է եւ դրա համար անհրաժեշտ էր ոչ թե պարզ մեծամասնություն, այլ ավելին՝ 80 ձայն:
 
Այդպիսով, Արարատ Միրզոյանին ԱԽ նիստերին մասնակցելու հնարավորություն տվող օրինագիծը չի արժանանում կառավարող մեծամասնության անհրաժեշտ ծավալի հավանության: Դա հետաքրքիր իրավիճակ է, քանի որ խոսքը էական քաղաքական նշանակություն ունեցող օրենքի նախագծի մասին է, ու ստացվում է, որ կառավարող մեծամասնության մի մասը մերժում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
 
Առկա է իհարկե մի քանի հարց: Օրինակ, մեծամասնությունը քննարկե՞լ է օրենսդրական նախաձեռնությունը վարչապետ Փաշինյանի հետ, որն ըստ Սահմանադրության ԱԽ նախագահն է: Ինչպիսի՞ն է եղել ԱԺ նախագահին ԱԽ նիստերին մասնակցելու եւ առաջարկներ ներկայացնելու հնարավորություն տվող օրինագծի հանդեպ վարչապետի վերաբերմունքը: Որովհետեւ, եթե այն եղել է բացասական, ապա դա նշանակում է, որ օրինագիծը խորհրդարանում հայտնվել է ի հեճուկս վարչապետի, եւ դրան կողմ քվեարկած 66 պատգամավորը կամա թե ակամա դեմ է քվեարկել վարչապետին: Եթե նրա կարծիքը եղել է դրական, ապա ստացվում է, որ խորհրդարանական մեծամասնության թեկուզ փոքր մասը մերժել է ոչ միայն Արարատ Միրզոյանին, այլ նաեւ վարչապետ Փաշինյանին:
 
Ինչ խոսք, ներկուսակցական ժողովրդավարության տրամաբանության շրջանակում տեղի ունեցողը բնական է, ի վերջո չի գործում մեկ մարդու հրահանգի ամբողջատիրական կամ ավտորիտար ինստիտուտ: Բայց, անգամ այդ պարագայում զուտ քաղաքական դասավորության, հարաբերակցության եւ տրամաբանության տեսանկյունից ուշագրավ է, թե ինչպիսի ներկուսակցական դիրքորոշումներ կան եւ ինչով են դրանք մոտիվացված:
 
Այդ համատեքստում, օրինակ, հետաքրքիր է՝ արդյո՞ք ԱԽ նիստերին ԱԺ նախագահի մասնակցության եւ առաջարկների հնարավորություն տվող օրինագծի փաստացի մերժումը կարող է պայմանավորված լինել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակով եւ դրա հանգուցալուծման, կամ ընդհանրապես այդ գործում մեթոդաբանության առումով կառավարող մեծամասնության շրջանում եղած տարբեր մոտեցումներով:
 
Ինչպես հայտնի է, ԱԺ մեծամասնությամբ ՍԴ դատավոր ընտրված, սակայն ՍԴ աշխատանքը բոյկոտող Վահե Գրիգորյանը դժգոհ է ՍԴ հարցում խորհրդարանի մոտեցումից: Իսկ առկա մոտեցման առաջնորդող է դիտվում Արարատ Միրզոյանը: ԱԽ վերաբերյալ օրինագիծը Իմ քայլում Վահե Գրիգորյանի տեսակետի համակիր պատգամավորների բոյկո՞տն է Միրզոյանի հանդեպ: Իսկ գուցե նաեւ վարչապետ Փաշինյանի՞:
 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն